Դռան թակոցից վախենում են

«Երեխաներս չեն էլ ցանկանում տեսնել եւ լսել նրա մասին, ես իմ երեխաների համար եւ հայր եմ, եւ մայր»,-ասում է ընտանիքի մայրը` 54- ամյա Աղավնի Լադոյանը: Ամուսնուն մեղադրում է միայն այն բանի համար, որ իրենց խաբել է, տունը վաճառելով՝ գումարը վերցրել եւ հեռացել: Այդ օրվանից սկսվել են ընտանիքի դժվարությունները: «Երեխաներիս հետ միասին սկսեցի բնակվել հայրական տանս, բայց արդեն 10 տարի է, ինչ ապրում եմ դոմիկում»,-ասում է Ա. Լադոյանը:
Ինչպես կինն է պատմում`սկզբում տնակի համար որեւէ գումար չեն վճարել, մինչեւ տնակատերն այն վաճառել է մեկ ուրիշի, վերջինս էլ արդեն գումարով վարձակալության է տվել իրեն: «Տան վարձը չենք կարողանում վճարել, այդ իսկ պատճառով էլ տանտերը որոշել է, որ մենք պետք է այլեւս այնտեղ չապրենք»,- ասում է տիկին Աղավնին` հավելելով, որ ամեն վայրկյան կարող են հայտնվել բաց երկնքի տակ. «Դռան թակոցից վախենում ենք, մեզ թվում է, թե տանտերն է եկել ասելու, որ տունն ազատենք»:
Տան միակ աշխատողն Աղավնին է. աշխատում է ջերմոցում, օրական 1000-1500 դրամով: Այդ գումարով կարողանում են հոգալ միայն սննդի հարցերը: «Օր է լինում, որ գումար չեն տալիս, առանց փողի տուն եմ գալիս ու ծախսում հավաքած վարձի գումարը, արդյունքում վարձի օրը ձեռնունայն եմ լինում»,-ասում է տանտիկինը` նշելով, որ իրեն մեղադրել էլ չի լինի, չի կարող տեսնել, թե ինչպես են երեխաները սոված մնում: Ցանկանում է ուրիշ տեղ էլ աշխատել, բայց ոչ մասնագիտություն ունի, ոչ էլ օտար լեզուների է տիրապետում, բոլոր աշխատատեղերի դռները փակ են իր առջեւ: Ձմռանը ընտանիքի վիճակն ավելի ծայրահեղ է դառնում, 3 ամիս ջերմոցը չի աշխատում. «Ամբողջ ձմեռ հարեւաններից, խանութից պարտք ենք անում ու մի կերպ յոլա գնում ու ամբողջ ամառ աշխատում ենք, որ պարտքերը վճարենք»,-ասում է Լադոյանը: Այն տնակը, որտեղ ապրում են, չունի կոմունալ որեւէ հարմարություն. «Հավասարազոր է դրսում ապրելուն, բայց մեզ հույս ենք ներշնչում, թե տան մեջ ենք ապրում»: Տունը տաքացնում են վառարանով, սակայն դեռ փայտ չեն գնել, երեւի չգնեն էլ, հարեւաններից մեկը փայտ կտրամադրի:
Օգնության նպատակով երբեւիցե որեւէ մեկին չեն դիմել, տիկին Աղավնին ցանկություն էլ չունի դիմելու: «Ամեն ինչից հոգնել ենք, պայքարում ենք գոյատեւելու համար, աներեսի նման սրան-նրան եմ խնդրում, որ երեխեքի շորերը հնանալու դեպքում մեզ տան, որ երեխեքս հագնեն»,-ասում է ճարահատյալ մայրը, տեղեկացնելով, որ արդեն երկրորդ տարին է, որ տղան ձմռանը տնից դուրս չի գալիս՝ հագուստ չունենալու պատճառով: Հենց ֆինանսական խնդիրների պատճառով էլ տղան 8-րդ դասարանով է դպրոցն ավարտել: Ցանկանում է խոհարար դառնալ. «Սպասում եմ քույրս դպրոցն ավարտի, որպեսզի խոհարարական դասընթացների գնամ, թե չէ մաման չի կարող ճանապարհածախսի համար գումար տրամադրել»,- ասում է 16-ամյա Սուրենը եւ նշում, որ ցանկանում է օգնել մորը, բայց ոչ մի տեղ աշխատանքի չեն վերցնում: Տիկին Լադոյանի խոսքով, կյանքի բոլոր հարվածներին դիմացել են. «Օրեր են եղել՝ սոված ենք մնացել, լույս, ջուր չենք ունեցել, բայց մի ելք, մի ճանապարհ ենք գտել եւ հաղթահարել ենք, իսկ փողոցում հայտնվելու դեպքում չգիտեմ ինչ կլինի. երեւի կգիշերենք փողոցում եւ կամաց- կամաց կհայտնվենք բոմժի կարգավիճակում, եթե, իհարկե, դեռ չենք հայտնվել»:
Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Կարծիքներ