Մեղադրյալը ՀՀԿ կազմբաժնի հովանավորության տակ է

Նախաքննությունն այլ փաստեր էլ է ուսումնասիրում: Այս ամենի մասին հանրապետական մամուլում գրվել է, ինչպես գրվել է նաեւ այն մասին, որ հնարավոր է նա տեղական մաֆիայի զոհն է, քանի որ փորձել է ինտերնատի մատակարարումն իրականացնել այլ աղբյուրներից, իսկ մինչեւ իր աշխատելը մատակարարների թվում մարզի դատախազին, ոստիկանապետին եւ այլ մեծահարուստներին պատկանող հիմնարկներն էին: Հովհաննիսյանին մեղադրանքներ են առաջադրվել երկու հոդվածներով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերի յուրացման եւ հոգեկան խանգարման հետեւանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգի եւ շահագործման համար: Հասկանալի է, որ նման իրադարձությունները մեզանում առանց բարձր հովանավորության չեն կատարվում:
Երեկ ոստիկանությանը մոտ մեր աղբյուրը նոր տեղեկություններ հայտնեց Նվեր Հովհաննիսյանի հրաշալի ազատման մասին: Հովանավորը, մեր տվյալներով, սոցապնախարարության աշխատակազմի ղեկավար Արտակ Գրիգորյանն է: Բանն այն է, որ նախաքննության ժամանակ տուն-ինտերնատի տնօրենն ասել էր, որ գումարներ է տվել Գրիգորյանին, նաեւ շեշտել էր փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանի, Հաշմանդամների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանի անունները: Գործը ջրվել է Հանրապետական կուսակցության կազմակերպչական բաժնի վարիչ Ռուբեն Թադեւոսյանի օգնությամբ: Վերջինս Նվեր Հովհաննիսյանի հորաքրոջ տղան է: Մեզ հասած տեղեկություններով, Ռուբեն Թադեւոսյանը խոսք է տվել, որ իր ազգականը, գտնվելով ազատության մեջ, այլեւս բարձրաստիճաններին տված կաշառքի մասին ցուցմունքներ չի տա, իսկ որպես դրա փոխհատուցում՝ կալանքի երկամսյա ժամկետը լրանալուց հետո կանցնի իր նախկին աշխատանքին: Այժմ ինչ-որ ցուցմունքներ են փոխում, ինչի նպատակը մեկն է՝ տնօրենին թույլ տալ շարունակելու իր աշխատանքը:
Ըստ մեր աղբյուրի, նոյեմբերի 7-ին նա պետք է կրկին անցներ աշխատանքի: Երեկ զանգահարեցինք Վարդենիսի տուն-ինտերնատ՝ ստուգելու համար, թե արդյո՞ք Նվեր Հովհաննիսյանն աշխատանքի է գնում: Նրա օգնականը վերցրեց եւ ասաց, որ Հովհաննիսյանը տեղում չէ եւ կգա քիչ անց: Փորձեցինք այդ կնոջ միջոցով տնօրենին հարցեր ուղղել: Բայց տնօրեն Հովհաննիսյանը խնդրեց դիմել սոցապնախարարություն: Սոցապնախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Խաչատրյանը, որից ուզում էինք իմանալ, թե հնարավո՞ր էր արդյոք, որ Նվեր Հովհաննիսյանը խոշոր չափերի յուրացում կատարեր, եւ դա աննկատ մնար նախարարության ղեկավարությունից, ասաց, որ ոչ մի պետական մարմնի ներկայացուցիչ նման հարցադրումների չի պատասխանի: Նա հրաժարվեց որեւէ տեսակետ արտահայտել նաեւ սոցապնախարարության պաշտոնյաների դեմ ցուցմունքների մասին՝ ասելով, որ նախաքննության գաղտնիքների հետ իրենք գործ չունեն: ՀՀԿ կազմբաժնի պետ Ռուբեն Թադեւոսյանին էլ հարցրինք, թե արդյոք ինքը հովանավորո՞ւմ է Հովհաննիսյանին եւ արդյո՞ք նրա հորաքրոջ տղան է:
Նա չհերքեց իր եւ Հովհաննիսյանի միջեւ ազգակցական հարաբերությունը, ասելով. «Դա ի՞նչ կապ ունի: Ձեր հայտնած տվյալները ժողովրդական բանահյուսության ժանրում են, այդ հերյուրանքներով դիմեք իրավապահ մարմիններին, իրենք Ձեզ սպառիչ պատասխաններ կտան»: Իրավապահները եւս քար լռություն են պահում այս գործի վերաբերյալ՝ մեջբերելով նախաքննության գաղտնիքը: Ի դեպ, Ռուբեն Թադեւոսյանին մեղադրում են նաեւ փուչիկների գործում մասնակցություն ունենալու մեջ:
Կարծիքներ