Մի արի տուն, թե չէ կդատեն

Մի արի տուն, թե չէ կդատեն
Ալֆրեդ Հարությունյանն ԱՄՆ քաղաքացի է, Գլենդելից: 2009թ. սկսած՝ պարբերաբար այցելել է հայրենիք, 5-6 ամսով մնացել: «2011թ. վերջնականապես որոշեցի մշտական բնակություն հաստատել Հայաստանում: Սեպտեմբերի 16-ին եկա Երեւան՝ ինձ հետ բերելով իմ որսորդական երեք հրացանները: Երբ իջա «Զվարթնոց» օդանավակայան, անվտանգության աշխատողներն ինձ էին փնտրում, քանի որ այդ հրացանների տուփի վրա պիտակ էր կպցված, որ դրանք ինձ չտան: Նրանք, ինձնից ստորագրություն վերցնելով, հրացանները 40 փամփուշտների հետ հանձնեցին օդանավակայանի մաքսային աշխատողներին: Ասացին, որ դիմեմ ոստիկանություն, բերեմ զենքերի համար թույլտվություն, որից հետո նոր միայն զենքերն ինձ կտան»,- պատմում է Ալֆրեդ Հարությունյանը:



 



 



Ալֆրեդը եւ ԱՄՆ-ի՝ Գլենդելի, եւ Հայաստանի որսորդմիությունների անդամ է, որսորդական հրացանները տեղափոխել է օրինական ճանապարհով եւ համապատասխան փաստաթղթերով: «Ճիշտ է, մի քիչ դժվարություն պատճառեցին օդանավակայանում, բայց թույլտվություն բերելուց հետո իմ զենքերն ինձ տվեցին, եւ ամեն ինչ նորմալ էր»,- ասում է Ալֆրեդը: Իսկ մեքենան եւ մյուս անձնական իրերը, որոնք նախապես ուղարկել էր, Հայաստան են հասել դեկտեմբերի 2-ին: Ալֆրեդը, օգտվելով Սահմանադրության 105 հոդվածի 6-րդ կետի ընձեռած արտոնությունից, այն է՝ ովքեր մշտական բնակություն են հաստատում Հայաստանում, ազատվում են որեւէ տեսակի տուրքեր վճարելուց, մաքսազերծում է մեքենան եւ մյուս իրերը: «Սկզբում Մեդեքսիմ մաքսատան աշխատողներն ասում էին, թե նման իրավունք չկա, բայց երբ տարա համապատասխան թույլտվությունը, ասացին, որ պետք է տեխզննում անցկացնեն: Զննման ընթացքում իմ տուփերի միջից ի հայտ եկան իմ որսորդական հրացանի փամփուշտները, մի շարք որսորդական դանակներ, որոնք ես գնել էի Երեւանից՝ «Փեթակից», տարել Գլենդել եւ ետ էի բերել: Կային նաեւ երկու հատ գազի բալոն, հրացանի փայտե խզակոթ, ռադիոկապի երկու հատ միջոց, մի խոսքով, այնտեղ ինչ որ ես օգտագործել էի որսորդության ժամանակ, հետս բերել էի: Իմ ամբողջ ապրանքները՝ մոտ 20 կտոր տուփերով ու արկղերով, բռնագրավեցին, տվեցին փորձագետներին, որպեսզի որոշեն, թե որն է զենք-զինամթերք, որը՝ չէ: Այդպես մի 5-6 ամիս պահեցին իմ ապրանքները, եւ ես ոչ մի լուր չէի ստանում»,- պատմում է Ալֆրեդը:



 



Խորհրդարանական ընտրություններից առաջ, երբ նախագահն ընտրարշավի շրջանակներում այցելել է նաեւ Այնթապ, որտեղ Ալֆրեդն է բնակվում, վերջինս խնդրել է նախագահին, որ ընդունի իրեն եւ լսի իր պատմությունը. «Մի 4-5 օր հետո ինձ կանչեցին նախագահականից եւ միջնորդեցին, ինչի շնորհիվ ես ստացա իմ իրերը՝ բացառությամբ փամփուշտների եւ մյուս իրերի, որոնք առնչվում էին գործի հետ: Որից հետո, շատ կարճ ժամանակում, ինձ կանչեցին հարկայինի քննիչները, վերջին հարցազրույցն ունեցան ինձ հետ եւ գործն իրենց մոտ ավարտելով՝ ուղարկեցին դատախազություն: Իմ դեմ քրեական գործ հարուցվեց 215 հոդվածի 2-րդ մասով, որը նախատեսում է 4-8 տարի ազատազրկում, ինչն իմ դեպքում իրոք ծիծաղելի է»: Հունիսի 20-ից սկսած՝ ամեն շաբաթ Ալֆրեդին, ինչպես ինքն է ասում, տանում-բերում են. «Մի օր դատախազը չի գալիս, մի օր դատապաշտպանը չի գալիս, էդպես քաշքշում են, եւ ես չգիտեմ, թե էս խնդիրը ոնց կավարտվի»:



 



«Մենք դեռ չունենք վերջնական դատական ակտ, բայց արդեն վերաբերմունքից զգացվում է, որ ոչ արդարացի դատավճիռ է լինելու, մենք վտանգը զգում ենք: Իր գործողություններում ոչ մի հանցակազմ չկա, ամեն ինչ օրինական է, փաստաթղթերով, ուղղակի վերջին փաստաթուղթը, երբ զենքերը բերելուց հետո բերում է օժանդակ փամփուշտները եւ դանակները, այստեղ դիմավորելիս ասում են, որ չի հայտարարագրվել: Մենք էլ ասում ենք, որ նման դեպքում վարչական պատասխանատվության են ենթարկում, ոչ թե քրեական, քանի որ որեւէ դիտավորություն չի եղել: Իսկ մաքսանենգության համար, որում մեղադրում են Ալֆրեդին, հանցակազմը պարտադիր պայման է: Իսկ թե ինչու են այդպես վարվում, ինչպես դատախազությունն է հայտարարում՝ պրինցիպի հարց է, իսկ թե ինչ պրինցիպ է, ես չգիտեմ»,- պարզաբանում է Ալֆրեդի փաստաբան Ռուզաննա Սիրեկանյանը:



 



«Ես լուրջ հիասթափված եմ ամեն ինչից, ես չեմ ուզում թողնեմ-փախնեմ մեր երկրից, քանի որ սիրելով եմ եկել, ուզում եմ մնալ, բայց եթե շարունակվի էսպես, ես պիտի մտածեմ վերադառնալու մասին»,- ասում է Ալֆրեդ Հարությունյանը:



 



Ալֆրեդը մեր հայկական երգարվեստին մոտ կանգնած մարդ է եւ շատ ընկերներ ունի արվեստագետների ու մտավորականների շրջանում, ովքեր խիստ վրդովված են նման անարդար, կամայական վերաբերմունքից: «Մենք ստորագրահավաք ենք պատրաստում, դիմելու ենք եւ նախագահին, եւ մեր հասարակությանը, որպեսզի վերջ դրվի այս զավեշտալի վերաբերմունքին: Ի՞նչ է նշանակում, մարդը Ամերիկան թողել-եկել է հայրենիք՝ մշտական բնակվելու, օրենքով գրանցված ու թույլատրված իր որսորդական պարագաներն է բերել հետը, դրա համար քրեական գո՞րծ են հարուցում: Ասում են արի տուն ու այդպե՞ս են վարվում եկողի հետ»,- վրդովված ասում է բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը:



 



Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ