Օլիգարխներ ու գեներալները

Օլիգարխներ ու գեներալները
Տեւական ժամանակ է՝ չեմ գրել, բայց երկրում տիրող մթնոլորտը եւ սերժական իշխանության, այսպես կոչված, խաղերը մտահոգվելու տեղիք են տալիս: Նախ, աղմուկ հանած Սաֆարովի գործը: Փաստորեն, իշխանությունները գիտեին, բայց ոչինչ չեն ձեռնարկել, ու ես այնպիսի տպավորություն եմ ստանում, որ Հայաստանի իշխանությունները դիտմամբ էին աչք փակել, որպեսզի յոլդաշ Սարգսյանը զորավարի տեսքով հոխորտա, մատ թափ տա, ձեռքը սեղանին խփի, թե` տեսեք, ես լե նախագահ եմ, ես լե մատ թափ տալ գիտեմ, եւ այսպես շարունակ:



Հայաստանում սկսվել է մի նոր գործընթաց` օլիգարխներին եւ գեներալներին խոտանելու գործընթաց: Ահավասիկ Ռուբեն Հայրապետյանը եւ Արշալույս Փայտյանը. Ռուբեն Հայրապետյանը ջանք ու եռանդ չխնայեց Սերժ Սարգսյանին իշխանության բերելու համար: Բայց եկավ մի պահ, որ իշխանություններին այլեւս ուժեղ Ռուբեն Հայրապետյան պետք չէ, եւ հանկարծ մարտիմեկյան բռնությունների ու սպանությունների վրա աչք փակած, ձեռնասուն հեռուստաընկերությունները բարձրաձայնեցին «Հարսնաքարում» տեղի ունեցածի մասին: Ֆրանսիայից մի լրագրող եկավ, այդ թոհուբոհում հարցազրույց արեց (ի դեպ, վստահ եմ` լրագրողին որոշ մարդիկ երաշխավորել են, որ Ռուբեն Հայրապետյանը համաձայնել է խոսել)` լավ իմանալով կամ հստակ հաշվարկ ունենալով, որ Ռուբեն Հայրապետյանը կբռնկվի ու ինչեր ասես` չի ասի: Շարունակությունը մենք տեսանք. հարցազրույցը տպվեց փոքրիկ արձակի տեսքով, հայաստանյան կայքերն իսկույն տեղադրեցին դա, սենսացիա փնտրողներն իսկույն բարձրաձայնեցին` ավելի նեղը գցելով կարծես թե ցայտնոտի մեջ հայտնված Ռուբեն Հայրապետյանին:



Հաջորդը` գեներալ Արշալույս Փայտյան. Արշալույս Փայտյանն առաջին օրը չէ, որ զբաղեցնում է այդ պաշտոնը: ՊՆ-ում դա ամենաեկամտաբեր պաշտոններից մեկն է: Արշալույս Փայտյանը Մարտի 1-ի հրամանատարներից մեկն է նաեւ եւ եթե, ինչպես Սերժ Սարգսյանն ակնարկեց, մատակարար կազմակերպությունից նախապես կամ պարտքով փող էր վերցրել, կարող ենք ենթադրել, որ այդ երեւույթն առաջին անգամ չի տեղի ունենում: Հայրենի պաշտոնյաներն ու գեներալներն առաջին անգամ չէ, որ փողեր են պտտեցրել ու գերշահույթներ ստացել: ՊՆ բարձրագույն հրամանատարությունը եւ ընդհանրապես այդ կառույցը Փայտյանով չէ, որ բիզնես կենտրոնի է վերածվել: Չար լեզուներն ասում են, որ ինչ-որ տեղ վերջում այն հասնում է ամենավերին` իր առյուծի բաժնով:



Ուրեմն ի՞նչ է կատարվում: Ըստ իս` Սերժ Սարգսյանն սկսել է մաքրման գործընթացը: Օլիգարխներին կփոխարինեն ուսյալ ու գեղեցկատես երիտասարդները, իսկ գեներալներին` վառոդի օդ չշնչած նորաթուխ գեներալները:



Անկեղծ ասած` ես էլ ձեր պես հոգուս խորքում բարձրաձայնում եմ, որ էդ դրանց քիչ ա, բայց մյուս կողմից` օլիգարխները մեր օլիգարխներն են, եւ եթե Հայաստանը կարգին իշխանություն ունենա, նրանք ազգին ավելի պիտանի կլինեն, քան անգլիական ժպիտով նորաթուխները: Նույնը, առավել եւս, վերաբերում է գեներալներին: Ռազմադաշտում եղածը շատ լավ գիտի` ինչ ասել է կռվել:



Վստահ եմ, որ խելոք մարդիկ ինձ ոչ օլիգարխների, ոչ էլ գեներալների պաշտպան չեն դիտի, մանավանդ, որ այսօր Հայաստանում, որոշ նորաթուխների ձեռամբ, գիշերային ակումբներ են գործում, որտեղ հայ տղերքի մուտքն արգելվում է: Այնտեղ դռները բաց են օտարերկրացիների եւ հայ աղջիկների համար: Ինչո՞ւ են ուզում կտրել այս մարդկանց քոքը. որովհետեւ որքան էլ թալանչի եւ երբեմն ամենաթող, վերջիններս կարող են յուրաքանչյուր վայրկյան կանգ առնել եւ դադարեցնել սեփական ժողովրդի հարստահարումը: Հայաստանի նորահայտ միլիարդատերերը նման շքեղություն չեն կարող իրենց թույլ տալ: Սերժ Սարգսյանը կարողացավ այդ նույն գործարարների ու գեներալների ձեռամբ փոշիացնել Տեր-Պետրոսյանի ստեղծած ընդդիմությունը` ԱԺ դռները լայն բացելով ՀՀ ամենաընտրակեղծարարի առջեւ: Հերթը հասել է օլիգարխներին եւ գեներալներին: Այս վտանգի մասին ես տարիներ առաջ գրել եմ, բայց նոր ընտրություններ են մոտենում, եւ գուցե ազգիս գեներալների ու օլիգախների վերջին հնարավորությունը լինի: Այնպես որ, տղերք, լավ է, որ ինքնախաբեությամբ չզբաղվեք: Կամ ձեր օրերը կհաշվեն, կամ դուք ձեր ներողությունը խնդրեք ու դարձեք դեպի ժողովուրդը, եւ ամենեւին կարեւոր չէ, որ դրա անունը Լեւոն Տեր-Պետրոսյանի ստեղծած կառույցը լինի, ինչից արդեն ես էլ եմ վախենում, կարեւորը, որ այն ազգային լինի, եւ դուք զգալու ունակություն ունենաք:



ՀԳ - Վերջում` Գիքորի պես. ով սուտ ասի` գետինը մտնի:



 Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ