Այսուհետ լրիվ ազատ ու դեմոկրատ

Այսուհետ լրիվ ազատ ու դեմոկրատ
Երեկ իրականացավ օրեր առաջ արված մեր կանխատեսումը՝ «Ազատ դեմոկրատներ»- «Ժառանգություն»  կուսակցություններն արձանագրեցին իրենց «ապահարզանը»: Այդ մասին նախ հայտարարություն արեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ապա հանդես եկավ Խաչատուր Քոքոբելյանը: Երկուստեք հայտարարեցին, որ Քոքոբելյանն ու Ալիկ Արզումանյանն այլեւս չեն ներկայացնում «Ժառանգություն» խմբակցությունը: Այս հրապարակային բաժանումից հետո ԱԴ ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանից փորձեցինք ճշտել՝ քանի որ ինքն այլեւս չի ներկայացնում «Ժառանգություն» խմբակցության տեսակետը, արդյոք չի՞ պատրաստվում հրաժարվել ԱԺ հանձնաժողովներում եւ միջխորհրդարանական հանձնաժողովներում հատկացված տեղերից:  Հիշեցնենք, որ, ըստ ԱԺ կանոնակարգի, խմբակցությունն է թեկնածուներ ներկայացնում տարբեր պատվիրակություններում, եւ Արզումանյանն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահն է, «Եվրանեսթի» եւ այլ հանձնաժողովների անդամ: Արզումանյանը վստահեցրեց, որ ԱԺ կանոնակարգը դա չի պարտադրում, եւ այդ տեղերում էլ իրեն ոչ թե «Ժառանգությունն» է ներկայացրել, այլ իր ընտրությամբ է եղել: «Ես կարծում եմ, որ հակառակը՝ պարտավոր եմ շարունակել իմ գործունեությունը հանձնաժողովներում»,-ասաց Արզումանյանը: «Իսկ «Ժառանգությունը» չի՞ պատրաստվում ինքը նախաձեռնել դա»  հարցին Ռուբեն Հակոբյանը պատասխանեց, որ իրենք միայն Քոքոբելյանի վերաբերյալ են որոշում կայացրել եւ, բացի դրանից, դրա իրավունքը չունեն: