Ի սեր անկախության պայքարի նահատակների

Ի սեր անկախության պայքարի նահատակների
Ասում են, թե Հայաստանի անկախացմամբ իրականացավ հայ ժողովրդի դարավոր երազանքը։ Այդ երազանքը վառ պահող, այն իրականություն դարձնելու համար պայքարող նվիրյալների 99 %-ն այսօր մերժված է, լքված, աղքատ, իսկ երազանքին ու պայքարին անհաղորդները՝ հարգված, օրինակելի, հարուստ։ Դպրոցական աշակերտի համար սա անհասկանալի է։ Նրա առաջին ենթադրությունը լինում է այն, որ անկախության համար պայքար չի էլ եղել, այլ ղարաբաղյան շարժում, որն անկախության նպատակ ու խնդիր չի ունեցել։



Այսօր պատանին, երիտասարդը կարծում են, թե Հայաստանի անկախությունը պատմական պատահականություն էր, որովհետեւ 1965-91թթ. անկախության պայքարի մասին քիչ բան գիտեն, գրեթե ոչինչ։ Այդ պատճառով երիտասարդների մի մասն այսօր, ինչպես 21-24 տարի առաջ, չի պատկերացնում, թե ինչպես պետք է զարգանա Հայաստանն առանց օտար հովանավորության։ Եվ քանի որ անկախության մասին պատկերացում չունի, ապա  ընտրություններում ձայն է տալիս նրան, ով խոստանում է երաշխավորել օտարի հովանավորությունը։ Եթե իրերը կոչենք իրենց անուններով, ապա քաղաքական գնահատմամբ՝ սա պետական դավաճանություն է, հոգեբանական գնահատմամբ՝ փախուստ անկախությունից։ Այս պատկերը հարկ է շտկել առաջիկա նախագահական ընտրություններում։



Մովսես Գորգիսյանը մի օր երբեմնի երիտասարդներիս ասաց. «Ձեզ թվում է, թե անկախությունից հետո պաշտոննե՞ր եք ունենալու (ժպտաց), սխալվում եք»։ Դրանից հետո շրջանառության մեջ դրեցինք հետեւյալ միտքը. «Մենք իշխանություն չենք ուզում, այլ ուզում ենք, որ Հայաստանն անկախանա, թեկուզ իշխանության մնան կոմունիստները»։ Սրա արդյունքում կոմունիստները լուրջ չդիմադրեցին անկախությանը՝ այն հույսով, որ իշխանությունն իրենց կմնա։ Բացի դրանից, ենթադրելի ցնցումներից եւ անկառավարելի զարգացումներից խուսափելու համար Ռուսաստանի դերը մեր տարածաշրջանում իներցիայով պահպանվելու էր որոշ ժամանակ։ Այն կոչվեց անցումային շրջան, եւ իշխանության եկան կոմունիստական անցյալ ու ղարաբաղյան պայքարի կենսագրություն ունեցողները։ Եվ քանի որ այդ ժամանակն առարկայորեն սպառվել է, ապա Հայաստանում իր գործը լավ կամ վատ արած-վերջացրած անցումային վարչախումբը պետք է փոխվի։



Ճիշտ ժամանակն է ժողովրդին վերադարձնել այն ամենը, ինչը «Գույք պարտքի դիմաց» ու նման անարդար գործարքներով խլվել ու նվիրվել է անարժաններին։ Ժամանակն է գաղտնազերծելու ՊԱԿ-ի ներքին գործակալական ցանցը։ Իշխանությունը դավաճաններից, տգետներից, պատեհապաշտներից մաքրելու եւ անկախության ճանապարհից նահանջի կորուստները վերականգնելու ժամանակն է։ Անկախականներն այսօր իշխանության պայքարից  հրաժարվելու որեւէ հիմնավորում չունեն։



Աշոտ Նավասարդյանը մի օր ասաց. «Ձեր տարիքում պայքարում էինք, որ Հայաստանն անկախ լինի։ Հիմա անկախ է, ու ինձ թվում է, թե էլ անելիք չունեմ»։ Անկախության հայրերի ու պայքարի մասնակիցների մեծ մասը, սուրը փառքով պատյանը դրած զինվորի նման, այդպես է մտածում նաեւ այսօր։ Բայց երբեւէ մտածե՞լ եք, թե ինչ եք ասելու, երբ ձեր հոգիները մի օր հանդիպեն Նրան։ Թող Աստված ու ձեր երեխաները ներեն, բայց ձեր թոռները ասելու են, չէ՞. «Ի՞նչ էիք անում, երբ աշխարհը խելակորույս առաջ էր ընթանում, երբ հարեւան Վրաստանը մեծ քայլերով առաջ էր գնում, իսկ Հայաստանն անցումայինի ապաշնորհության հետեւանքով խարխափում էր հետադիմության խավարում»։ Անկախությունն Աստծո մեծ նվերն է մեզ՝ քաղաքացիներիս։ Այդ նվերն արվել է ի սեր  անկախության պայքարի նահատակների ու նվիրյալների։ Եվ ամենեւին էլ հարկ չկա ապացուցելու, որ Աստված չունեցողներից կազմված վարչախումբն ի զորու չէ գնահատելու այդ նվերն ու պաշտպանելու այն։



Երասխավանի կռվից մի քանի օր առաջ 16-ամյա Վարդան Պապիկյանն ասաց.



- Դու է՞լ ես կարծում, որ անկախանալուց հետո մի 20 տարի դժվար է լինելու։



- Հեչի պես։



- Իսկ եթե ժողովուրդը չդիմանա, կոտրվի ու նահանջի՞ Անկախությունից։



- Բացառվում է։



- Ի՞նչ գիտես։



- Դե, մեկը դու՝ չես թողնի, որ ժողովուրդը հուսահատվի։



- Էս հույսներդ էլի ինձ վրա եք դրել, հա՞...



Երասխավանի կռվի մասնակիցներից Վարդան Պապիկյանը չվերադարձավ վահանով կամ վահանի վրա։ Նրա քաղաքական երազանքների մի մասն իրականացել է, մի մասը՝ դեռ ոչ, եւ ուրեմն պայքարը շարունակվում է։



Թաթուլ ՄԿՐՏՉՅԱՆ



Պահպանողական կուսակցության քարտուղար