Սյունիքի դատախազի տեղակալի նկատմամբ քրեական գործ կհարուցվի՞

Սյունիքի դատախազի տեղակալի նկատմամբ քրեական գործ կհարուցվի՞
Օրերս, երբ Սերժ Սարգսյանը հաթաթա տվեց  դատախազությանը, դրանից հետո գլխավոր դատախազը չհապաղեց ու որոշ կարգապահական վարույթներ հարուցեց մի շարք դատախազների, այդ թվում Սյունիքի մարզի դատախազի տեղակալ Հայկ Կարապետյանի նկատմամբ, ով մինչ նոր դատախազի նշանակվելը Սյունիքի մարզի դատախազի ժամանակավոր պաշտոնակատարն էր: Թեեւ դատախազությունը կարգապահական վարույթ հարուցելու հիմքերը չի նշում, սակայն մեզ հաջողվեց պարզել, որ Հայկ Կարապետյանի նկատմամբ վարույթ հարուցելու պատճառը երկու ամիս առաջ մեր թերթում Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակով հրապարակված գործն է եղել:



 



 



Նշված բաց նամակում նամակագիր Ներսես Խաչատրյանը Սերժ Սարգսյանի ուշադրությունն էր հրավիրել «Սյունիքի մարզի դատախազի տեղակալ Հայկ Կարապետյանի եւ նրա կամակատարների՝ ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնի հետաքննիչ Արման Նշանյանի եւ ավագ քննիչ Արա Ջավադյանի կողմից կատարված ապօրինի գործողությունների ու պաշտոնական դիրքի չարաշահումների վրա»: Ապա Ներսեսը մանրամասն նկարագրել էր, թե ինչ հանգամանքներում էին «թարսվել» իր եւ Հայկ Կարապետյանի հարաբերությունները, եւ ինչպես էր վերջինս խոստացել «ամեն ինչ անել Ներսեսին նստացնելու համար»: «Որոշ ժամանակ անց ինձ հետ ունեցած անձնական թշնամանքի հողի վրա Հ. Կարապետյանը, ոգեւորված, իր կամակատարների միջոցով ապօրինի գործողություններ կատարելու արդյունքում, որեւէ հանցանք չգործած, 4 եւ 6 տարեկան երկու երեխաների մայր կնոջս նկատմամբ մեղադրանք է թխել (քաղաքացիաիրավական փոխհարաբերությունները միտումնավոր դարձրել են քրեական) ու ներկայացրել դատարան՝ կնոջս մեղադրելով յուրացման մեջ»,- գրել էր Ներսեսը՝ ավելացնելով. «Մեծարգո նախագահ, արդեն սպառել եմ իմ իրավունքների պաշտպանության բոլոր հնարավորությունները, ու էլ ոչինչ չի մնում անել, քան խոնարհաբար խնդրել Ձեզ՝ պարտավորեցնելու համապատասխան մարմիններին, վերը նշված հանգամանքներն օբյեկտիվորեն քննության առնելով, բացահայտել ողջ իրականությունը, որպեսզի իսկապես հաղթի արդարությունը»:



 



Եվ ահա, պարզվում է, նամակը հրապարակվելուց հետո նախագահականից այն ուղարկել են Հատուկ քննչական ծառայություն: ՀՔԾ-ն, ուսումնասիրելով գործը, գտել է, որ հանցակազմ չկա դատախազի տեղակալի արարքներում, եւ մերժել է գործի հարուցումը: Ներսես Խաչատրյանը, սակայն, ՀՔԾ-ի որոշումը բողոքարկել է վերադաս դատախազին, այսինքն՝ գլխավոր դատախազություն, որտեղից ավագ դատախազ Հարությունյանը գտել է, որ քննիչի կայացրած որոշումն օրինական է: Դատախազության պատասխանից հետո Ներսեսը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով վերացնել քննիչի որոշումը եւ քրեական գործ հարուցել Հայկ Կարապետյանի նկատմամբ: Նոյեմբերի 7-ին դատարանը բավարարել է Ներսեսի պահանջը, ըստ որի Հայկ Կարապետյանի նկատմամբ պետք է քրեական գործ հարուցվի: Փաստորեն, դատախազը դատարանից առաջ է ընկել. մինչ դատարանի վճիռը կմտնի օրինական ուժի մեջ, դատախազը շտապել է կարգապահական վարույթ հարուցել Սյունիքի մարզի դատախազի տեղակալի նկատմամբ: