Եղեգնաձորի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ն գործի է դրել բոլոր լծակները

Եղեգնաձորի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ն գործի է դրել բոլոր լծակները
Սեպտեմբերի 23-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու Վայոց ձորի մարզի 44 համայնքներից 36-ում, այդ թվում՝ մարզկենտրոն Եղեգնաձորում, որտեղ առաջադրվել են գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Սիրեկան Բաբայանը եւ ԲՀԿ տեղական կառույցի պատասխանատու Դավիթ Հարությունյանը: Սիրեկան Բաբայանը պաշտոնավարել է արդեն 12 տարի, նրա նախընտրական շտաբի պետն է ԱԺ նախկին պատգամավոր եւ Վայոց ձորի նախկին մարզպետ Սամվել Սարգսյանը: Իսկ Դավիթ Հարությունյանի նախընտրական շտաբի պետ Էդիկ Բեգլարյանին ստիպել են դիմում գրել եւ մարզպետարանում զբաղեցրած պաշտոնից ազատվել:



Նախընտրական անցուդարձին լավատեղյակները նշում են, որ այդքանով չեն սահմանափակվում ԲՀԿ-ական թեկնածուի նկատմամբ ճնշումները եւ իշխանական թեկնածուի սատարումը: Մարզպետարանում ամեն միջոց ձեռք են առնում, որպեսզի գործող քաղաքապետը վերընտրվի՝ անկախ նրանից, թե ինչ անձնավորություն է, ինչ արժանիքներ ունի, մինչ այդ ինչպես է աշխատել, բնակիչները գոհ են, թե դժգոհ, կարեւորը, որ նա ՀՀԿ-ական թեկնածու է: Մարզպետարան են կանչում որոշակի լծակներ ունեցող մարդկանց եւ հրահանգում, որ ՀՀԿ թեկնածուն պետք է անցնի՝ անկախ արժանիքներից: Իսկ օրերս Եղեգնաձորի ինչ-որ օբյեկտում են հավաքել այդ մարդկանց եւ փոխմարզպետի միջոցով նույն հանձնարարությունը տվել՝ գնացեք եւ ամեն ինչ արեք, որ գործող քաղաքապետը վերընտրվի:



Նույնիսկ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովն է ներգրավվել այս գործընթացին. նա ժամանել է մարզ, հավաքել զինվորականներին եւ հրահանգել, որ իրենց ընտանիքներով ընտրեն Սիրեկան Բաբայանին: Եվ որպեսզի չխաբեն Գենշտաբի պետին, հանձնարարել է՝ հեռախոսով տեսագրեն եւ հետո ներկայացնեն իրենց, որ ապացուցեն, թե ում օգտին են քվեարկել: Եղեգնաձորում բնակվող, սակայն Հայաստանի տարբեր շրջաններում ծառայող զինվորականներին էլ խոստացել են այդ օրերին արձակուրդ տալ եւ ուղարկել Եղեգնաձոր, որպեսզի իրենց ընտանիքներով լծվեն գործող քաղաքապետին ընտրելու «պետականամետ» գործին: Սրանց առաջ էլ են պայման դրել, որ հեռախոսներով տեսագրեն ու ապացուցեն իրենց ու իրենց ընտանիքների «անմեղությունը»:



Փորձեցինք հենց գործող քաղաքապետից ճշտել, թե այս տեղեկությունները որքանով են համապատասխանում իրականությանը: «Այդպիսի բան չկա: Խաչատուրովը 10 տարի առաջ է այստեղ աշխատել, ի՞նչ են բերում-կապում ընտրություններին»,- ասաց Սիրեկան Բաբայանը: Իսկ այն հարցին, թե արդյո՞ք մարզի կրթության վարչության պետը՝ Արփիար Ղազարյանը, կանչել է դպրոցի տնօրեններին եւ հրահանգել, որ աշխատեն ՀՀԿ-ական թեկնածուի օգտին, քաղաքապետ Բաբայանը պատասխանեց. «Ոչ, դա էլ է սուտ, որովհետեւ մենք դպրոցներում հանդիպում ենք եւ քարոզարշավ ենք կազմակերպում, ինչը որ բոլոր շտաբներն են անում, առանձին աշխատանք չի կատարվում»: Ապա պարոն Բաբայանն ինքն իրեն ճշտեց. «Դպրոցներում հանդիպել ենք կոլեկտիվի հետ եւ զրուցել, ոչ թե քարոզարշավ ենք արել»: Հանդիպումներն ընտրությունների հե՞տ էին կապված: «Ոչ միայն, բնականաբար, ընտրական պրոցես է, կարող է ակնարկվել է, բայց նաեւ եղել է ընդհանուր հանդիպում՝ հոգսերի շուրջ»:



Նաեւ խոսում են այն մասին, որ գործող քաղաքապետը լավ մարդ է, կրթված է, սակայն գործ չի անում, քաղաքն ինքնահոսի է մատնված, ընդամենը վերջին շրջանում է սկսել բարենորոգման աշխատանքներ տանել քաղաքում, այն էլ կապում են նախընտրական քարոզարշավի հետ: Իսկ ԲՀԿ-ական թեկնածուի մասին ասում են, որ բարձրագույն կրթություն չունի, բայց որոշակի շրջանակներում՝ տեղացիների մոտ հեղինակություն է վայելում: Մեզ պատմեցին նաեւ, որ բնակիչների տրամադրվածությունն իրարամերժ է՝ կրթված մասսան նախընտրում է գործող քաղաքապետին, իսկ մյուսները, որ մեծամասնություն են կազմում՝ ԲՀԿ թեկնածուին, քանի որ փոփոխություն են ուզում եւ դժգոհ են գործող քաղաքապետից:



Իշխանությունների տառապանքը փորձ ունի, քանի որ խորհրդարանական ընտրություններում Եղեգնաձորում հաղթել է ԲՀԿ-ն: Ընտրությանը մասնակցած մոտ 3 հազար 500 ընտրողից 1800-ը ձայն էր տվել Ծառուկյանի կուսակցությանը, իսկ 1300-ը՝ ՀՀԿ-ին: ՀՀԿ-ում դա բացատրում են նախկին մարզպետի գործոնով. այն ժամանակ ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանն էր, եւ նա իր կուսակցության օգտին էր աշխատում, իսկ հիմա ՀՀԿ-ական Էդգար Ղազարյանն է եւ լծակները կարող է օգտագործել ՀՀԿ-ական թեկնածուի օգտին: Ժողովուրդն էլ այս երկու ուժերի արանքում՝ հեչ:



Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ