Ոսկին՝ օտարին, խոստումները՝ գյուղին

Ոսկին՝ օտարին, խոստումները՝ գյուղին
Կար ժամանակ, որ աշխարհից կտրված Մելիքգյուղի տեղը մենակ մելիքգյուղացին գիտեր: Նրանց հոգս ու ցավի մասին էլ շրջկոմում զեկուցվում էր հրահանգչի մակարդակով, հարցը փակվում էր: Հիմա ով ասես Մելիքգյուղի տեղը գիտի՝ հայը, ռուսը, ամերիկացին: Մելիքգյուղում ոսկու բարեբեր բաց հանքավայրեր կան, ու շուրջ 15 տարի է՝ այն շահագործում է «Մեգա գոլդ» ընկերությունը: Բնապահպանները, թերթերը վերջերս անդրադարձան գյուղի բնապահպանական խնդիրներին՝ կապված հանքերի շահագործման հետ: Սակայն մեր խնդիրը դա չէ:



 



Ուղղակի անդրադառնանք ոսկու տերերի եւ համայնքի հարաբերություններին: Եթե գործազուրկ մելիքգյուղացու համար այսօր գյուղում աշխատատեղ է բացվել, ու 60 հոգի ամսական 80-100 հազար դրամ աշխատավարձ ունի, ապա գոհ են ու երախտապարտ, մանավանդ որ ընկերության տնօրինությունը նորընտիր գյուղապետին խոստացել է այդ թիվը հասցնել 300 հազարի: Խոստացել է նաեւ մանկապարտեզի շենք կառուցել, օգնել գյուղում փողոցային լուսավորություն անցկացնելու գործում: Շեշտում ենք. խոստացել են նորընտիր գյուղապետին: Իսկ խոստումը կարող է կատարվել, կարող է դրժվել, նայած այսուհետ ինչպիսի վերաբերմունք կդրսեւորի համայնքը: Հատկանշական է, որ կատարվող աշխատանքի դիմաց վարձատրությունն այնքան էլ համարժեք չէ, իսկ աշխատած վերջին 5 ամիսների դիմաց այդ 60 հոգին դեռ չի վարձատրվել: Այս առումով էլ խոստում կա. իբր մինչեւ տարեվերջ կմարվի աշխատավարձի պարտքը:



 



Գյուղապետ Հակոբ Մկրտչյանն ընկերության վերջերս ցուցաբերած բարյացակամությունը պայմանավորում է իր անձով: Ասում է՝ հարցերը կտրուկ եմ դրել եւ հույս ունեմ, որ կլուծեն: Իսկ մինչ այդ «Մեգա գոլդ» ընկերությունն այստեղ աշխատել է, մեղմ ասած, անխղճորեն: Գյուղի տարածքում վարձակալելով 226 հեկտար հողատարածություն՝ 10 տարուց ավելի համայնքին է փոխանցել տարեկան ընդամենը 900 հազար դրամ, այսինքն՝ հեկտարի հաշվով վարձակալական վարձ է վճարվել ծիծաղելի 4 հազար դրամ: Միայն անցյալ տարի, ըստ գյուղապետի, Վերահսկիչ պալատի ստուգումներից հետո 900 հազարը դարձավ տարեկան 14 միլիոն դրամ: Այս թիվն էլ, անշուշտ, փոխհատուցում չէ 226 հեկտար հողատարածության համար: Սակայն ենթադրենք՝ դա հողի իրական արժեքն է, հարց է առաջանում. ընկերությունը մեկ տասնամյակից ավելի ի՞նչ հիմունքներով է խաբել ու արդյո՞ք պատրաստվում է տարբերությունը վճարել: Կարծում ենք՝ ահռելի տարբերություն կա 900 հազարի եւ 14 միլիոն դրամի միջեւ: Հատկանշական է, որ «Վիվասել» ընկերությունը, հողի վարձակալական հիմունքներով, Արագածոտնի մարզի Մելիքգյուղ համայնքում, ընդամենը 100 քառակուսի մետրի վրա շուրջ 7 տարի է՝ ալեհավաք է տեղադրել եւ համայնքի բյուջե է փոխանցում տարեկան 400 հազար դրամ: Պատկերացնո՞ւմ եք տարբերությունը. 226 հեկտարի հաշվով՝ 900 հազար, 100 քառակուսի մետրի հաշվով՝ 400 հազար դրամ:



 



Բնապահպանական խնդիրների հետ միաժամանակ ընկերությունը ֆինանսական պարտավորություններ պետք է ունենար, որը ջրի երես է դուրս եկել միայն վերջերս: Դրանք կարող են գլխացավանք դառնալ ընկերության սեփականատերերի համար, եթե շռայլված խոստումները չիրականացվեն:



 



Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ