Վարույթը գաղտնի են պահում մամուլից եւ «կարգազանցից»

Վարույթը գաղտնի են պահում մամուլից եւ «կարգազանցից»
Շաբաթ օրը մենք անդրադարձել էինք դատախազությունում հարուցված կարգապահական վարույթներին եւ մասնավորապես գրել էինք, որ Սյունիքի դատախազի տեղակալ Հայկ Կարապետյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել: Ինչպես նաեւ գրել էինք, որ հնարավոր է շուտով քրեական գործ հարուցվի, քանի որ դրա համար առկա է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:



 



Հիշեցնենք, որ օրերս գլխավոր դատախազի հրամանով մի քանի դատախազների նկատմամբ կարգապահական վարույթներ էին հարուցվել, այդ թվում եւ Սյունիքի դատախազի տեղակալի: Պարզվում է, սակայն, որ կարգապահական վարույթ հարուցվել է ոչ թե Հայկ Կարապետյանի, այլ Սյունիքի դատախազի մյուս տեղակալի՝ Էդիկ Հովսեփյանի նկատմամբ: Տեղեկությունը հաստատեց գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը: Սակայն ուշագրավն այն է, որ երբ զանգահարեցինք Էդիկ Հովսեփյանին եւ հետաքրքրվեցինք սույն վարույթով, նա ասաց, որ այդպիսի բան չկա, իր նկատմամբ ոչ մի վարույթ չի հարուցվել, եւ ինքը ոչ մի նման ինֆորմացիայի չի տիրապետում:



 



Դատախազության խոսնակին հարցրինք՝ հնարավո՞ր է, որ անձը ծանուցված չլինի իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի մասին: Վերջինս ասաց, որ իրենք՝ դատախազությունը, բանավոր կարգով տեղեկացրել են Էդիկ Հովսեփյանին վարույթի մասին, իսկ գրավոր ձեւով նա կտեղեկացվի, երբ հրավիրվի Երեւան՝ բացատրություն տալու: Թե այս իրավիճակում ով է ստում, պարզ չէ: Դատախազությունն ասում է, որ տեղեկացրել է, դատախազի տեղակալն էլ ասում է, որ տեղյակ չէ: Վարույթի հիմքերը, սակայն, պարզել չհաջողվեց: Սոնա Տռուզյանն ասաց, որ հիմքերի մասին կհայտնեն միայն վարույթի ավարտից հետո: