Մարզպետի ասածը տղամարդուն վայել քայլ չէ

Մարզպետի ասածը տղամարդուն վայել քայլ չէ
Կիրակի՝ սեպտեմբերի 23-ին, Վայոց ձորի Վայք քաղաքում եւս ՏԻՄ ընտրություններ են լինելու: Վայքում քաղաքապետի երեք թեկնածու է առաջադրվել՝ գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Հարություն Սարգսյանը, ԲՀԿ-ի առաջադրած թեկնածու Բաբա Բաբայանը եւ Վայքի նախկին քաղաքապետ Թարո Ավետյանը: Ընդհանուր առմամբ, նախընտրական կրքերը, թեկնածուների խոսքով, Վայքում հանդարտ են: Ընդգծված լարվածություն, նախընտրական կրակոցներ, ծեծկռտուք չկա: Ընտրությունների շուրջ որոշակի աշխուժությունն էլ առաջացավ միայն նորանշանակ մարզպետ Էդգար Ղազարյանի օրերս արած ուշագրավ հորդորից հետո: Հիշեցնենք, որ մարզպետը, Եղեգնաձորում նախընտրական քարոզարշավի շրջանակներում Եղեգնաձորի քաղաքապետի թեկնածու առաջադրված գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Սիրեկան Բաբայանի նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ հորդորելով ընտրողներին, ասել է. «Եթե ձայն տաք ԲՀԿ-ին, Ձեզ մի հատ զիբիլի ավտո է տալու: Ընտրություններից երկու օր առաջ փուչիկներ կկապեն վրան, իրենք էլ մի 30 «ջիպ»-երով կընկնեն ետեւից-կգան, դեմը կկանգնեն, կերգեն-կպարեն, զիբիլի ավտոն կտան ու կգնան»: Գործող մարզպետը քննադատել էր նաեւ նախկին մարզպետ ԲՀԿ-ական Սերգո Բագրատյանի գործունեությունը: Վայքում առաջադրված ԲՀԿ թեկնածու Բաբա Բաբայանին խնդրեցինք ներկայացնել իրավիճակը եւ մեկնաբանել մարզպետի հայտարարությունը:



- Ես կարծում եմ՝ մարզպետի կողմից կոռեկտ չէ նման արտահայտություններ անելը, որովհետեւ սա աշխարհի վերջը չէ, պարզապես ընտրություններ են, ու ժողովուրդն է ընտրություն կատարողը: Ինչպես նաեւ, ես չեմ կարծում, որ ժողովուրդն այդքան դժգոհ է եղել նախկին մարզպետից, որովհետեւ Բագրատյանը շատ գործ է արել իր աշխատած ժամանակահատվածում: Այդպիսի արտահայտություններ անել չի կարելի: Մարզպետն ընդամենը ուզեցել է ինչ-որ բան շահարկել, դրանով ինչ-որ բան է ցանկացել ասել ընտրություններից առաջ: Սա PR է: Իմ կարծիքով՝ տղամարդուն ոչ վայել քայլ: Դա երեւի իր կարծիքն է, բայց ժողովրդի մոտ, ժողովրդի անունից այդպիսի բան ասելը սխալ է՝ կարծում եմ:



- Իսկ ընդհանուր առմամբ ինչպե՞ս է անցնում քարոզարշավը: Խոչընդոտներ, լարվածություն կա՞:



- Շատ լավ, ամեն ինչ կարգին է, հանդիպումներ ենք ունենում ժողովրդի հետ, ամեն ինչ շատ նորմալ, շատ ջերմ մթնոլորտում է անցնում: Ոչ մի լարվածություն Վայքում չկա, Վայքը փոքր քաղաք է, բոլորն իրար ճանաչում են, սիրում են, հարգում են: Այնպես որ, ընտրություններով չի ամեն ինչ ավարտվում:



- Ձեր մրցակցին սատարում է իշխող Հանրապետականը, Ձեր շանսերն ինչպե՞ս եք գնահատում:



- Իմ շանսերը նորմալ եմ գնահատում: Բոլոր հանդիպումները շատ լավ են անցնում: Վերջիվերջո ընտրությունը ժողովրդինն է, ժողովուրդը ոնց կընտրի, ուրեմն դա է ճիշտը: Ասել, որ մեկի շանսերն ավելի մեծ են, քանի որ նա իշխանության թեւ է կազմում, այդպիսի բան չկա, իմ կարծիքով: Այնպես որ, իր շանսերը երբեք էլ այդքան բարձր ու մեծ չեն եղել: Ժողովուրդը կիրակի օրը իր ընտրությունը կանի եւ դրանով կապացուցի, որ ինքն է ամեն ինչի տերը: Ամեն բան կարող է վերեւից որոշվել, բայց բոլոր հեղափոխությունները ներքեւից են կատարվում:



Զրուցեցինք նաեւ գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Հարություն Սարգսյանի հետ:



- Մեր համայնքում որեւիցե խնդիր, լարվածություն չկա եւ չի էլ կարող լինել:



- Դուք Ձեր շանսերն ինչպե՞ս եք գնահատում:



- Իմ շանսերը եթե բարձր չգնահատեի, չէի առաջադրվի (ծիծաղում է):



- Ձեր վստահությունը Հանրապետական կուսակցությունի՞ց է գալիս:



- Դա կապ չունի… Ես Վայքում աշխատում եմ, մարդիկ ինձ ճանաչում են, գիտեն ինձ, իմ աշխատանքը:



- Պարոն Սարգսյան, իսկ Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք մարզպետի ելույթը «զիբիլի մեքենայի» մասով: Դուք է՞լ եք համակարծիք Էդգար Ղազարյանի հետ, որ ԲՀԿ-ին ձայն տվողներին ընդամենը մի «զիբիլի ավտո» է սպասվում:



- Խնդրում եմ այս կարգի հարցերն ուղղեք նրան, ով ասել է: Ես չեմ կարդացել, տեղյակ չեմ: Ես քարոզարշավով եմ զբաղվում եւ ժամանակ չեմ ունենում կարդալ-ծանոթանալ նորություններին: Մարզպետի հայտարարությանը ծանոթ չեմ:



- Մարզպետի հորդորը կարելի՞ է դիտել ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության կոնտեքստում: Այդ հակամարտությունը կարծես թե Վայոց ձոր էլ է հասել:



- Որեւիցե խնդիր չի առաջացել եւ չի էլ առաջանա:



ՀԳ - Մենք զանգահարեցինք նաեւ անկուսակցական, ինքնառաջադրված թեկնածու Թարո Ավետյանին՝ պարզելու երկրորդ անգամ քաղաքապետ դառնալու ցանկության պատճառը: Սակայն նա չցանկացավ որեւէ հարցի պատասխանել: Երկչոտ ձայնով հորդորեց բոլոր հարցերը տալ ընտրություններից հետո եւ անջատեց հեռախոսը:



Լուսանկարում գործող քաղաքապետ Հարություն Սարգսյանն է