Գիտնականներն առաջարկում են օրենքով արգելել զբոսաշրջությունն արգելոցներում

Գիտնականներն առաջարկում են օրենքով արգելել զբոսաշրջությունն արգելոցներում
Նոր իրարանցում` այս անգամ կապված «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի հետ: Ինչպես սոցիալական ցանցում գրում է «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը, շրջանառության մեջ է դրվել այդ օրինագծի երկու տարբերակ,  որոնք ներկայացվել են ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ Բուսաբանության ինստիտուտներին` գիտական կարծիքի համար:  «Էկոլուր»-ի փոխանցմամբ՝ «Բուսաբանության ինստիտուտին ուղարկվել էր օրենքի ամենահին տարբերակը: Չնայած նրան, որ Բնապահպանության նախարարն ասաց, որ հաշվի են առնվել բոլոր դիտողությունները, սակայն եթե նայեք Բնապահպանության նախարարության կայքում տեղադրված օրենքի վերջնական տարբերակը, ապա Դուք չեք տեսնի գիտնականների տված դիտողությունները և առաջարկները»,- նշում է Սիլվա Ադամյանը:



ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտնականները  առաջարկել են մասնավորապես արգելոցներում բացառել ճանաչողական զբոսաշրջությունը եւ կրթական միջոցառումները, արգելոցների տարածքից դուրս բերել այցելուների կենտրոնները: Դրանք անհրաժեշտության դեպքում պետք է կառուցվեն արգելոցի հարեւանությամբ: Արգելոցի օգտագործումը բարձրագույն ուսումնական մասնագիտացված հաստատությունների ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացման նպատակով պետք է լինի  անվճար, ինչպես նաեւ ի տարբերություն այլ հատուկ պահպանվող տարածքների, արգելոցները չպետք  օգտագործվեն պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից: