Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում շարունակվում է Թեմական ներկայացուցչական ժողովը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում շարունակվում է Թեմական ներկայացուցչական ժողովը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ընթացող Թեմական ներկայացուցչական չորրորդ ժողովի նոյեմբեր 2-ի նիստին իր մասնակցությունը բերեց ՀՀ վարչապետ, Արարատյան Հայրապետական թեմի թեմական խորհրդի ատենապետ տիար Տիգրան Սարգսյանը:



 



ՀՀ վարչապետը, ՀՀ կառավարության անունից ողջունելով ժողովականներին, անդրադարձավ մի շարք հարցերի: «Անժխտելի է այն դեկատարությունը, որը հայ ժողովրդի պատմության մեջ ունեցել է եւ ունի Հայ Առաքելական Եկեղեցին: Շնորհիվ մեր հավատքի, եկեղեցու շուրջ մեր համախմբվածության՝ այսօր ունենք պետություն եւ համատեղ ջանքերով լուծում ենք այն խնդիրները, որոնք մտահոգում են մեր ժողովրդին: Ինչպես դարեր ի վեր, այնպես էլ այսօր Հայ Առաքելական Եկեղեցու օրակարգում ընդգրկված են հարցեր, որոնք մտահոգում են մեր ժողովրդին եւ մենք ձեզ հետ փորձում ենք գտնել պատասխաններ, որոնք առաջնորդելու, օժանդակելու եւ ծառայելու են մեր ժողովրդին», - նշեց ՀՀ վարչապետը:



 



Կառավարության ղեկավարը մասնավորապես անդրադարձավ ժամանակակից հասարակության առջեւ ծառացած մարտահրավերներին. «Իմ համոզմունքն այն է, որ իրականում մենք գործ ունենք արժեքային ճգնաժամի հետ եւ ժամանակակից մարտահրավերների հաղթահարման բանալին, գաղտնիքը հենց այդ ոլորտում է պետք որոնել: Սպառողական հոգեբանությունը, սուրբ առաքելական արժեքներից հեռանալը ցանկացած հասարակության համար ստեղծում է լուրջ եւ անհաղթահարելի բարդություններ: Նմանատիպ խնդիրներ այսօր կանգնած են նաեւ հայ ժողովրդի առջեւ: Համոզված եմ, որ այն արդիական մարտահրավերները, որոնք առկա են, մենք կարող ենք հաղթահարել, եթե ապավինենք մեր հավատքին, համախմբվենք մեր հավատքի շուրջ, հզորացնենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, ամրապնդենք կապը պետության եւ Եկեղեցու միջեւ: Սա է լինելու այն բանաձեւը, որն օգնելու է մեզ հաղթահարել նորագույն մարտահրավերները»:



 



ՀՀ վարչապետն արծարծեց նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախապատրաստական աշխատանքների ուղղվածությանը, ինչպես նաեւ սիրահայությանը ցուցաբերվող օգնությանն առնչվող հարցեր:



 



Տիար Տ. Սարգսյանը, բարձր գնահատելով այսօր Եկեղեցու եւ պետության ներկա հարաբերությունները, համոզում հայտնեց, որ այս ժողովի կայացրած որոշումները կնպաստեն Հայոց Եկեղեցու ամրապնդմանը:



 



Իր հերթին, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով ՀՀ վարչապետի մասնակցությունը ժողովին, իր օրհնությունը բերեց նրան` գնահատելով Հայրենիքին նվիրյալ տիար Տիգրան Սարգսյանի ջանքերը եւ ընդգծելով նրա առանձահատուկ ջերմ ու նախանձախնդիր վերաբերմունքը հանդեպ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին եւ Մայր Աթոռ Ս. Էջմիածինը: