Ահազանգ. Ապարանի Մելիք գյուղում էկոլոգիական աղետ է

Ահազանգ. Ապարանի Մելիք գյուղում էկոլոգիական աղետ է

ՀՀ բնապահպանության նախարարության կայքէջում տեղադրված տեղեկատվության համաձայն, Արագածոտնի մարզի Մելիք գյուղին հարակից տարածքում` 9 բալ ուժգնությամբ երկրաշարժային գոտում, «ՄեգոԳոլդ» ՍՊԸ-ն պատրաստվում է կառուցել մոտ 7 հեկտար տարածք ընդգրկող նոր պոչամբար: Հիշեցնենք, որ հիշատակված ընկերությունը հանդիսանում է Հայաստանի բնական պաշարների նկատմամբ անսահմանափակ ախորժակ ունեցող «Գլոբալ Գոլդ» ընկերության դուստր ընկերություն, որը 2006 թվականից ի վեր շահագործում է Ապարանի Մելիք գյուղին անմիջապես հարակից «Թուխմանուկի» ոսկու հանքավայրը:



 



Հարկ ենք համարում նշել, որ հանքահարստացումն իրականացվում է հենց տեղում` Մելիք գյուղից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, որի անմիջական հարեւանությամբ գտնվում է նաեւ անմխիթար վիճակում գտնվող պոչամբարը: Պոչամբարը բազմիցս վթարի է ենթարկվել և փլուզվել` վնասելով գյուղի խմելու ջրի խողովակաշարը, խառնվելով խմելու և ոռոգելի ջրերին: Ջրագիծն այժմ էլ գտնվում է վթարային վիճակում:



 



Վթարային վիճակում գտնվող պոչամբարի փոշին անընդհատ լցվում է համայնքի մշակովի հողերի վրա` ծանր մետաղներով թունավորելով բերքը: Համայնքի ջրերի աղտոտման հետևանքով հողերը ոռոգվում են ոչ պիտանի ջրով: այս ամենի հետևանքով բազմապատիկ անգամ նվազեցնելով հողի բերքատվությունը: Համայնքի գյուղատնտեսությանը պատճառվել է մեծ ծավալի վնաս, որը չի ուսումնասիրվել և չի գնահատվել:



 



Համայնքի բնակիչների վկայությամբ` հանքավայրի շահագործման և պոչամբարի վթարների հետևանքով համայնքի բնակիչները կրում են բարոյական և նյութական հսկայածավալ վնասներ: Գյուղում կտրուկ վատթարացել է մարդկանց առողջական վիճակը, բազմապատկվել են քաղցկեղային հիվանդությունները, մանկածնությունը գտնվում է գրեթե զրոյական մակարդակում:



 



Մելիք գյուղի բնակիչները բազմիցս բողոքել են հանքավայրի շահագործման ընթացքում տեղի ունեցած օրինախախտումների, համայնքին պատճառած վնասների դեմ` ընդհուպ մինչև փակելով «Մեգո Գոլդ» ընկերության տեխնիկան տեղափոխող մեքենաների ճանապարը: Սակայն պետական պատասխանատու մարմինները բացարձակ անուշադրության են մատնել գյուղացիների բողոքները: Չնայած համայնքում էկոլոգիական և առողջապահական աղետալի վիճակին` ոչ բնապահպանության տեսչությունը, և ոչ էլ առողջապահության նախարարության սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունը իրենց պարտականությունների մեջ մտնող որևէ ուսումնասիրություն չեն իրականացրել:



 



 



Այսպիսի պայմաններում մենք անընդունելի ենք համարում Մելիք գյուղի հատվածում նոր պոչամբարի կառուցումը, քանի դեռ`



  1. չեն ուսումնասիրվել «Մեգո Գոլդ» ընկերության կողմից Թուխմանուկի» ոսկու հանքավայրի շահագործման ընթացքում օրենքի (լիցենզային պայմանագրի) խախտման փաստերը,


  2. չի ուսումնասիրվել համայնքի բնակչության առողջական վիճակը և գնահատվել հանքավայրի շահագործման հետևանքները համայնքի բնակչության առողջական վիճակի վրա,


  3. չեն ուսումնասիրվել և գնահատվել համայնքին պատճառված տնտեսական վնասները:




 



Հետևապես, մինչև պոչամբարի կառուցման վերաբերյալ որևէ գործընթաց սկսելը, անհրաժեշտ է ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ (կազմված բնապահպանության, առողջապահության, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման, գյուղատնտեսության նախարարություններից և այլ գերատեսչություններից, հասարակական հատվածի շահագրգիռ անդամներից), որը կուսումնասիրի վերը նշված հիմնախնդիրները և կտա հիմնավորված գնահատականներ համայնքի վրա հանքավայրի սոցիալ-տնտեսական ազդեցության վերաբերյալ:



 



Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյան