Սպասենք հաջորդ դասին

Սպասենք հաջորդ դասին
Երեկ կայացավ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստը, որտեղ պետք է քննարկվեին «Հարսնաքարի» եւ Պողոս Պողոսյանի սպանության գործերով եւ հակակոռուպցիոն ժամանակավոր հանձնաժողովներ ստեղծելու վերաբերյալ որոշման նախագծերը: Նիստին մասնակցում էին 4 ՀՀԿ-ական պատգամավորներ, Արծվիկ Մինասյանը՝ ՀՅԴ-ից, Զարուհի Փոստանջյանը՝ «Ժառանգությունից», Գագիկ Ջհանգիրյանը՝ ՀԱԿ-ից, Էդմոն Մարուքյանը՝ անկախ պատգամավոր, եւ Տիգրան Ուրիխանյանը՝ ԲՀԿ-ից:



 



Սակայն վերջինս, նիստի կեսից հեռանալով, ըստ էության, խոչընդոտել է առաջարկված նախագծերի անցնելուն, եւ դրանք չեն ընդգրկվել քառօրյայի օրակարգում: Նախագծերը 4 կողմ եւ 4 դեմ ձայների հարաբերակցությամբ մերժվել են: Երեկ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին խնդրեցինք պատմել, թե ինչ է տեղի ունեցել հանձնաժողովի նիստում: «Սա շատ լավ առիթ էր, որպեսզի ԲՀԿ-ն հանձներ քննությունը: Սակայն երեկ ԲՀԿ-ն, ի դեմս պարոն Ուրիխանյանի, չհանձնեց այդ քննությունը, քանի որ դասը լավ չէր սովորել»,-ասաց Փոստանջյանը: Ինչ վերաբերում է ԲՀԿ առաջարկին՝ խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու հետ կապված քաղաքական կոնսուլտացիաներ սկսելուն, ապա տիկին Փոստանջյանը կարծում է, որ «եթե իրոք ԲՀԿ-ն ցանկանում է մեր պետության մեջ առողջացման գործընթացին մասնակցել, ապա իրենց սեղաններին դրված է մեր նախաձեռնությունը, որը վերաբերում է ընտրության օրը Հայաստանում չգտնվող մեր քաղաքացիներին: Մենք առաջարկում ենք, որ նրանց հնարավորություն ընձեռվի դեսպանատներում, հյուպատոսարաններում մասնակցել ընտրությանը: Եթե ԲՀԿ-ն միանա մեզ, եւ մենք կարողանանք մտնել Սահմանադրական  դատարան, որպեսզի ներկայիս Ընտրական օրենսգրքի այդ դրույթները ճանաչվեն  Սահմանադրությանը հակասող, ինչի արդյունքում շուրջ 600 հազար քաղաքացիներ հնարավորություն կստանան արտերկրում քվեարկել, ապա այդ ժամանակ կարող ենք ասել, որ ԲՀԿ-ն դասընթացին մասնակցեց եւ ստացավ դրական գնահատական»:



 



Ինչ վերաբերում է բուն կոնսուլտացիաներին, ապա «իրենց դուռը բոլոր թակողների առաջ բաց է, իրենք լսում են բոլորին, բայց, որպեսզի դուռը թակած «անձի» նկատմամբ վստահություն ձեռք բերվի, անկախ նրանից, որ այդ «անձը» նախկինում եղել է իշխանության մեջ եւ ներկայումս չի կողմնորոշվում դեռ, թե որտեղ է, առնվազն պետք է հայտարարություն անի, որ այս երկու նախագծերը դրական գնահատականի չարժանացնելը կուղղի հաջորդ դասին: Իսկ քննությունը հանձնելու նվազագույն մեկնարկը կարող է լինել ՍԴ դիմելու մեր առաջարկը»: