Պատրաստվում ենք հարսանիքի

Պատրաստվում ենք հարսանիքի
Եթե Հովիկ Աբրահամյանն իմանար, որ իր մի բացականչությունը կարող էր այսպիսի փոթորիկ առաջացնել կառավարությունում, երեւի ավելի շուտ աներ այդ բացականչությունը կամ ավելի խիստ բառերով, քան «Լավ, մինչեւ ե՞րբ» արտահայտությունն էր: Հավանաբար, արդեն գլխի ընկաք, թե ինչի մասին է խոսքը: Այո, Վերահսկիչ պալատի զեկույցի եւ ԱԺ-ի՝ այդ զեկույցի հանդեպ ցուցաբերած անտարբեր վերաբերմունքի, որ կարելի էր մեկնաբանել միայն հետեւյալ կերպ. «Շունը հաչի, քամին փչի»:



Սա թերեւս առաջին դեպքն էր, որ Վերահսկիչ պալատի զեկույցը վերածվեց ընթերցանության դասի, իսկ պատգամավորներն էլ որոշ չափով ներկա էին ոչ թե Իշխան Զաքարյանին լսելու, այլ Սաֆարովի արտահանձնման հետ կապված մի քանի բերան լավ խոսք ասելու եւ գոնե Սաֆարովի ֆոնին ընդգծվելու մղումով: Թե ինչպես պատահեց, որ հենց Հովիկ Աբրահամյանն ուշադիր լսեց Վերահսկիչի ելույթը, մեզ բոլորովին անհայտ է, բայց փաստ է, որ հենց նա դարձավ «լավ, մինչեւ ե՞րբ» բախտորոշ հոգոցի հեղինակը: Դրանից մի երկու օր անց նախագահը բոլորին հրավիրում է խորհրդակցության ու… էլ չասենք, թե ինչ է լինում:



Նախագահի գորգի վրա նման հանդիպում-խորհրդակցություններ շատ են եղել: Գալուստ Սահակյանը դրանց ասում է «աշխատանքային հանդիպումներ»: Էս անգամ դոզան մի քանի անգամ մեծ էր, բայց, չնայած դրան, Գալուստ Գրիգորիչը դարձյալ իր անփոփոխ կարծիքին է՝ աշխատանքային հանդիպում էր, նախարարներն էլ գոհ էին: Գոհ կլինեին, իհարկե: Ո՞ւմ այդպես «հաճույք պատճառեին», որ գոհ չլիներ: Իսկ թե ինչու էր վարչապետը գլուխը կախել չարաճճի աշակերտի նման ու ցույց էր տալիս, թե զայրացած Ազատիչի ամեն բառը գրի է առնում, մենք չենք մեկնաբանի, այլ պարզապես կընդունենք ի գիտություն, որ հասել ենք մի տեղ, որից այն կողմ միայն ձեռքերն անզոր կախվում են ցած, ու մարդու բերանից շատ հասկանալի մի բացականչություն է թռչում. «Լավ, մինչեւ ե՞րբ»:



Նորմալ երկրում նման բան հաստատ չէր լինի: Նորմալ երկրում վարչապետը ոչ թե գլուխը կկախեր, այլ ուղղակի ճակատային հարց կտար նախագահին՝ հիմա դու ի՞մ ընկերն ես, թե՞ արջի: Եվ ճիշտ կաներ: Հինգ տարի է՝ իրար հետ աշխատում են, ու հիմա՞ է բռնում նախագահի մատ թափ տալը, էն էլ ենթակաների ներկայությա՞մբ, էն էլ այնպես, որ նախարարները «լավ զգան» իրենց, իսկ վարչապետը մնա գլխահա՞կ: Չէ, մենք նորմալ երկիր չենք: Մենք անկեղծ երկիր չենք, մենք դրամատիկական կամ պատանի հանդիսատեսի թատրոն ենք:



Լավ, իսկ ո՞վ է Տիգրան Ուրիխանյանը, որ վարչապետին բան ասի: Վարչապետին ասած՝ նախագահին ասած, ի՞նչ տարբերություն: Ստացվում է, որ Ուրիխանյանը (ԲՀԿ մամլո խոսնակ) վարչապետի մասին (ՀՀԿ գործադիր մարմնի անդամ) ավելի շատ բան գիտի, քան նախագա՞հը (ՀՀԿ նախագահ): Այսինքն՝ այստեղ ճիշտ ժամանակն է Գորիկ Հակոբյանին մի հատ էլ հատուկ հանձնարարություն տալու՝ էս ի՞նչ է կատարվել նախագահի թիկունքում, ու նա ոչինչ չի իմացել:



Գրիգորիչին ի՞նչ կա, կասի՝ աշխատանքային հանդիպում-խորհրդակցություն էր: Իսկ վարչապետի ինֆարկտահար վիճակն էլ երեւի այդ աշխատանքային խոսակցության բնական հետեւանքն էր, այո՞: Չէ, հարգելի Գրիգորիչ, չկպավ: Հայաստանում միշտ է քամին ուրիշ կողմից փչում, բայց այս անգամ ավելի ուրիշ կողմից փչեց: Այնքան ուրիշ կողմից, որ նույնիսկ ԲՀԿ խոսնակ Ուրիխանյանն է ամեն ինչ իր վրա վերցնում, որ հանկարծ չբացահայտվի վարչապետի մասին իր հայտարարությունների, Հովիկ Աբրահամյանի հառաչանքի ու Սերժ Սարգսյանի զայրույթի բուն պատճառը:



ԲՀԿ-ին ծանրակշիռ, օ՛օ՛օ՛, շատ ծանրակշիռ փաստարկ է պետք բացատրելու համար, թե ինչու է հիմա էլ Գագիկ Ծառուկյանը որոշել աջակցել ՀՀԿ-ին՝ լինի դա կոալիցիա մտնելով, թե նախագահականում Սերժ Սարգսյանին սատարելով: Այդպիսի ծանրակշիռ բան կարող է լինել հենց վարչապետի աթոռը, որի հանդեպ ԲՀԿ-ի անթարթ ուշադրության մասին մնացել է, որ մանկապարտեզի երեխաներն իմանան:



Երկու շահառուների (ՀՀԿ-ԲՀԿ) խորհրդակցությունները վարչապետի աթոռի շուրջ վաղուց են սկսվել: Սերժ Սարգսյանի համար ուղեցույց պետք է լինեին ԱԺ ընտրությունների արդյունքները, որոնք, եթե հուսադրող չլինեին, նրան կդրդեին դեռ մայիսին վարչապետի փոփոխություն անել: Բայց երբ ՀՀԿ-ն զավթեց խորհրդարանի կեսից ավելին, անմիջապես հարց առաջացավ՝ ինչո՞ւ կիսվել ԲՀԿ-ի հետ: Այստեղ էր, որ ԲՀԿ-ն ցույց տվեց, որ ինքն ՕԵԿ-ի նման «բարոյական» ուժ չէ եւ չի պատրաստվում սահմանափակվել պատգամավորական 30 մանդատով: Ախորժակի խնդիր է, ինչպես ասում են, ԲՀԿ-ի ներսի եւ նրա թիկունքին կանգնած առանձին անհատների ախորժակի խնդիր:



Գյումրիի քաղաքապետի պաշտոնը քեֆ-ուրախությունով ԲՀԿ-ին զիջելը ցույց տվեց միայն, որ Սերժ Սարգսյանը հասկացել էր արդեն, թե ինչ հետեւանքներ կարող են ունենալ ՀՀԿ-ի ու անձամբ իր համար ԲՀԿ-ին անկյուն քշելու փորձերը: Կոռուպցիայի ու ամենաթողության դեմ պայքար սկսելու ցցուն, բարձրագոչ հայտարարություններն ու դրան հակառակ կիսաքայլերը, ինչպես տեսանք, արդյունք չտվեցին, ու դեռ մի բան էլ վարչապետը, ում անվան հետ էր կապվում այդ «պայքարի» առաջամարտիկի դերը, մեղադրվեց հենց կոռուպցիայի մեջ կամ, որ ավելի ճիշտ է, շանտաժի ենթարկվեց ԲՀԿ-ի կողմից, որ այսպես շարունակվելու դեպքում նրա հետ կապված բացահայտումներ կլինեն: Ահա այդ շանտաժի հետեւանքը՝ նախագահը քննադատում է իր վարչապետին: Եվ կապ չունի՝ վարչապետը կարողանո՞ւմ է աշխատել, թե՞ չի կարողանում: Եթե չի կարողանում, ապա նախագահը դա պետք է իմանար ավելի վաղ, իսկ եթե կարողանում է, ուրեմն մի Տիգրան Ուրիխանյանի, ինչպես Գալուստ Սահակյանը կասեր, հայտարարություն պիտի որ այդ աստիճան չընկճեր նախագահին: Եվ ուրեմն, կրկին ստիպված ենք նույնը կրկնել՝ այս դեպքում քամին լրիվ ուրիշ տեղից է փչում: Մեր համեստ կարծիքով՝ հայերով պատրաստվում ենք մի չաղ հարսանիքի: ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն «ամուսնանում» են, եւ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ, թող ներվի մեզ ասել, այդ հարսանիքի մսացուն է:



Պատգամավորներից մեկը ԱԺ ընտրություններից հետո, երբ ԲՀԿ-ն չեմուչում էր անում, հաճել էր հայտարարել, որ մի քանի ամիս անց ԲՀԿ-ն կմտնի կոալիցիա: Բայց վարչապետի աթոռը ԲՀԿ-ին տալը կնշանակի, որ ավելի շուտ ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ն են գնում դեպի ԲՀԿ-ն, քան հակառակը:



Չմոռանանք նշել նաեւ, որ Հայաստանը մի տեսակ երկիր է, որտեղ սովորաբար հարսն է գնում փեսայի տանն ապրելու: Հակառակը, ինչպես կասեր մի շատ հայտնի քաղաքական եւ պետական գործիչ, սիրուն չի:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ