Սուրենավանի գյուղապետն ազատ է արձակվել

Սուրենավանի գյուղապետն ազատ է արձակվել
Շաբաթ օրը ազատ է արձակվել Արարատի մարզի Սուրենավան գյուղի նախկին գյուղապետ Կարո Կարապետյանը՝  «Դուշման» մականունով, ով օգոստոսի 4-ից կալանավորված էր: Նշենք, որ մեզ չի հաջողվել պաշտոնական պատասխան ստանալ, թե գյուղապետն ինչ հիմքերով է ազատ արձակվել: Պատճառը հանգստյան օրերն ու ոչ աշխատանքային երկուշաբթին էին: Այնուամենայնիվ, գյուղում մի քանի վարկածներ են շրջանառվում, որ Կարո Կարապետյանին ժամանակավորապես են բաց թողել՝ գյուղապետի աթոռի հանձնում կատարելու նպատակով: Ոմանք ասում են, որ չբացակայելու ստորագրությամբ է ազատ արձակվել, եւ որ նրա կալանավորումը սեպտեմբերի 9-ին գյուղում տեղի ունեցած ընտրություններով էր պայմանավորված: Նշենք, որ այդ օրն այստեղ ԲՀԿ թեկնածու Վարդգես Ղազարյանն է հաղթել, մինչդեռ մարզպետ Էդիկ Բարսեղյանը եւ ՀՀԿ-ն շահագրգիռ էին անցկացնել նախկին գյուղապետ Վաչագան Աղազարյանին, որի դեմ պայքարում է Կարո Կարապետյանը գյուղապետ դարձել:



Հիշեցնենք նաեւ, որ Կարո Կարապետյանն օգոստոսի 3-ից գտնվում էր հետախուզման մեջ, օգոստոսի 4-ին բերման է ենթարկվել եւ կալանավորվել: Գյուղապետի նկատմամբ առաջին քրեական գործը` Հայաստանի քրեական օրենսգրքի 315 հոդվածի 1-ին մասի («Պաշտոնական անփութություն») հատկանիշներով, հարուցվել էր դեռեւս 2011-ի դեկտեմբերի 28-ին: Ապա ավելացվել է եւս մեկ քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերի հատկանիշներով` «Խոշոր չափի յուրացումը կամ վատնումը` պաշտոնական դիրքն օգտագործելով»: Չճշտված տեղեկություններով, մեղադրանքների մի մասը նրա վրայից հանվել է: Ի դեպ, դեռ ուրբաթ օրը մենք տեղեկացրել էինք, որ առաջիկայում Կարապետյանին ազատ են արձակելու:



Հինգշաբթի գյուղի մի խումբ բնակիչներ երեք ժամ շարունակ փակել էին կենտրոնական մայրուղու գյուղի հատվածը, քանի որ ոստիկանության Արարատի բաժնից նախապես հայտնել էին, թե ազատ են արձակելու Կարապետյանին, բայց հետո դրժել էին իրենց խոստումը:



Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ