Կստեղծվի եւս չորս նոր հաստիք

Կստեղծվի եւս չորս նոր հաստիք
ՀՀ կառավարությունը նոյեմբերի 15-ի իր նիստում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի առաջարկով կորոշի 2013 թվականի հունվարի 1-ից ստեղծել հետեւյալ հաստիքները` Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության  ներկայացուցչության ռազմական խորհրդատուի եւ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցչի:



 



Սեյրան Օհանյանի հիմնավորումների համաձայն, որոշումը պետք է, «նկատի ունենալով այն հանգամանքը, որ միջազգային կազմակերպություններում որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա, ինչպես նաեւ այն, որ պաշտպանության ոլորտին առնչվող հարցերը պահանջում են յուրահատուկ մասնագիտական մոտեցում, անհրաժեշտ է լինում, որպեսզի ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչը անմիջական մասնակցություն ունենա այդ կազմակերպությունների շրջանակներում բարձրացված եւ Հայաստանի Հանրապետությանն առնչվող հարցերի քննարկմանը: Այդ մասնակցությունը, մի կողմից, հնարավորություն է ընձեռում լիարժեքորեն պաշտպանել Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը պաշտպանական ոլորտին առնչվող հարցերի վերաբերյալ, առավել օպերատիվ արձագանքել բարձրացված խնդիրներին, մյուս կողմից էլ ապահովում է աշխատանքների կազմակերպման բարձր արդյունավետության մակարդակ, քանի որ փորձը ցույց է տալիս, որ միջազգային կազմակերպությունների շրջանակներում փաստաթղթերի մշակման առավել արդյունավետ եղանակը ներկայացուցիչների անմիջական հանդիպումը եւ քննարկումներն են»:



 



Բացի սրանից ռազմական կցորդների հաստիքներ կստեղծվեն  Բելառուսի Հանրապետությունում եւ Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություններին կից: «Ռազմական կցորդ ունենալու հանգամանքը կարևոր քաղաքական գործոն է, քանի որ որևէ երկրում ռազմական կցորդ նշանակելու հանգամանքը, նույնիսկ մեծածավալ միջազգային ռազմական ծրագրերի բացակայության պարագայում, վկայում է այն մասին, որ ՀՀ-ն հատկապես մեծ կարևորություն է տալիս այդ երկրի հետ իր համագործակցությանը:



Նշված երկու հանգամանքները հաշվի առնելով անհրաժեշտություն է առաջանում ռազմական կցորդների հաստիքներ ստեղծել հետևյալ պետություններում», - կարծում են պաշտպանության նախարարությունում:»