Նախագահն էլ է այն կարծիքին, որ լավ բան չկա

Նախագահն էլ է այն կարծիքին, որ լավ բան չկա
ՀՀ կառավարության շաբաթօրյա խորհրդակցությունը՝ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ, բուռն քննարկումների առիթ է դարձել: Շատերի կողմից այն ընկալվեց իբրեւ նախագահական ընտրությունների ոչ պաշտոնական մեկնարկ: Սերժ Սարգսյանի անկեղծությանն այս անգամ էլ, քննարկումների հանրագումարում, բոլորը չէ, որ  հավատում են: Քանի որ անթիվ ու անհամար խորհրդակցություններ են եղել, սակայն չկա կոնկրետ արդյունք: Թե ինչ տպավորություն ունեն քաղաքական ուժերի ներկայացուցիչները, պարզեցինք նրանց հետ զրուցելով:



ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ



- Պարոն Բագրատյան, կառավարությունում շաբաթ օրը տեղի ունեցած խորհրդակցությունից ի՞նչ տպավորություն ստացաք, Դուք ե՞ւս համարում եք, որ դա նախընտրական շոու է:



- Իմ կարծիքով, դա շոու չէր: Դրանից պետք է հասկանալ, որ նախագահը հիմքեր է ստեղծում որոշակի փոփոխությունների՝ կլինեն կադրային տեսքով, թե կառուցվածքային: Ես իսկապես կարծում եմ, որ այդպես է, եւ նա դժգոհություններ ուներ: Անշուշտ, այդ խորհրդակցությունն առիթ էր որոշ բաներ հասկացնելու, կառավարությունը մինչեւ օրեր առաջ իրեն գովում էր, մինչդեռ Սերժ Սարգսյանը հասկացնել տվեց, որ չի կիսում այդ գովասանքը:



- Այսինքն՝ Դուք կիսո՞ւմ եք շատերի կարծիքը, որոնք այն ընկալել են որպես վարչապետ Տիգրան Սարգսյանի փոփոխության նախադուռ:



- Ես չէի ուզենա այդպես արտահայտվել, որովհետեւ չեմ ուզում կենտրոնանալ մեկ մարդու վրա, բայց դա մթնոլորտ էր՝ որոշակի փոփոխություններ կառավարությունում անելու:



- Պարոն Բագրատյան, հինգ տարի է՝ կառավարության ղեկավարը նույն անձն է, նո՞ր առաջացավ փոփոխություններ անելու անհրաժեշտությունը, ասում եք՝ շոու չէ. այն, որ այս ժամանակահատվածում է նման հրապարակային խորհրդակցություն հրավիրվում, չե՞ք կարծում, որ այն առավել քան PR քայլ է:



- Դուք լավ կլինի նշեք, որ խոսում եք մի մարդու հետ, որ այդ «փոփոխությունների» մասին մշտապես բարձրաձայնել է եւ ասել, որ ջուր է, ոչինչ չկա: Հիմա, երբ ԱԺ-ում շփվում եմ ՀՀԿ-ականների հետ, իրենք էլ են համոզվում, որ ջուր է, ոչինչ չկա, եւ տնտեսական հաջողություններ գոյություն չունեն: Ինձ դա ասել պետք չէ եւ համոզել պետք չէ, որովհետեւ ես այն մարդն եմ եղել, որ միշտ խոսել եմ դրանց մասին, ինձ էլ միշտ քննադատել են, թե ոչ մի լավ բան չի ուզում տեսնել: Հիմա մենք տեսնում ենք, որ այդ նույն բաներն ասում է ՀՀ նախագահը: Բայց դա չի նշանակում, որ երեկ նա կարծում էր, որ ՀՀ կառավարությունը լավ է աշխատում: Ի՞նչ պատճառով է նա այսօր ասում, այդ հարցին չեմ կարող պատասխանել ճշգրտորեն, բայց, փաստորեն, նա էլ է այն կարծիքին, որ լավ բան չկա: Մտաբերեք նաեւ վարչապետի ասածը. «Սթափեցնող է Ձեր ասածը»: Այդ ինչո՞ւ ես ասում էի՝ չէր սթափվում:



ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆ



Հատկանշական է, որ վարչապետին «քլնգելու» գործին լծված ԲՀԿ-ականներից շատերը երեկ խուսափում էին մեկնաբանություններ տալ՝ թաքնվելով նույն վարչապետի կողմից հռչակված մեռելոցի պատճառաբանության քողի տակ՝ Էլինար Վարդանյան, Լյովա Խաչատրյան եւ այլք:



- Պարոն Ուրիխանյան, գուցե ԲՀԿ-ն էլ «մեղքի» իր բաժինն ուներ այդ խորհրդակցության մեջ, ի վերջո վերջերս Ձեր կուսակիցները կրկին լծվել են վարչապետին քննադատելու գործին: Սա քաղաքական ռեզոնանս կունենա՞, թե՞ ընդամենը նախընտրական շոու էր, ինչպես ոմանք են ընկալել, ի՞նչ տեսակետ ունի ԲՀԿ-ական պատգամավորն այս խորհրդակցության մասին:



- Անձամբ իմ անունից պետք է ասեմ, որովհետեւ կուսակցությունում այս թեմայով դեռեւս քննարկում չենք հասցրել ունենալ: Անշուշտ, կունենանք առաջիկա ժամերին կամ օրերին, բայց անկեղծ ես ուրախ եմ, որ մեզ համար օրակարգային ու մեր կողմից անընդմեջ մատնանշվող խնդիրներն ու հարցերը վերջապես քաղաքական մեծամասնության համար էլ դարձան օրակարգային: Ցանկանում եմ հավատալ, որ այս հանգամանքը, իրադարձությունը առիթ կդառնան իրական եւ ռադիկալ փոփոխությունների համար, որոնք որ ՀՀ-ն կհասցնեն զարգացման նոր, ավելի մեծ թափ ստացած փուլ:



- Այսինքն՝ ԲՀԿ-ն կարողացավ երկրի ղեկավարությանը համոզել, ապացուցել իր՝ վարչապետին քննադատելու իրավացիությունը:



- Դե, դա կոռեկտ չի լինի ես մեկնաբանեմ, թողնում եմ հանրության գնահատականին:



- Շատերն այս նիստից ենթադրել  են, որ կառավարության ղեկավարի պաշտոնի աճուրդը կարելի է ավարտված համարել: Իսկ շատերը վարչապետի աթոռի համար պայքարում հենց Ձեր կուսակցությանն էին մեղադրում:



- Արդեն սկսում է շրջանառվել այդ միտքը, որ ահա, ինչ-որ պայմանավորվածություններ, բանակցություններ… Ես ուզում եմ շատ հստակ ասել. ԲՀԿ-ն համատեղ կառավարման՝ լինի մասնակի թե ամբողջական, կամ առհասարակ պատասխանատվություն կստանձնի, բեռի տակ կմտնի միմիայն այն պարագայում, եթե կարողանա իր սեփական ուրույն կուրսը վարել՝ առանց պարտադրանքների, առանց մեզ ստիպողաբար հրամցվող որոշումների, առավել եւս՝ առանց նախապայմանների: Որեւէ այլ հանգամանք մեզ համար երկրորդական է:



- Ինչ-որ հրապարակային պատասխա՞ն եք տալիս, արդեն նախապայմաննե՞ր են առաջ քաշվել….



- …Ինչո՞ւ չմտանք կոալիցիա, որովհետեւ ունեինք անհամաձայնություններ նաեւ մեզ առաջարկվող ձեւաչափի, առաջարկների եւ այլն, եւ այլն առումով:



- Իսկ չե՞ք կարծում, որ սա ընդամենը ավանդական նախընտրական քայլ է, եւ որեւէ փոփոխություն ակնկալել պետք չէ:



- Ես ասացի՝ ցանկանում եմ հավատալ:



ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ



- Պարոն Սահակյան, ինչո՞ւ հասարակությունը ոչ միանշանակ ընդունեց շաբաթ օրը կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությունը: Ի՞նչ իմաստ ուներ, եթե ոչ նախընտրական, նախագահի դժգոհությունը կառավարության գործունեությունից այդ տոնով, հրապարակային արտահայտել:



- Հինգ տարի է, ինչ միջոցառում լինում է, բոլորն ասում են՝ նախընտրական շոու: Մենք գտնում ենք, որ դա աշխատանքային էր, իհարկե, կարող էին շատ այլ կարծիքներ լինել: Շատ արդյունավետ խորհրդակցություն է եղել, այդ մասին խոսում են նաեւ նախարարները:



- Հակադարձողներն էլ ասում են, որ հինգ տարվա ընթացքում նման խորհրդակցություններն անթիվ են եղել, փոխարենը համակարգային փոփոխությունները նկատելի չեն, ի վերջո, դա էր զգացվում Սերժ Սարգսյանի զայրույթից:



- Դե, չարախոսներն ամեն ինչը սեւ են տեսնում: Մեզ չի նեղացնում էդ փաստը, որ սեւ տեսնողներ էլ կան: Մենք կարծում ենք, որ շատ արդյունավետ խորհրդակցություն էր, եւ առավել լավ, որ հրապարակային էր: Դա աշխատանքային էր, ամեն օր նույն պրոցեսներն են, նույն մոտեցումները, նույն անհանդուրժողականությունը թերությունների նկատմամբ, ավելի ակտիվ աշխատանքի մոտեցում ձեւավորելու խնդիրներ ունենք: Եվ չեմ կարծում, որ էնտեղ սենսացիաներ կան, եւ տարածված քննարկման նյութ պետք է դառնա: Ոլորտ առ ոլորտ նման խորհրդակցություններ եղել են:



- Լավ, իսկ որքանո՞վ էր նպատակահարմար եթերով ցույց տալ, թե ինչպես է Սերժ Սարգսյանը նման տոնով խոսել գերատեսչությունների ղեկավարների հետ: Եթե  նախագահի նախատինքները, քննադատությունները եթերով ցույց չտային, նախարարները նրան չէի՞ն լսի:



- Դա ձեր մամուլի աշխատողներին ասեք, որովհետեւ եթերի տերը մենք չենք: Լրագրողներն են այդպես ցանկացել լուսաբանել:



- Փակ խորհրդակցություն թող արվեր, եթե դա նախընտրական PR քայլ չէր…



- Այսինքն, եթե ինչ-որ պահի ընտրություններ պետք է լինեն, ոչ մի նախարար, վարչապետ պիտի չաշխատե՞ն… Նախընտրականի մասին վաղ է խոսել, որովհետեւ դեռեւս չեն ձեւավորվել հիմնական դերակատարները: Եթե խոսքը գնում է նախագահի գործունեությանը, ապա դրանք այնպիսի ծավալներով են, որ սա պարզապես մի աննշան բան կարող է լինել, եթե վերլուծելու լինենք իր ընդհանուր գործունեությունը: Դա սովորական աշխատանք է, մի դրվագ ենք ցույց տվել հասարակությանը:



- Սովորական աշխատանքն իր արդյունքը չի տվել, եւ որոշել են հեռուստաեթերո՞վ ցույց տալ: Այսինքն՝ պետք է անպայման ցո՞ւյց տալ դա, որ նախարարները լսեն եւ լավ աշխատեն:



- Նախագահն ամեն շաբաթ էլ հանդիպում է նախարարներին առանձին-առանձին, նաեւ որոշակի խորհրդակցություն իրականացնում: Եվ եթե այդքան խոսում ենք նախընտրական նպատակադրումների մասին… Եթե դա իրոք այդպես է, այնքան օրենքի խախտո՞ւմ է կամ էնքան սխալ գործունեություն է, որ էլ ասելու չէր:…Դա նախընտրական չէր, եւ այն անընդհատ նախագահի աշխատանքն է՝ օրուգիշեր: Հիմա նախագահը երբ իր աշխատանքը կատարում է եւ առանձին ոլորտների փորձում է առաջիկայում լուծումներ տալ, ուրեմն դա պիտի չանի, պետությունն էլ պիտի հալվի, ինչ է մրցակիցները չխոսեն: Է, էնքան խոսեն, էնքանից շատ:



- Եթե ամենօրյա աշխատանքն է այդպես, ստացվում է՝ այնքան էլ լավ չի աշխատում, կամ նախարարներն ընդհանրապես չեն լսում նրան: Այնպիսի զայրույթով ու վրդովմունքով էր խոսում նախարարների եւ վարչապետի հետ, որ եթե չորս տարվա ամենօրյա աշխատանքի հետեւանք է, ապա այնքան էլ նորմալ չէ:



- Շատ արդյունավետ խորհրդակցություն է եղել, դրա մասին են վկայում նախարարները, եւ թերությունների նկատմամբ հետեւողականությունն ակնհայտ է: Այսպես պետք է դիտարկել դա: