Ճագարի օրագրից. Զգացողություններ լրագրության մասին

Ճագարի օրագրից. Զգացողություններ լրագրության մասին
«Օրինակ մենք հերքում ենք Հիսուս Քրիստոսի աստվածային բնույթը, եւ դա կրոնի մարդկանց ապշեցնում է, եւ ավելի վատ հենց իրենց համար»: Ամերիկյան լրագրության վերջին երեւելի դեմքերից մեկի՝ Քրիստոֆեր Հիթչենսի նմանատիպ արտահայտություններ բազմաթիվ անգամ տեւական երկխոսության, նզովքների ու դրվատանքների էին արժանանում: Հիթչենսի գրքերում գաղափարները ճակատամարտում էին, երբ ընթերցողները` պատասխանատվություն կրելու պատրաստ, մասնակից էին դառնում առաջադրված խնդիրներին, կործանվում էին մտքերի համարձակությունից եւ հանկարծ վերականգնվում` ընկղմվելով մշակութաբանական գերազանց վերլուծության տարածք:



Ագլիայում ավարտելով Օքսֆորդի համալսարանը՝ Հիթչենսը տեղափոխվում է Ամերիկա, որտեղ սկսում է լրագրողական իր գործունեությունը: Ջորջ Օրվելի, Իվլին Վոյի, Օլդոս Հաքսլիի, Վուդհաուզի, Քոնոր Օ’Բրայենի, Թոմաս Ջերֆերսոնի եւ Թոմաս Փեյնի աշխատությունները խորապես ազդում են նրա աշխարհընկալման, նաեւ ոճի ձեւավորման բոլոր փուլերի վրա: Հիթչենսը մի քանի թերթում սկսում է վարել հեղինակային սյունակներ, որտեղ քննադատում է նախագահ Ռեյգանի վարած քաղաքականությունը`անընդմեջ հիշեցնելով եւ վերլուծելով նրա աշխատանքը, անդրադառնալով քաղաքականության ակնառու ու քողարկված իրավիճակներին: Իհարկե,, Բուշին ու Քլինթոնին եւս չի շրջանցում:



Նա աթեիստ էր, իսլամի ընդգծված քննադատ: Երբ Հոմեյնին` ֆաթֆա հայտարարելով, ցմահ մահապատիժ է նշանակում արձակագիր Սալման Ռուշդիի նկատմամբ, Հիթչենսը քննադատում է ձախերին` իսլամի եւ այդ սարսափելի ու խայտառակ որոշման նկատմամբ զուսպ վերաբերմունք ցուցաբերելու մեջ: Մայր Թերեզան, Դալայ Լաման կրոնական այն գործիչներն էին, որոնց լրագրողը ոչ մի կերպ չէր ընկալում: Մայր Թերեզայի գործունեությանը նա անդրադառնում է առանձին գրքով, որտեղ խոսվում է կոռուպցիայից եւ կրոնական աշխարհի այլ խորամանկություններից:



Նրա ամենաքննարկվող գիրքը դարձավ «Աստված մեծ չէ» աշխատությունը, որտեղ լրագրողը ցուցադրում է կրոնի ընդհանուր առմամբ բացասական եւ իմպերատիվ դերը համաշխարհային պատմության, մարդկային ճակատագրի վրա: Հիթչենսը կարծում էր, որ ֆաշիզմի եւ տոտալիտարիզմի ծագմանը նպաստել է հենց կրոնը: Կրոնին քննող ու քննադատող իր բանավեճային գիրքը նա ավարտում է այսպես. ««Ճանաչիր ինքդ քեզ»,-ասում էին հին հույները` առանց պարտադրանքի առաջարկելով սփոփանք գտնել փիլիսոփայության մեջ: Այսօր ակնհայտ է, որպեսզի ինքնաճանաչողության համար բանականությունդ ազատագրես` թշնամուն պիտի ճանաչես դեմքով եւ պատրաստվես մարտի»: Հիթչենսին համարում են նոր աթեիզմի հիմնադիր:



Նա ապրում էր բոհեմիկ կյանքով. վիսկի, ծխախոտ, երկարաժամ դեբատներ Ամերիկայի, Եվրոպայի առաջնակարգ ինտելեկտուալների հետ: Սրան համընթաց լույս են տեսնում գրքեր, դասախոսություններ` մի քանիսը համահեղինակությամբ:



2010 թվականին նրա մոտ հայտնաբերվում է ստամոքսի քաղցկեղ: Հիթչենսն իր հեղինակային սյունակում ընթերցողներին հայտնում է այդ լուրը: Վերջին հարցազրույցներից մեկում լրագրողին ասում է. «Ես միշտ իմացել եմ, որ բոհեմիկ կյանք վարելու մեջ մեծ ռիսկ կա: Ես որոշեցի այդպես ապրել, որովհետեւ այն օգնեց ինձ կենտրոնանալ, կանգնեցրեց իմ ձանձրույթը, օգնեց կասեցնել մյուս մարդկանց ձանձրույթը… Եթե ինձ հարցնեիք` «կրկին այդպես կապրեի՞ք», երեւի ես կպատասխանեի` «այո»»:



Հիթչենսը մահացավ 2011 թվականին: Իր կտակի համաձայն, մարմինը հանձնվեց բժշկական փորձագիտական կենտրոն` ուսումնասիրություններ անցկացնելու համար:  Հիթչենսի մասին խոսելիս ամենից շատ հնչում էր «ԽԻԶԱԽԸ» բառը: