Արագաչափով պահմտոցի Ապարանում

Այն պարզապես պատիժ է դարձել հատկապես ապարանցիների եւ մայրուղով երթեւեկող վարորդների համար: Ապարանյան այս արագաչափը գրեթե պարապուրդի չի մատնվում, որովհետեւ եւ արագաչափը, եւ մինչեւ արագաչափը տեղադրված ճանապարհային նշանը արագաչափի առկայության մասին տեղադրված են աչքի համար ոչ տեսանելի վայրում: Ավելին` արագաչափի ճանապարհային նշանը տեղադրված է էլեկտրասյան վրա: Վարորդի բախտը կբերի, եթե նա օժտված լինի պայծառատեսությամբ եւ գուշակի, որ էլեկտրասյունը նախատեսված է ոչ միայն հոսանքի, այլեւ ճանապարհային նշանի համար: Եթե չի գուշակում, հնարավոր է, որ բախտի բերմամբ կամ պատահմամբ նկատի այն: Նման վարորդներն այնքան էլ շատ չեն, ու արագաչափը փող տպող գործիքի պես փողեր է դարսում մի տարբերությամբ՝ պարզապես վարորդների գրպաններից:
Բազմաթիվ վարորդների բողոքներն այս արագաչափի վերաբերյալ, պարզ ասած, բանի տեղ չեն անցել: «Կթու կովը ո՞նց կմորթեն»,-ասաց ապարանցի տարեց մի վարորդ: Եվ ամենակարեւորը՝ այս արագաչափի մոտ սահմանված արագությունը 50 կմ/ժամ է, ինչն ուղղակի ծիծաղելի է, եթե չասենք, որ անհնար է Ապարանի մերձակայքում, վայրէջքի վրա այդ արագությունը պահելը: Նրանք, ովքեր չեն ուզում տուգանք վճարել, պարզապես կրիայի արագությամբ պետք է վարեն մեքենան: Ի դեպ, տեղանքը ոչ վտանգավոր է, ոչ շրջադարձ կա, ոչ զառիթափ, ոչ էլ մանկական կրթօջախ կամ այլ վտանգի աղբյուր, որ անհրաժեշտ լինի դանդաղ վարելը: Ուստի ակնհայտ է, որ այդ սահմանափակումը բացառապես փող քամելու նպատակ ունի վարորդներից:
Ինչի՞ համար են, ի վերջո, այս արագաչափերը: Վարորդների շրջանում ավելի ու ավելի շատ է խոսվում այն մասին, որ սա կոնկրետ օլիգարխի գրպանն է գնում: Անգամ նշում են Սաշիկ Սարգսյանի անունը: Եթե առաջներում պետավտոտեսուչներն էին թաքնվում ճանապարհներին ու «կթում» վարորդներին, ապա հիմա դա գիտության ու տեխնիկայի միջոցով են անում, որ բողոքներ չլինեն, եւ ամեն ինչ օրենքով արվի: Եթե մի քիչ խիստ լինենք, ապա սա գողություն է օրը ցերեկով, իսկ գիշերով` ավելին, քան գողությունը:
Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարծիքներ