Մեր արձակն այսօր ներկայանալի է

Մեր արձակն այսօր ներկայանալի է
Արդեն մի քանի ամիս է, ինչ գործում է «Կայարան» գրական ակումբը, իսկ օրերս էլ լույս է տեսել նաեւ համանուն գրական հանդեսը, որի հիմնադիրն է արձակագիր Սուսաննա Հարությունյանը: Նրա խոսքերով, չնայած հիմնադիր ու գաղափարակից ընկերները շատ են, բայց հիմա գործնականում հանդեսի վրա աշխատում են ինքն ու «Էդիթ պրինտ» հրատարակչությունը:



Հանդեսում ներկայացված են պատմվածքներ, էսսեներ, թարգմանություններ. «Անունը «Կայարան» դրեցինք՝ հավաքատեղն ակնարկելով, ակումբի համահիմնադիր Մկրտիչ Կարապետյանի «Էդիթ պրինտ» հրատարակչության գրախանութը, որտեղ հավաքվում էինք, եւ որը մայրաքաղաքի երկաթուղային կայարանի մերձակայքում է»: Ակումբն ազատ է, չունի անդամատոմս, եւ, ըստ այդմ, հիմնադրի կարծիքով, չկա եւ որեւէ պարտադրանք: Թե ինչու ակումբն ու հանդեսը սահմանափակվեց միայն արձակագիրներով, Հարությունյանը նշեց, որ դա նախ իր բնագավառն է, հետո՝ «որոշեցի իմ ուժերն ու նյութական միջոցները խնայել, բացի այդ, մեր արձակն այսօր ավելի ներկայանալի է, իսկ պոեզիայում այդ անուններն ավելի քիչ են, եւ 2-3 հոգով ակումբ չես հիմնադրի»:



Արձակագրի կարծիքով, «Կայարանը» մյուսներից տարբերվելու է իր մասշտաբով. «Մի քիչ ավելի փոքրաթիվ գրողների ենք ընտրել, եթե ՀԳՄ-ի կազմում կա 40-50 արձակագիր, եւ իրենք մտածում են, որ այդքան արձակագիր ունենք աշխարհին ներկայացնելու, մեր դեպքում ընտրությունը մաքսիմում կանգ է առել 10-12 հեղինակի վրա: Հիմնականում կենտրոնացած ենք միջին սերնդի գրողների վրա, որովհետեւ բոլոր դեպքերում գրական դաշտի դիմագիծն այսօր իրենք են որոշում, իսկ մեր նպատակը ժամանակակից արձակն օտար լեզուներով ներկայացնելն է: Գուցե մի քիչ բռնակալ եմ, բայց ընտրության հարցում առաջնորդվում եմ միայն իմ ճաշակով, առանձնապես հայտնագործություններ չկան, ընտրությունս նույն գրական դաշտից է, ուղղակի կան գրողներ, որոնց ես ավելի արժանի եմ համարում եւ ավելի բարձր եմ դասում ընդհանուր մակարդակից»:



Հանդեսի եւ ընթացիկ ժողովածուների ամբողջ ծախսերը հոգում է «Էդիթ պրինտ» հրատարակչությունը, իսկ առաջիկայում լույս կտեսնեն ռուսերեն եւ անգլերեն լեզուներով ժամանակակից արձակի ժողովածուներ, որոնք կներկայացվեն թարգմանիչների, հրատարակիչների ֆորումներին, իսկ դրանց ինտերնետային տարբերակն էլ նախատեսված է ուղարկել աշխարհի հայտնի գրադարաններին եւ հրատարակիչներին՝ հայ ժամանակակից արձակը միջազգայնացնելու հույսով: