Ծառուկյանի «Տարվա մարդ» տիտղոսը կդառնա տարվա թեմա

Բանը հասել է նրան, որ ժողովրդի ընկալման մեջ նախագահն ու պետությունը նույնացվել են, դարձել հոգի ու մարմին, եւ նախագահին հասցեագրված քննադատություններն ընկալվում են որպես պետականության հիմքի թուլացում: Սա իշխանության ամենամեծ արատն է, որը խոչընդոտում է մեր երկրի՝ որպես պետության միջազգայնորեն կայացմանը: Երեկ իմացա, որ Գագիկ Ծառուկյանը Մոսկվայում արժանացել է «Տարվա մարդ» կոչմանը: Առաջին բնական ռեակցիան հետեւյալն էր՝ Ծառուկյանի հարաբերությունները Մոսկվայի հետ «շոկոլադնի են», գուցե Մոսկվան դրանով անուղղակի «դաբրո՞ է տալիս» նրան ու նախագահական գորգ փռում ճանապարհին: Հետո ամաչեցի ինքս ինձնից՝ մեր երկրի ներկայացուցչին «Տարվա մարդ» տիտղոսն են տալիս, իսկ ես քաղաքական ինտրիգներ եմ դրա մեջ փնտրում: Այդ տիտղոսին արժանացան նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը։
Ուշագրավն այն էր, որ այդ տիտղոսին արժանացողները ԱՊՀ երեք երկրների նախագահներն էին, իսկ Հայաստանից՝ Ծառուկյանը: Չթաքցնեմ, դա որպես վերաբերմունք ընդունեցի ՀՀ նախագահի վերաբերյալ: Հայկական հեռուստատեսությամբ անընդհատ խոսում են երկու նախագահների ջերմ ու բարեկամական հարաբերությունների մասին, բայց պարզվում է… ինչքան ալիքները փոխեցի, որ մի ուրիշ տեղից էլ լսեմ լուրը, լռություն էր: Դա ինձ ստիպեց մտածել, որ ծանր են տանում: Իսկ երբ տեղեկացա, որ մամուլի հետ Գալուստ Սահակյանը կիսվել է «Ես նոր իմացա, որ նման մրցանակ են տվել։ Դուք եք ինձ նման տեղեկություն տալիս։ Կարծում եմ՝ դա ինչ-որ հաճելի երեւույթ է, եւ քաղաքական մտայնություն այստեղ չի կարող լինել» համառոտ նախադասություններով, կասկած չմնաց, որ երեւույթին պարզ գնահատական տալու մեջ ամփոփվում է բարդությունը: Անհնարին էր, որ ՀՀԿ փոխնախագահը չտիրապետեր այդ տեղեկատվությանը ոչ թե այդ օրը, այլ շաբաթներ առաջ… Եվ կրկին մամուլում հրապարակված «Ծառուկյանն այդ մրցանակը գնել է 30 հազար ԱՄՆ դոլարով» պարբերությունը քմծիծաղ առաջացրեց ինձ մոտ՝ մեր նախագահը չունե՞ր այդ մանրիկ գումարը…
Ինչեւէ, եթե նախագահի կամ բարձրաստիճաններից մեկի կողմից հեռուստատեսության որեւէ ալիքով շնորհավորեին Ծառուկյանին՝ «Տարվա մարդ» տիտղոսին արժանանալու համար, պետությունից պետության հոտ կգար: Իսկ Գալուստ Սահակյանի անիրազեկության վերաբերյալ մի փոքրիկ հուշում. մի քանի օր առաջ կրկին որպես կոմպրոմատ էր հանվել Ծառուկյանի բռնաբարության թեման՝ մանրամասներով, դա չի՞ վկայում, որ ինֆորմացիային տիրապետում էին ավելի շուտ: Ծառուկյանի «Տարվա մարդ» տիտղոսը կդառնա տարվա թեմա… Միայն ցավալի է, որ գերքաղաքականացված պայմաններում ոչ Ծառուկյանը կկարողանա ըմբոշխնել տիտղոս ստանալու ուրախությունը, ոչ իշխանությունը թույլ կտա նրան վայելելու այդ ուրախությունը, ոչ էլ ժողովուրդը կհասկանա, թե ինչու հենց Ծառուկյանին տվին այդ տիտղոսը: Այս ամենը վկայում է, որ մեր պետությունից պետության հոտ չի գալիս:
Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Կարծիքներ