Որ հիվանդը չծառայի առողջի փոխարեն

Որ հիվանդը չծառայի առողջի փոխարեն
Երեկ, աշնանային զորակոչից առաջ, տեղի ունեցավ ՊՆ-ին առընթեր հասարակական խորհրդի առաջին նիստը: «Նախորդ զորակոչերին մենք նստերը միշտ գումարել ենք հենց հավաքը սկսելու օրը: Այս տարի նոյեմբերի 19-ին է հավաքը սկսվելու, սակայն, քանի որ մեծ թվով դիմում-բողոքներ ենք ստացել, դրանք այս պահին արդեն 30-ի են հասել, ուստի որոշեցինք ավելի շուտ սկսել աշխատանքներն ու 11 օր առաջ գումարեցինք անդրանիկ նիստը եւ այսօրվա նիստում կքննարկենք 14 դիմում»,- ներկայացրեց խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը:



 



ՊՆ-ին առընթեր հասարակական խորհրդի հանձնաժողովը հնարավորություն է տալիս քաղաքացիներին՝ անհանգստացնող հարցերով դիմելու եւ դրանց լուծմանը հետամուտ լինելու: Հանձնաժողովն իր գործունեության 3 տարիների ընթացքում, մինչ այս զորակոչը, ստացել է 171 դիմում-բողոք, որոնք բոլորն էլ, ըստ հանձնաժողովի նախագահի, ուսումնասիրվել եւ համապատասխան ընթացք են ստացել: «Վերանայվել են ոչ քիչ թվով որոշումներ, որոնք նախկինում ընդունվել են որպես զորակոչման որոշումներ: Հանձնաժողովի միջնորդությունից հետո կենտրոնական բժշկական հանձնաժողովը կայացրել է տարկետման որոշում»,- ասում է Գեղամ Հարությունյանը: Հանձնաժողովի նպատակն է, որ ոչ մի առողջ երիտասարդ չխուսափի զինվորական ծառայությունից, եւ ոչ մի հիվանդ երիտասարդ նրա փոխարեն չհայտնվի բանակում. «Բանակին պետք չեն հիվանդ զինվորներ, դրանք հետագայում հոգս են դառնում բանակում, նաեւ մեծ դժգոհություն եւ լարվածություն են առաջացնում հասարակության մեջ»:



 



«Տղաս մաշկային հիվանդություն ունի, բժշկական կամիսիան երեք անգամ հետաձգել է ծառայությունը, իսկ հիմա որոշել են, որ պիտանի է ծառայությանը: Դիմել ենք, բժշկական նոր հանձնաժողով ենք պահանջում եւ ակնկալում ենք արդարացի լուծում: Կամ թող բուժեն, նոր տանեն ծառայության, կամ թող տարկետում տան»,- ասում է Մարիամ Հարությունյանը:



 



Իսկ դիմում-բողոք ներկայացրածներից Տարիել Պողոսյանը եղբորորդու՝ Գեւորգ Վարդանյանի համար էր եկել. «Գեւորգի հայրը երկրորդ կարգի հաշմանդամ է, իսկ մայրը՝ երրորդ կարգի: Մենք ուզում ենք բնակավայրից մինչեւ 150 կմ հեռավորության վրա ծառայելու արտոնությունից օգտվել»:



 



Ընդհանուր առմամբ, ըստ Հարությունյանի, պահպանվում է նախորդ զորակոչերի օրինաչափությունը, երբ դիմում-բողոքների ճնշող մեծամասնությունը վերաբերում է զորակոչիկների առողջական խնդրին. «Հատկապես առողջական հարցերն են հանդիսանում հանձնաժողովի աշխատանքի ծանրության կենտրոնը»: Կան նաեւ ծառայության մեջ գտնվող զինվորների առողջական վիճակից բողոքող դիմումներ, եւ Հարությունյանը ցույց տվեց սեղանի վրա դրված այդպիսի երկու դիմում:



 



«Մենք գործելու ենք ամբողջ զորակոչի ընթացքում, կլինի 1 թե 100 դիմում, բոլորն էլ քննարկվելու են ամենայն բծախնդրությամբ եւ հանգամանորեն, լինելու է ամենաբարյացակամ վերաբերմունքը դիմողների եւ բողոքողների նկատմամբ, եւ մենք խրախուսում ենք քաղաքացիների այսպիսի հետեւողականությունը»,- հավաստիացնում է հասարակական խորհրդի նախագահը:



 



Իսկ վերջում, օգտվելով մամուլի ընձեռած հնարավորությունից, Գեղամ Հարությունյանը մեր քաղաքացիներին կոչ արեց. «Եթե ունեք մտահոգություններ եւ անարդարության զգացում, ապա մի վարանեք դիմել, բողոքել, ձեր ձայնն անպայման որեւիցե օղակում կլսվի»:



 



Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ