Պետական «կայֆերը»

Պետական «կայֆերը»
Այս սյուրռեալիստական պատմությունն ունի նախաբան: 2007 թվականին Մամուլի տանը տեղավորված (Արշակունյաց 2ա) կազմակերպություններն  ու խմբագրությունները ստացան որոշակի իրավական կարգավիճակ, կնքելով Պետգույքի կառավարման վարչության հետ  ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագրեր` կադաստրի կողմից հաստատված սեփականության վկայականներով:



 



Պայմանագրերը պետք է գործեին մինչեւ 2012 թվականի մայիսի 1-ը: Եկավ 2012 թվականի մայիսի 1-ը, անցավ մայիս ամիսը, սակայն Պետգույքի կառավարման վարչությունը  լռում էր: Միաժամանակ լուրեր էին պտտվում, թե   վարչության կողմից «օբյեկտներ» անվանվող, իսկ ժողովրդական լեզվով` «օֆիսներ» կոչվող Մամուլի տան տարածքներն անհատույց օգտագործելը տրամաբանական էր խորհրդային տարիներին, երբ ողջ մամուլը գովաբանում էր պետությանը: Հիմա անտրամաբանական է: Բայց ո՞ր մի լավ բանի համար ներկայիս պետությունը պարտավոր է «նիսյայով» տարածքներ հատկացնել ոչ իշխանամետ ԶԼՄ-ին կամ լրագրողական  կազմակերպություններին, այն էլ հոգեվարք ապրող բյուջեի պայմաններում: Լուրեր կային նաեւ, որ  ավելանալու է   սպասարկման վարձը (ու իրոք ավելացավ): Սպասարկում կոչվածն էլ հնամաշ վերելակներ, կեղտոտ ու ջրազուրկ  զուգարաններ, ինտերիերի այլ գարշելի «մանրուքներն» են, որ շոկային վիճակ են առաջացնում Մամուլի տան ոչ միայն արտասահմանցի, այլեւ տեղացի հյուրերի մոտ:



 



Վերջապես ամռան կեսերին վարչությունից հրահանգ իջեցվեց՝  4 օրվա ընթացքում շտապ ներկայանալ:  Ոմանք ներկայացան, ոմանք` ոչ: Ով ներկայացավ, առաջարկեցին դիմումի ձեւ լրացնել-հանձնել ու սպասել հեռախոսազանգի… Քանի որ չներկայացածների քանակը զգալի էր, վարչությունը ստիպված երկարացրեց ժամկետը: Այս անգամ էլ դիմորդներին դիմումի ձեւ տվեցին լրացնելու, բայց մի տարբերությամբ` ի տարբերություն դիմումի առաջին ձեւ-տարբերակի, այս անգամ պարտադիր պետք է նշվեր, որ Մամուլի տան վարձակալությամբ տրվող տարածքների մասին մարդիկ իբր տեղեկացել են ԶԼՄ-ում հրապարակված հայտարարություններից… Ինչո՞ւ: Ասացին, որ «կարգն է այդպիսին»… Դրա հետ էլ հաշտվեցինք, միայն թե  հարցն արագ լուծվի: Բայց պետական ընդհանրապես ամեն մի «մարմնի» հետ հարցի արագ լուծումը, ինչպես հայտնի է, անիրականանալի իղձ է: Այդ արագ լուծումն ըստ էության հակասում է պետմարմնի ավանդական «առաքելությանը»: Այն է` հնարավորինս դժվարացնել հարցերի լուծումը, որպիսզի հասարակ մահկանացու ՀՀ քաղաքացու մոտ հանկարծ տպավորություն չստեղծվի, թե պետչինովնիկի գործը հեշտ բան է… ՀՀ քաղաքացին պետք է ողջ խորությամբ ըմբռնի այդ գործի կարեւորությունն ու ծանրությունը: ՀՀ շարքային քաղաքացին պետք է նաեւ ըմբռնումով մոտենա նման առաքելության իրականացման ընթացքում հնարավոր բացթողումներին… Տվյալ դեպքում նման «բացթողումներից» էր երեւի թե այն, որ առաջին դիմորդներին չէին ստիպում պարտադիր նշել ԶԼՄ-ից իմանալու պահը: Ի դեպ ասենք, որ այդ առաջին դիմորդները Մամուլի տան վաղեմի «բնակիչներն» են` այնտեղ են տասը տարուց ավելի ու, բնականաբար, առաջինն են իմանում այն, ինչ վերաբերում է այդ շենքին: Ո՞ւմ էր պետք այդ «ԶԼՄ-ից իմանալու» բացահայտ սուտը: Երեւի թե հենց իրեն` վարչությանը… Ինչեւէ, մարդիկ ստիպված նորից գնացել-նոր դիմում են գրել…



 



Զավեշտների շարքից է նաեւ այն, որ որոշ «բնակիչների» հեռախոսով նախապես խնդրել էին… արագակարերով ներկայանալ` վարչությունը փող չունի արագակարեր գնելու համար: Ոչ բոլորին էին նաեւ զգուշացրել` կոնկրետ ինչ փաստաթղթեր ու դրանց պատճեններ է հարկավոր ներկայացնել: Իսկ տեղում պարզվեց, որ, բացի արագակարերից, պետմարմին-վարչությունը նաեւ պատճենահանման խնդիր ունի… «Բացթողում» չգրանցվեց միայն վճարների հարցում` երեք ամսվա վճարումը  պայմանագիր կնքելուց առաջ պարտադիր էր. վարչության քաղաքականությունն այս հարցում, ի տարբերություն մյուս հարցերի, հստակ էր մշակված: Ինչ վերաբերում է այլ ծախսերին (նոտարին ու կադաստրին տալիք պետտուրքերի գումարներին), ապա վարչության աշխատակիցները համեստորեն լռել ու չէին զգուշացրել դիմորդներին: Կամ էլ, բացառված չէ, կրկին «բացթողնման» կարգով մոռացել էին ասել:



 



Ոմանց տրամադրել էին «օֆիս» ասվածի չափագրում-հատակագիծը, մյուսներին` ոչ: 2007 թվականի հատակագծերն էին տրամադրել: Բայց դրանք, ըստ կադաստրի նոր կանոնակարգի, իբր արդեն չեղյալ են ու, հետեւաբար, կադաստրի չինովնիկների կողմից մերժվեցին… «Իրավունք չունեն չընդունելու: Դա կադաստրի կայֆերն են: Մենք փող չունենք, որ բոլորին նոր չափագրում տանք: Գնացեք ու պայքարեք ձեր իրավունքների համար»,- հեռախոսով հորդորում էր վարչության աշխատակցուհին:



 



Հետեւելով խորհրդին, պայքարը սկսեցինք հենց իրենից` մի քանի «լավ» խոսք ուղղեցինք աշխատակցուհու հասցեին: Հետո անցանք կադաստրին, որտեղ նույնպես առանց մի քանի «լավ» խոսքի չստացվեց: Ի վերջո, ստիպված դիմեցինք մեր հինավուրց «լավ ավանդույթին»` խնամի-բարեկամ տարբերակի օգնությանը, ու այս անգամ կա՜յֆ, ստացվեց… Կադաստրի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի միջամտությամբ մեզ համար պատրաստեցին օրենքով պահանջվող նոր չափագրում-հատակագիծը: Այլապես պատրաստ էինք դիմել դատարան, չնայած արդեն զգուշացված էինք, որ դա էլ ամիսներ կտեւի… Մի խոսքով, նախընտրեցինք խնայել մեր ժամանակն ու նյարդերը: Ու քանի որ հարցերի «արագ» ու օրինական լուծումը բացառապես խնամի-բարեկամ տարբերակից է կախված, պետական մարմինների «կայֆերը» հա մի գլուխ  կշարունակվեն… Մամուլի տան հետ կապված Պետգույքի կառավարման վարչության հաջորդ լայնամասշտաբ  կայֆերը կսկսվեն 2015 թվականից, քանի որ պայմանագրերի ժամկետն ընդամենը 2 տարի է` մինչեւ 01.01. 2015-ը:



 



Ջուլիետա ԱՄԻՐԽԱՆՅԱՆ