Գյուղապետը մնաց մենակ
Սեպտեմբերի 14-ին մեր հրապարակած «Նաիրի Հունանյանի մորաքրոջ որդին՝ համայնքապետի թեկնածու» վերնագրով հոդվածում ներկայացրել էինք Գեղարքունիքի մարզի Ծակքար համայնքի ընտրությունները: Գրել էինք, որ մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ուզում է համայնքապետ դարձնել Նաիրի Հունանյանի մորաքրոջ որդուն՝ Մարատ Պողոսյանին: Այս գյուղում միանգամից երեք թեկնածու էր առաջադրվել՝ Մ. Պողոսյանը, գործող գյուղապետ Գվիդոն (Գիտուն) Ավետիսյանը եւ վերջինիս հորեղբորորդին՝ Մարտունու հիվանդանոցի բժիշկ Արմեն Ալեքսանյանը: Այսինքն, մարզպետն իր ցանկալի թեկնածուին՝ Պողոսյանին, անցկացնելու համար հորեղբոր որդիներին իրար դեմ էր հանել՝ գործող գյուղապետից ձայներ փախցնելու նպատակով: Մեր հոդվածը տպագրվելուց հետո նախ ստացանք ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի գրությունը, թե ՀՀԿ-ն պաշտպանում է Գվիդոն Ավետիսյանի թեկնածությունը, եւ մեր հոդվածը «պրովոկացիայի» արդյունք է: Իրականում ոչ մի պրովոկացիա էլ չկա՝ պարզապես նորանշանակ մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ինքնահաստատվում է եւ տակից խաղեր է տալիս՝ չենթարկվելով ՀՀԿ որոշմանը: Սակայն քանի որ աղմուկն արդեն իսկ բարձրացվել էր, եւ Հանրապետականը, հավանաբար, սաստել էր մարզպետին, ուստի գործող գյուղապետի երկու մրցակիցները մեր հրապարակումից հետո հանել են իրենց թեկնածությունները՝ մենակ թողնելով ՀՀԿ թեկնածու Գվիդոն Ավետիսյանին: Այս պարագայում դժվար է ասել՝ մեր հոդվածը դրակա՞ն, թե՞ բացասական հետեւանք ունեցավ, քանզի մեր նպատակն անայլընտրանք ընտրությունները չեն, այլ ազատ մրցակցության պայմաններում արդար ընտրությունների անցկացումը:
Կարծիքներ