Յուրացրել է ուրիշի աշխատավարձը

Յուրացրել է ուրիշի աշխատավարձը
Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` Վարդաբլուրի համայնքապետի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք եւ յուրացում կատարելու դեպքերի առթիվ:



ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Ստեփանավանի բաժնում նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Լոռու մարզի Վարդաբլուրի համայնքապետը, տեղյակ լինելով իր տեղակալի` 2012թ. հունվարից մինչեւ հուլիսն ընկած հատվածում աշխատանքից բացակայելու մասին, շահադիտական նպատակներով օրենքով սահմանված կարգով չի ձեւակերպել այդ հանգամանքը:



Ավելին` կազմել է նրա աշխատանքի մեջ գտնվելու վերաբերյալ կեղծ հաշվեցուցակներ, որոնց հիման վրա կազմված աշխատավարձի ցուցակներում  նրա փոխարեն ստորագրելու միջոցով ստացել է վերոհիշյալ ժամանակահատվածի համար հաշվարկված աշխատավարձի գումարները` առանձնապես խոշոր չափերի,  եւ հափշտակել:



Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնին: