Հիշելով Բրեժնեւին

Հիշելով Բրեժնեւին
Ուղիղ 30 տարի առաջ` 1982-ի նոյեմբերի 10-ին, 18 տարի ԽՍՀՄ-ն ու նրա հարակից «արբանյակները» ղեկավարելուց հետո, մահկանացուն կնքեց պատմության մեջ ամենահակասական ու երկակի հիշողություններ թողած գենսեկ Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւը:



 



 



Էսօրվա պես հիշում եմ այդ օրը: Հանգամանքների բերումով իրադարձությունների էպիկենտրոնում էի` Մոսկվայում, մասնագիտական վերաորակավորման դասընթացների:



 



Այդ օրն առավոտյան, սովորականի պես, սկսեցին դասընթացները, առաջին իսկ ընդմիջման ժամանակ դասախոսը հայտնեց իր մտահոգությունները` կապված այն բանի հետ, որ եթե Միլիցիայի օրվա կապակցությամբ համերգ չտրվեց, ուրեմն մի շատ լուրջ բան է կատարվել (իսկ ես` տգետս, նույնիսկ չգիտեի, որ նոյեմբերի 9-ը Միլիցիայի օրն է, առավել եւս, որ այդ օրը անպայման ողջ երկրով մեկ հեռարձակվող համերգ է լինում: Իսկ թե խորհրդային երկրում ինչ շատ լուրջ բան կարող էր կատարվել, բոլորի համար արդեն վաղուց պարզ էր, մանավանդ որ օրեր առաջ` նոյեմբերի 7-ի շքերթին, «թանկագինն» արդեն գրեթե չէր կարողանում խոսել, էլ չենք ասում շարժվելու մասին, որը նրա մոտ վաղուց արդեն լավ չէր ստացվում):



 



Մատաղ սերնդին էլ տեղեկացնենք, որ այդ տարիներին «մարդկության պատմության անիվը շրջած հեղափոխության» տարեդարձին միշտ շքերթ էր լինում, սկզբում ռազմական` ի ցույց իմպերիալիստական թշնամիների, իսկ որոշ ժամանակաշրջանից սկած` նաեւ թշնամիների ցուցակում հայտնված Չինաստանի, որից հետո էլ` խանդավառ աշխատավորության շքերթը, որոնք հրապարակով անցնում էին տրիբունաներից իրենց նայող խիստ հայացքների ներքո:



 



Սակայն վերադառնանք 30-ամյա վաղեմության օրերին: Կինոթատրոններում միայն ռազմահայրենասիրական ֆիլմեր էին. հասկանալի է` մեր դուխը պահել էր պետք, դրան էլ՛ ավելի «շախ էր տալիս» պարբերաբար հեռուստացույցի էկրանից լսվող եւ լեւիտանյան իմիտացիա հիշեցնող Իգոր Կիրիլովի ձայնը. «...սակայն ժողովուրդն էլ՛ ավելի սեղմ կհամախմբվի կուսակցության շուրջ»...



 



Եռօրյա սգի ատրիբուտներից էր նաեւ կոլեկտիվներին հերթագրումով



 



Սովետական բանակի թանգարան տանելը (ռազմահայրենասիրական դրսեւորումներից մեկը): Բոլորովին ցանկություն չունենալով ծանոթանալ թանգարանի «առաջարկելիքին», դեռ մուտքի մոտից  ճողոպրեցի ու կարճ ժամանակից հայտնվեցի մոսկովյան սրճարան-դիսկոտեկներից մեկում: Այցելու չկար, միայն ողջ հասակով մեկ կանգնած էր «թանկագինի» նկարը` մարշալի իր համազգեստով: «Ձեզ մոտ մի՞շտ է այսքան լուռ ու տխուր» հարցիս բարմենը, թե. «Չէ մի` տխուր, մի քանի օրից եկեք՝ կտեսնեք, թե ինչ է մեր մոտ կատարվում, ուղղակի սպասում ենք, որ սրան (հասկանալի է, թե ում է ցույց տալիս) ոտքերն առաջ դուրս հանեն, ու սկսենք...



 



Այսպես` համատարած կեղծ ու շիտակ սգի մթնոլորտում թաղեցին Լեոնիդ Իլյիչին` քաղաքական մի գործչի, որն իր անձով խորհրդանշում էր այն ամենը, ինչն ընդունված էր «լճացման տարիներ» անվանել` արտաքին վիճահարույց բարեկեցությունից մինչեւ ամենաթողության մթնոլորտն ու քողարկված կազմաքանդման գործընթացի սկիզբը:



 



70-ականների համեմատաբար բարեկեցիկ կյանքով ու «նիխտ պոլիտիկա» սկզբունքով ապրող խորհրդային քաղքենու համար, որի լավագույն «տանիքն» իր բոսորագույն կուստոմսն էր, Բրեժնեւը հեղհեղուկ կայունության եւ ապահով կյանքի խորհրդանիշ էր: Արեւմուտքի համար նա նախեւառաջ «չարիքի կայսրության» խորհրդանիշն էր` բռնապետ, որի «թեթեւ ձեռքով» արյան մեջ խեղդվեց 1968-ի «պրահյան գարունը», եւ որի ծերունական քմահաճությամբ սկսվեց աֆղանական անհեթեթ պատերազմը: Եվ վերջապես` շարքային խորհրդային քաղաքացու համար նա, թերեւս, առաջին հերթին ուրախ, բազմաոճ, բայց ոչ անմեղ անեկդոտների հերոս «Թանկագին Լեոնիդ Իլյիչն» էր (իսկ անեկդոտների հերոս լինելու քանակական ցուցանիշով նա թերեւս կարող էր զիջել միայն Չապաեւին), որն իրական կյանքում սիրում էր սրա-նրա հետ պաչ-պռոշտի անել (ընդ որում` անկախ սեռից, ռասայական պատկանելությունից, երբեմն էլ` քաղաքական դիրքորոշումներից), շքեղ ավտոմեքենաների (խորհրդային չափանիշներով) հավաքածու, որսորդություն, պատերազմական թեմայով ֆիլմեր, որոնք դիտելիս, ասում են, անպայման արտասվում էր, իհարկե` իր եռերգության շնորհիվ անմահացած վայրերից մեկը` Մալայա Զեմլյան հիշելով: Սիրում էր նաեւ շքանշաններ, որոնցով ինքն իրեն «պճնում» էր ուրիշների սխրանքների համար` լինեին նրանք տիեզերագնաց, թե կթվորուհի կամ հանքագործ, վերջապես` սիրում էր, որ իրեն շատ սիրեն, ինչը հատկապես տեղի էր ունենում Բաքվում, որտեղ այնպիսի ընդունելությունների էր արժանանում ներկայիս մեր ոչ բարեկամ երկրի նախագահի հոր կողմից, որ ելույթի ժամանակ շփոթմունքից թղթերը խառնում ու բոլորովին այլ բան էր արտասանում (իսկ հաճախ էլ` ուղղակի չէր կարողանում արտասանել):



 



Այդպիսով «ճոխ թաղումների հնգամյակների» սկիզբը դրվեց: Բրեժնեւին այդ պոստում հաջորդեց Անդրոպովը, հետո` Չերնենկոն, որոնց հաջողվում էր ընդամենը մեկ տարի նստել Կրեմլում: Հետո եկավ Գորբաչովը ու սկսեց իր պերեստրոյկան: Դրանից վեց տարի անց էլ ԽՍՀՄ-ը դադարեց գոյություն ունենալուց:



 



Լեւոն ԳԵՎՈՐԳՅԱՆ