«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի հանդիպումը համախոհների հետ

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի հանդիպումը համախոհների հետ

Ս.թ. սեպտեմբերի 25–ին Երևանում տեղի ունեցավ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամների հանդիպումը Շարժման համախոհների հետ:



Շարժման տարածած հաղորդագրության համաձայն, նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը  ներկայացրեց Շարժման նախաձեռնող խմբի կողմից 2012թ. կատարած աշխատանքների մասին տեղեկատվություն, ինչպես նաև մատուցվեց Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացման վերլուծությունը, փաստելով բնապահպան երիտասարդ ակտիվիստների, ուժային կառույցներում անօրինականությունների դեմ ընդվզող խմբերի, իրավապաշտպան կազմակերպությունների, մշակութային այլասերմանն ընդդիմացող մտավորականների, հանրային տարածքների պաշտպանությամբ զբաղվող քաղաքացաիկան ակտիվիստների, ՀՀ ԶՈՒ զինծառայող Վահե Ավետյանի սպանությունից հետո առաջացած հասարակական նախաձեռնությունների էական դերակատարումը Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացման գործում:



Նախաձեռնող խմբի անդամներ Գարեգին Չուգասզյանը և Ժիրայր Սեֆիլյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեցին  Շարժման առաջիկա գործունեության մարտավարության մասին համապատասխան տեղեկատվություն, նշելով որ «Սարդարապատ» շարժման մասնակցությունը Հայաստանի իրական քաղաքական կյանքում մոտ ապագայում արտացոլվելու է այլընտրանքային օրենսդիր և գործադիր մարմինների ստեղծման գործընթացում: Այն դրսևորվելու է նախախորհրդարանի և իր օժանդակ կառույցի ձևավորմամբ, ՀՀ տարածքում շրջագայություններով, քարոզչական ակտիվ գործունեությամբ, հայության վերածննդի և զարգացման ռազմավարության նախագծի մշակմամբ, շարժման նյութական բաղադրիչի ձևավորմամբ, արտերկրում բնակվող հայությանը վերոնշյալ աշխատանքների մեջ ներգրավմամբ:



Հավաքն ամփոփեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը, արձանագրելով, որ օրենսդիր և գործադիր նշված կառույցների ձևավորմանը այլընտրանք չկա և որևէ վտանգ չի կարող խանգարել և շեղել Շարժմանը ընտրած մարտավարությունից։