Երկրաշարժի դեպքում շենքերն են միմյանց քանդելու

Երկրաշարժի դեպքում շենքերն են միմյանց քանդելու
Երկու տարուց ավելի է՝ բնակիչները բողոքում են, որ Եզնիկ Կողբացի 42, Պուշկինի 40, Տերյան 19, 23, 25 շենքերի խաղահրապարակներին փոխարինելու է եկել 12 վերգետնյա եւ 2 ստորգետնյա հարկ ունեցող հասարակական եւ բնակելի համալիրը: Շինարարական աշխատանքները դադարեցնելու նպատակով բնակիչները բազմաթիվ դիմում-բողոքներով դիմել են բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին, բայց՝ ապարդյուն:



 



«Կառավարության շենքի մոտ կամ մեկ այլ տեղ բողոքի ակցիա անելուց հետո շինարարական աշխատանքները ոչ թե դադարեցվել են, այլ նոր թափ են ստացել»,- ասաց Եզնիկ Կողբացի 42 շենքի բնակչուհի Արփինե Ղազարյանը` նշելով, որ արդեն շենքն ամբողջովին կառուցել են: Ըստ բնակիչների` կառուցապատողը «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ն է, որն առանց բնակիչների համաձայնության, սակայն ունենալով քաղաքապետի թույլտվությունը, ճարտարապետահատակագծային առաջադրանք, շենքի բակում պետք է կառուցի բարձրահարկ շենքն ու վերջ: «Շենքը կառուցվեց բազմաթիվ ապօրինություններով, մինչ օրս էլ շարունակվում է` արդեն 14 հարկ են կառուցել, չհաշված ստորգետնյա երկու հարկը»: Ներկայումս Տերյան 23, 25, Լալայանց 37 շենքերը ենթակա են քանդման, այդ իսկ պատճառով կառուցվում է բարձրահարկը, որպեսզի բնակիչները տեղափոխվեն այդ շենք: Ղազարյանը նշում է, որ բնակիչների մոտ մի հարց է անպատասխան մնացել. ինչո՞ւ են խաղահրապարակ վերացնելով կառուցում, եթե կարող էին բնակիչներին տրամադրել Հյուսիսային պողոտայի դատարկ բնակարանները. «Բարձրահարկ շենքի պատճառով զրկվել ենք ոչ միայն բակից, այլեւ արեւի կարոտ ենք դարձել»: Երեւանի կենտրոնում կառուցապատումների մասին բազմիցս է խոսվել: Երեւանի քաղաքապետերի կողմից հավաստիացումներ են հնչել, որ կանաչ տարածքների եւ երեխաների համար նախատեսված հրապարակների հաշվին այլեւս շենք չի կառուցվի, սակայն մշտապես ականատես ենք հակառակ պատկերի:



 



Եզնիկ Կողբացի 42 շենքի մեկ այլ բնակչուհի՝ Անահիտ Շահսուվարյանը նշում է, որ իրենք պայքարում են «Դոն Կիխոտի» հողմաղացների դեմ. «Մեր պայքարն ապարդյուն էր, բողոքած-չբողոքած՝ կառուցեցին, իրենց նպատակին հասան»: Տեսնելով, որ բողոքի ձայնը տեղ չի հասնում, բնակիչները դիմել էին դատարան, ինչպես իրենք են ասում՝ դատական գործընթացն այնպես են անում, որ շենքը կառուցողի օգտին լինի: «Բնակիչներով հույս էինք տածում, որ դատարանի միջոցով որեւէ արդյունքի կհասնենք, բայց, ընդհակառակը` մենք նպաստեցինք, որ շենքն ամբողջապես կառուցվեր»,-ասում է Շահսուվարյանը եւ հավելում, որ իրենք հիասթափվել են ներկայիս կառավարությունից եւ եթե հնարավորություն ունենային, կգնային անօրեն երկրից:



 



Ըստ նրա` իրենք կարծես թշնամի երկրում են ապրում, որտեղ մարդու իրավունքները ոտնահարվում են, ձայնը տեղ չի հասնում. «Երեւանում մենք` հասարակ մարդիկս, ապրելու իրավունք չունենք»:



 



86-ամյա նկարիչ Վան Խաչատուրի կարծիքով էլ` ամենավատն այն է, որ երկրաշարժի դեպքում շենքերն են իրար քանդելու: «Ժամանակին բակը հարուստ է եղել կանաչ տարածությամբ, ծառերով, սակայն շինարարության պատճառով ծառեր են հատվել: Եթե բակում մնացել են մի քանի ծառեր, մեր պայքարի շնորհիվ է»,-նշեց նա: Ըստ նրա` փաստն այն է, որ բարձրահարկ շենքը կառուցված է, իսկ 500-ից ավելի բնակիչ ունեցող շենքերն այսօր խաղահրապարակ չունեն, բնակիչների կյանքն էլ պատահարների դեպքում վտանգված է:



 



Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ