Հայաստանը եւ Մկստանը

Հայաստանը եւ Մկստանը
Խնկո-Ապերը՝ Աթաբեկ Խնկոյանը, իր «Մկների ժողովը»  ստեղծագործությունում նկարագրել է Մկստանը, որտեղ սով էր: Հայաստանում էլ վիճակը բարվոք չէ՝ բնակչության կեսից ավելին չքավոր է: Մկստանում սովի պատճառը «լկստան կատուն» էր, Հայաստանում՝ վերջին 20 տարվա նրա ղեկավարները: Նրանց մի մասին ժողովրդի վիճակն ընդհանրապես չի հետաքրքրել. այդ հարցը նրանք համարել են պոպուլիզմ:  Մյուսներին էլ եթե հետաքրքրել է, ապա որպես երկրորդական խնդիր:



 



Առաջնայինը եղել է իրենց եւ իրենց ազգականների համար առաջիկա 500 տարիների շքեղ կյանքի ապահովումը:  Մկստանի ժողովրդին ամենաշատ հուզող հարցն էր՝ «թե ինչ անեն, որ կատվեն մի հնարքով ազատվեն»: Հայաստանցիների մի մեծ մասին հուզողը նույնն է՝  ինչպես անեն, որ Բաղրամյան 26  հասցեում գտնվող ղեկավարն «օր առաջ հեռանա»: Այդ հարցը լուծելու համար Մկստանի գզիրն ընկնում էր դռնեդուռ՝ կանչում, բերում էր ժողովի: Քանի որ Հայաստանը Մկստանից շատ ավելի մեծ է, այստեղ մի գզիր չի, այլ մի քանիսն են, եւ նրանք բոլորն էլ ժողովներ են կազմակերպում դահլիճներում կամ էլ բացօթյա: Վերջինները կոչվում են հանրահավաքներ եւ շատ ավելի մարդաշատ են:



 



Մկստանի ժողովներում քննարկվող հարցը «զանգ կախողի» թեկնածության հարցն էր: Որ մառանում վեր ընկած կատուն ինչքան էլ նազ անի, ստից սատկի, տազ անի, այլեւս չկարողանա մուկ տեսնելիս վազ անի, «ԳԼԽԻՑ ԲՌՆԻ, կախ անի, թաթովը տա, խաղ անի, ուտի, քեֆը չաղ անի»: Հայաստանի ժողովների թեման էլ նույնն է՝ ինչպես անեն, որ Բաղրամյան 26  հասցեում գտնվող ղեկավարը հեռանա ու չկարողանա «գլխից  բռնել»:



 



Մկստանում չէր հաջողվում «զանգ կախող» գտնել՝ ժողովի կողմից առաջադրվող բոլոր թեկնածուներն էլ տարբեր պատրվակներով ինքնաբացարկ էին հայտարարում, որոնց պատճառը մեկն էր. «Բա որ կատուն գա ինձ վրա՞»: Հայաստանում մինչեւ վերջերս «զանգ կախելու» առաքելությունն իրենց վրա վերցնողներ գտնվում էին: Բայց այն բանից հետո, երբ չէին կարողանում դա անել, սկսում էին ծառայել «կատվին»՝ ապահովելով իրենց եւ իրենց հարազատների հարաբերական ապահովությունն ու բարօրությունը: Կամ էլ «լեզու էին գտնում» «կատվի» հետ եւ ձեւացնելով, թե շարունակում են հավատարիմ մնալ «զանգ կախելու» գաղափարին, զբաղվում էին իրենց անձնական գործերով:



 



Վերջերս, սակայն, Հայաստանն ավելի է նմանվել Մկստանին, քանի որ պարզվում է, որ «զանգ կախելու» ցանկություն այլեւս ոչ ոք չունի: Չնայած որ մի քանի ամսից հետո «զանգ կախելու» հարմար առիթ է լինելու:



 



Ճիշտ է, պոտենցիալ մի թեկնածու վերջերս հայտնվել էր, բայց հենց որ «կատուն» մի թեթեւ «եկավ նրա վրա», նրա դիրքերը լրջորեն թուլացան:



 



Քննվել է նաեւ «Բտոն, Խտոն թող մեկից, բռնեն կատվի քամակից» գաղափարը: Բայց միասնականության այդ հարցն օդում է մնացել:



 



Այնպես որ, Հայաստանում էլ, ըստ ամենայնի, կլինի այնպես, ինչպես որ Մկստանում եղավ՝ «ջոջերը» կգոչեն. «Կոտորվեք դուք, վախկոտներիդ ես թաղեմ, ճա՞ռ ասեմ, թե՞ զանգ կախեմ»:



 



Ու «կքաշեն իրենց պոչերը»:



 



Գրիգոր ԷՄԻՆ-ՏԵՐՅԱՆ