Զինվոր է մահացել

Զինվոր է մահացել
Երեկ, ժամը 11:30-ի սահմաններում N զորամասի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից արձակված գնդակից հրազենային մարմնական վնասվածք է ստացել եւ տեղում մահացել նույն զորամասի ժամկետային զինծառայող, 1993 թվականին ծնված եւ Նոր Նորքի զինկոմիսարիատից զորակոչված շարքային Վաղինակ Արշավիրի Բաղդասարյանը: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ՔԾ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօր. 104 հոդ. 2-րդ մասի 13-րդ կետով (սպանությունը՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության, կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով): Կատարվում է նախաքննություն:



Թերեւս զարմանալի է, թե ինչու է գործ հարուցվել 104-ի 13-րդ մասի հատկանիշներով, եթե զինվորը մահացել է հակառակորդի կրակոցից: Նմանատիպ այլ դեպքերում կարծես թե գործը հարուցվում էր միայն «սպանություն» հոդվածով, առանց լրացումների: Երեկ ՊՆ քննչական վարչության հասարակության հետ կապերի պատասխանատու Մերի Սարգսյանից հետաքրքրվեցինք, թե ինչն է հիմք հանդիսացել հոդվածի հենց այդ կետով գործ հարուցելու համար, սակայն որեւէ որոշակի պատասխան չստացանք: Նա միայն փոխանցեց, որ հակառակորդի կրակոցից սպանության դեպքերում այդ հոդվածով գործ հարուցվում է: Կարծիք կա, որ գործը հարուցվել է սպանություն՝  ազգային, ռասայական կամ կրոնական ատելության, կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, հաշվի առնելով մարդասպան Սաֆարովին Ադրբեջանի կողմից ներում շնորհելու փաստը: