ՄԵՆՔ. Ոչ տարօրինակ զուգահեռներ

ՄԵՆՔ. Ոչ տարօրինակ զուգահեռներ
Օրեր առաջ բժիշկների մի քանի սերունդ ներկայացնող հին բարեկամներիս էի հյուրընկալվել: Երբ զրույցից պարզվեց, որ հաջորդ օրը հայր ու որդի գործով պետական ինչ-որ գրասենյակ պիտի այցելեին, արդեն բժշկական կրթություն ստացած ու մասնագիտական աշխատանք ունեցող որդին հորը հարցրեց՝ իսկ ծանոթ ունե՞նք։ Ու անմիջապես էլ անխմբագրելի հոռետեսության մեջ ընկավ՝ լսելով հոր «չէ՜, հենց այնպես գնանք-փորձենք» պատասխանը։ «Լավ, էլի՛, հեր». սա էր որդու վճիռ-արձագանքը։ Ու ես անմիջապես  հիշեցի, թե քանի-քանիսն են դիմել ինձ՝ օգնություն ակնկալելով այնպիսի պարագաներում, երբ մեկին գումարած մեկի պես հստակ պիտի լիներ ամեն ինչ, առանց պատգամավորական ճիգի էլ լուծելի։



 



Լուծելի..., եթե, իհարկե, աշխատեին օրենքները, եւ Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացին հավատար, որ օրենքով ամրագրված իր իրավունքները պաշտպանված են, ու, ինչպես Թումանյանը կասեր, սարն ամենքինն է հավասար։



 



«Գիտես, ամեն անգամ, երբ կլինիկայի դուռը բացվում է, ու լսում եմ անծանոթ մեկի հետ բուժքրոջ զրույցը, շունչս պահում եմ. մտածում եմ՝ կամ հարկայինից են, կամ կադաստրից, կամ տեսչությունից»,- շարունակեց հայրը։



 



Խեղճ հայ մտավորական, հայ բժիշկ՝ կարեկցանքով մտածեցի ես ու երկրորդ վայրկյանին էլ հիշեցի խորհրդարանային տարիներից ձեռք բերած գործարար գործընկերներիս, որոնք թեեւ բութ ու մունջ հնազանդությամբ կողմ էին քվեարկում հարկային կամ տնտեսական հերթական «բարեփոխիչ» օրենքներին, բայց խորհրդարանի միջանցքներում նախանձում էին մեր համարձակությանն ու անկեղծությանը ու վերելակամիջանցքային հրապարակախոսության ժանրին դիմում. «Ախպեր, էս երգիր չի, բիզնեսս առնեմ՝ էթամ ստից»։



 



Ավաղ, սա մեր հասարակական-քաղաքական իրականության ոչ անհայտ պատկերից մի փոքրիկ պատառիկ է, իսկ պատկերն իր ողջ մերկությամբ ու հետեւանքներով բաց է, հայտնի թե երկրի ղեկավարությանը, թե մեր հասարակությանը, թե այն բոլոր միջազգային կառույցներին, որոնք ուսումնասիրություններ են կատարում Հայաստանում եւ պարբերաբար, գրեթե աղանդավորական համառությամբ, ցուցանիշներ հրապարակում մեր երկրում կոռուպցիայի, տնտեսական ռիսկերի, մարդու իրավունքների պաշտպանվածության, գենդերային եւ էլի այսպիսի քաղաքակրթական արժեքների մասին։



 



Ընդամենը մեկ ամիս, եւ կեզրափակվի ՀՀ կառավարության 2009-2012թթ. կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության ծրագիրը, իսկ Transparency International կազմակերպության կողմից «Կոռուպցիայի ընկալման ինդեքս»-ի (Corruption Perceptions Index) ամենամյա վարկանիշում կոռուպցիայի ընկալման համաթվով Հայաստանը շարունակում է անպատվաբեր 129-րդ տեղում մնալ։



 



Իրավունք ունեմ եզրակացնելու, որ կառավարության կողմից անցկացված հակակոռուպցիոն միջոցառումներն արդյունավետ չեն եղել, բայց ինձ նույնքան եւ էլ ավելի վտանգավոր է թվում այն հանգամանքը, որ տարեցտարի աճում է Հայաստանում ստեղծված իրավիճակը փոխելու հարցում իրենց անզոր համարող քաղաքացիների թիվը։ Ցավալիորեն մեծանում է պարտված ու  «ինքնադատապարտվածների» թիվը, իսկ նրանք այնքան հեշտ են կտրում հայրենիքի հետ իրենց երակը։



 



Հավանաբար այս եւ, անշուշտ, առաջիկա նախագահական ընտրություններն են ստիպել երկրիս բարձր ղեկավարությանը այս օրերին խոսել կոռուպցիայի դեմ պայքարի վճռական գործողությունների մասին ու դեռ  շոշափելի ու տեսանելի արդյունքներ ակնկալել։



 



Անցնող տարիներին այս տիպի անկեղծ ընդվզումների ականատեսն էլի ենք եղել ու պարկեշտ անկեղծությամբ հավատացել ենք իշխանական խոստումներին, սպասել ենք արդյունքների… ու սպասել ու սպասել…



 



Ու սպասումի մեջ երկրիս հարուստներն ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել։



 



Տարօրինակ թե սրիկա զուգադիպությամբ, այս նույն օրերին parliamentmonitoring կայքում հրապարակվեցին ԱԺ պատգամավորության թեկնածուների (իսկ հիմա՝ արդեն գործող պատգամավորների) գույքի եւ եկամուտների մասին հայտարարագրերից որոշ մանրամասներ։



 



Այս որոշ մանրամասներն այնքան «շոշափելի» էին, որ մի քանի անգամ դիմեցի հաշվիչին` հավատալու համար աչքիս տեսածին։ ԱԺ գործող պատգամավորներից ոմանց եկամուտներն անցնում են մի քանի տասնյակ միլիոնի սահմանը։



 



Իսկ խորհրդարանական ընտրությունների նախօրյակին այդ նույն բարձր իշխանությունը խոստանում էր քաղաքականությունն անջատել բիզնեսից ու մականունավորների մուտքը փակել խորհրդարան։ Եվ ունեցանք այն, ինչ ունեցանք...



 



Չէ, ես որեւէ մեկին գողության մեջ մեղադրելու իրավունքը չունեմ, ոչ էլ անում եմ, բայց մի բանում հաստատ համոզված եմ՝ նրանք գողացել են իմ եւ մեր հնարավորության իրավունքը։



 



Իսկ ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածն այս էլ քանի տարի ասում է. «Պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ»։



 



Ու մենք նորից դոնքիշոտյան պարկեշտ անկեղծությամբ պիտի հավատանք ու սպասենք արդյունքների…. կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքների...



 



Եվ այս առիթով`



 



«Մեր առաջընթացի չափանիշը հարուստների հարստության ավելացումը չէ, այլ աղքատների համար հնարավորությունների ապահովումը» (Ֆրանկլին Ռուզվելտ):



 



Լիլիթ ԳԱԼՍՏՅԱՆ