Երեւի հերոսին կիսանդրի պետք չէ

Երեւի հերոսին կիսանդրի պետք չէ
Անժխտելի է, որ վերջերս մայրաքաղաքի հիմնականում կենտրոնում սկսել են հայտնվել նստարաններ, աղբամաններ, ծաղիկներ եւ քաղաքը գեղեցկացնող էլի բաներ, սակայն այդ ամենն այնքան էլ ոգեւորող չէ, որովհետեւ դրանով էլ կարծես տարբերանշան է դրվում կենտրոնի եւ ծայրամասերի, ինչու չէ՝ նաեւ կենտրոնի եւ ծայրամասի բնակչի միջեւ: Եթե կենտրոնն էլիտար է, պարզ է` էլիտար է նաեւ կենտրոնում բնակվողը: Ու եթե Երեւանը պետք է գեղեցկանա, ուրեմն մինչեւ վերջ պիտի գեղեցկացվի կենտրոնը, հետո միայն հերթը հասնի ծայրամասերին:



Չե՞ք հավատում, հենց հիմա կենտրոնից գնացեք Աջափնյակ, Նոր Նորքի զանգվածներ, քաղաքի մյուս ծայրամասային շրջաններ, կտեսնեք, որ համատարած անտերություն է, թեեւ վարչական շրջաններ կան, որոնք ունեն ուռճացված աշխատակազմեր: Աղբը, փոշին, երեկոյան ժամերին պոլիէթիլենե տոպրակները ծածկում են քաղաքը: Ինչեւէ, մենք սովոր ենք բաներ անել, որ դրսից դրսեցու աչքը ծակի, ներսից` տիրոջ:



Ցավալի է, որ ծայրամասերում նման վերաբերմունք է դրսեւորվում նաեւ Արցախյան ազատամարտում հերոսացած հայորդիների հիշատակի նկատմամբ: Ահավասիկ Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող Գագիկ Ստեփանյանի (Հեթանոս Գագո) կիսանդրու շուրջբոլորը տիրող անմխիթար վիճակը: Գարնան անձրեւների շնորհիվ կիսանդրու տարածքը մի քանի շաբաթ կանաչին է տալիս, ապա սկսում չորանալ, ինչպես վաղուց չորացել են մի քանի եղեւնիներ, ու չորացած խոտի հետ աղբավայր են հիշեցնում: Մարդկանց աչքերը գուցե սովորել են հերոսի այս հուշարձանն այսպես տխուր ու լքված տեսնելուն: Նոր Նորքի թաղապետն էլ դժվար թե այս կողմերով չանցած ու չնկատած լինի: Դա էլ մի կողմ. վարչական շրջանի դպրոցներից մեկը` թիվ 135-ը, կոչվում է Գագիկ Ստեփանյանի անվամբ: Անշուշտ, դպրոցի տնօրենը, շատ ուսուցիչներ նույնպես նկատած կլինեն լքված հուշարձանը:



Պատկերացրեք` ինչ հաճելի կլիներ, եթե դպրոցի տնօրենի հանձնարարությամբ ուսուցիչները հայրենասիրության բացօթյա դասեր կազմակերպեին հերոսի կիսանդրու տարածքում, աշակերտներին ներկայացնեին Արցախյան գոյամարտի պատմությունը, ներկայացնեին ողջ եւ զոհված հերոսներին, ձեռքի հետ էլ հավաքեին կիսանդրու շրջապատի փուշն ու տատասկը եւ փոխարենը ծաղիկներ աճեցնեին, ծառեր տնկեին: Կարծում ենք` դրա համար այնքան էլ միջոցներ անհրաժեշտ չեն, պարզապես նախաձեռնել է պետք, որը չի արել քաղաքապետը, որովհետեւ կենտրոններում կարեւոր գործեր ունի, որը չի արել թաղապետը, որի համար հայրենասիրությունն այս օրերին երեւի թե ծիծաղելի հասկացություն է, եւ վերջապես դպրոցը, որի տնօրինության համար իրական արժեքները ետին պլան են մղված: Իսկ իրական հերոսներին կիսանդրի ու հուշարձան գուցե պետք չէ՞: Համոզված ենք` այդ մասին գիտեն քաղաքապետը, թաղապետը եւ անգամ հերոսի անվան դպրոցի տնօրենը:



Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ