Արտաշես Թումանյան. Ինչ-որ շրջանում Հարությունյանին հավատացել եմ եւ վստահել, հիմա`ոչ

Արտաշես Թումանյան. Ինչ-որ շրջանում Հարությունյանին հավատացել եմ եւ վստահել, հիմա`ոչ

Մի քանի լրատվամիջոցներ, այդ թվում «Հրապարակը» տպագրել էին Վանաձորի բնակիչ, գործարար Սամվել Հարությունյանի նամակը, ով լուրջ մեղադրանքներ էր ներկայացրել ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, նույնպես Վանաձորցի Արտաշես Թումանյանի հասցեին: Երեկ մենք ստացանք Արտաշես Թումանյանի պարզաբումն այս առիթով եւ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:



 



ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ



 



Վերջին օրերին ԶԼՄ-ներում հրապարակումներ են հայտնվել, որոնց աղբյուրը ոմն Սամվել Հարությունյանն է: Այդ հրապարակումների կապակցությամբ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ`դրանցում բերված բոլոր պնդումները կեղծ են ու մտացածին:



 



Մինչև 1999թ. Սամվել Հարությունյան անունով մարդ չեմ ճանաչել: Սակայն առանց իմ գիտության նա կամովին իր եղբոր հետ Վանաձորում ջանասիրաբար քարոզչություն է կատարել իմ, որպես ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածուի, օգտին: Նույն կերպ ձեռք է բերել իմ վստահությունը եւ սողոսկել իմ անձնական շրջապատ: Արդյունքում, նշանակվել է իմ բարեկամներին պատկանող «Քարաբերդ» ընկերության տնօրեն: Հետագայում «Քարաբերդի» սեփականատերերը պարզել են, որ սույն տնօրենը տարիներ շարունակ զբաղված է եղել իրենց ունեցվածքի յուրացմամբ: Հրապարակումների առիթով ինձ հայտնի դարձավ, որ Հարությունյանի չարաշահումները հատ-հատ հաստատվում են, եւ դատաքննությունը հասել է ավարտական փուլ: Ի դեպ, այդ գործերին երբեք չեմ միջամտել, որեւէ պետական մարմնի երբեք չեմ դիմել: Իր ագահութան պատճառով հայտնվելով անհուսալի վիճակում` Հարությունյանը ըստ ամենայնի հաշվել է, թե ԶԼՄ-ներով ինձ շանտաժելով, իրեն եւ իր ընտանիքը իբրեւ զոհ ի ցույց դնելով, կարող է խուսափել պատասխանատվությունից: Թեեւ` մյուս կողմից էլ ուղիներ է փնտրում իմ աջակցությունը կրկին ստանալու համար:



 



Իրոք, ինչ որ շրջանում Հարությունյանին հավատացել եմ եւ վստահել, հիմա`ոչ: Ուրեմն նրան մնում է տղամարդավարի ապրել ու ինքնուրույն աշխատել առանց իմ հոգածության:



 



Հարգանքով` Արտաշես Թումանյան



09.11.2012 թ.