Պաշտոններ սատարումի դիմաց

Պաշտոններ սատարումի  դիմաց
«Հրապարակի» տեղեկությունները, թե 2013-ի նախագահական ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մի քանի նախարարական պորտֆելների դիմաց մտադիր է սատարել Սերժ Սարգսյանի թեկնածությունը, կարծես թե կյանքի են կոչվում: Երեկ ԲՀԿ շրջանակներից մենք տեղեկություն ենք ստացել, որ շաբաթ օրը կոնյակի գործարանում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը մինի-հավաք է կազմակերպել, որին մասնակցել է կուսակցության ակտիվը: Ծառուկյանը կուսակիցներին ներկայացրել է նախագահականին ընդառաջ իր պլանները, ասելով, թե առաջիկա օրերին Սերժ Սարգսյանի հետ ինքը բանակցելու է՝  նախագահական ընտրություններում նրա թեկնածությունը սատարելու դիմաց պահանջելով կառավարության 6 գերատեսչությունների ղեկավարների պաշտոնները:



Մեր աղբյուրի փոխանցմամբ, Ծառուկյանի ասածից ԲՀԿ-ականները զարմացել են: «Ինչի մենք մեր թեկնածուով չե՞նք գնալու»,- անմեղ հարց են տվել նրանցից ոմանք, սակայն ԲՀԿ ղեկավարը եզրափակել է առարկությունների ալիքը եւ հայտարարել, որ միայն այս պահանջի կատարման երաշխիքներ ստանալու դեպքում ԲՀԿ-ն կսատարի Սերժ Սարգսյանին:



Որքան էլ տարբեր ԲՀԿ-ականներ խրոխտ ձայնով հայտարարեն, թե նախագահական ընտրությունների հարցը չի քննարկվում, այսօր ոչ միայն ԲՀԿ-ում, այլեւ ողջ քաղաքական դաշտում դա միակ քննարկվող թեման է, պարզապես Ծառուկյանի կուսակցությունում խստիվ արգելք է դրված մամուլի հետ շփումների վրա, եւ կան մի շարք տխուր օրինակներ, թե քանի քանիսը տուժեցին ԲՀԿ գրաքննիչների հետ չհամաձայնեցված խոսք ասելու պատճառով: