Համայն հայության նախագահը պետք է ընտրվի համայն հայությամբ

Համայն հայության նախագահը պետք է ընտրվի համայն հայությամբ
Հաճախակի է շրջանառվում, որ Հայաստանում հեղափոխության համար անհրաժեշտ գենը չկա: Կրիտիկական մասսան դրսում է: Վարչապետն անգամ այդ պատկերն ամբողջացրեց, անուղղակի ակնարկելով, որ հեղափոխական գաղափար ունեցողները դրսում են: Ընդվզող մասսան պետական «հոգածությամբ» դուրս է մղվել, ներսում մնացել են համակերպվողներն ու կեղծ տժժացողները:



 



Պայքարող մասը շատ քիչ տոկոս է կազմում, անգամ համազգային խնդիրների լուծման դեպքում մի քանի տասնյակ մարդ են փողոց դուրս գալիս: Մեծ ակցիաներ կազմակերպվում են միայն պետական  մակարդակներով՝ ավտոբուսներով ու աշխատանքից ազատելով՝ լցնելով հրապարակները:  Համազգային աշունը սկսվեց, երբ Լեւոն Տեր Պետրոսյանը ետ կանգնեց իր արմատական դիրքերից ու սկսեց մանրեւել իշխանության ու «իր ժողովրդի» միջեւ: Հիմա քաղաքական տերեւաթափ է, ու ՀՀ Երկրորդ նախագահի աճեցրած ծառերը մնացել են տկլոր ու հուսակտոր: Հանրությունն առջեւում երկար ու անվերջանալի ձմեռ է տեսնում: Այս պարագայում խոսել քաղաքական ակտիվության, գիտակցության մասին, վաղ է: Հանրությունը պետք է կարողանա ուշքի գալ հիասթափության հարվածից, դուրս գալ անտարբերության թմբիրից:



 



Շատերը դեռեւս հավատում են Առաջին նախագահի քաղաքական վերադարձին, շատերը նրան անուրանալի դավաճան են համարում, բայց մի բան փաստ է. Առաջին նախագահի «ժողովուրդը»  դեռ հույս ունի, որ  հավասարակշռված ու սթափ Լեւոնը կոմպրոմիսային ելքեր է որոնում՝ իշխանափոխություն իրականացնելու համար: Իհարկե, դա թույլ հավատ է, բայց դեռ առկայծում է: Այս պարագայում կարեւորվում է չանվանարկված մտավորականների, քաղաքական գործիչների նուրբ ու ոսկերչական աշխատանքը, որպեսզի ժողովրդին դուրս բերվի «ապատիայից»: Դրսի հայը չի պատկերացնում, թե ինչու՞ ներսում չեն ընդվզում, երբ համատարած աղքատության մեջ օրեցօր գները բարձրանում են:



 



Երաժիշտ Րաֆֆի Թորոսյանը գրում է. «Սիրելի հայրենակիցներ, եթէ տնտեսական վիճակը ձեզ կը խեղդէ, ալ ի՞նչ բանի էք սպասում….հարկ է թոյլ չտալ մեր ազգային ջոջերուն, գործել իրենց ազատ կամքին համաձայն, եւ հաշիւ պահանջել իրենց կատարած գործերուն համար…ապա թէ ոչ, խեղդամահ կ’ըլլաք»: Արտասահմանում ծնված ու մեծացած հայը չի պատկերացնում, որ անտարբերության թմբիրի մեջ գտնվողի համար գոյատեւման հարցն անգամ կարեւոր չէ, բազմիցս եմ լսել՝ մեռնեմ, որ չտեսնեմ երեխեքս ոնց են տանջվում: Ֆրանսիական Սեվրանի քաղաքապետ Ստեֆան Գատինիոնը հացադուլ է անում Ֆրանսիայի խորհրդարանի շենքի մոտ: Քաղաքապետը հանդես է գալիս իր տեղական վարչակազմի բյուջետային դոտացիան մեծացնելու պահանջով: Իսկ մեր պաշտոնյաները սովահար ժողովրդի աղիողորմ լացը չեն լսում, իսպառ խլացել ու կուրացել են եւ միայն թալանում ու կողոպտում են…»



 



Սփյուռքահայ մտավորական Սասուն Քոսյանը գրում է. «Մեր հասարակությունը որպես ժողովրդական հասարակություն դեռ չի կայացել: Մեծամասնությունը չունի քաղաքացիական գիտակցություն, օբյեկտիվ մտածելակերպ: Քաղաքական գործիչներին լավ չեն կարողանում ճանաչել: Ավելի շատ ուղղորդվում են զգացմունքային գործոններով, քան սկզբունքային մոտեցմամբ: Միամիտ են, հեշտությամբ զոհ են գնում հռետորական հնարքների: Իսկ ամենաազդեցիկ գործոնը դա ծանոթ-բարեկամ-խնամի-հարեւան գործոնն է: Սա դեռ քիչ թե շատ գիտակից մարդկանց է վերաբերվում: Իսկ մի շատ զգալի հատված պարզապես ոչնչով չի ուղղորդվում, ընտրակաշառք ով տվեց ծախվում են նրանց»:



 



Սա է վիճակը, հայրենիքից դուրս գործող մեր եղբայրներ ու քույրեր, ի՞նչ անենք, ինչպե՞ս դուրս գանք այս ճգնաժամից: Լյուդմիլա Միլան ավելացնում է. «Երբեմն շատերին թվում է, թե եթե չես ընդունում այս վարչաոհմակը, ուրեմն ԿՈՂՄ ես նախկին ոհմակին...դա այնքան թյուր ըմբռնում է հանրության կողմից, որն անգամ չի ենթարկվի ոչ մի օբյեկտիվ վերլուծության...Հարգելի Սասուն, դուք, ես եւ մեր տեսակի մտածելակերպին մոտ հանրությունն է որ հստակ է գիտակցում անցյալի ու ներկայի ուժերի պատճառահետեւանքային կապը....միայն իրոք ցավ եմ ապրում ԱԶԳԻՍ ԱՅՆ ԶԱՎԱԿՆԵՐԻ կորստի համար, ովքեր ջինջ հավատով էին լծվել ԵՐԿՐՈՒՄ արդարություն հաստատելու համար...ԱՍՏՎԱԾ ՏԱ...գիտակցական ու օբյեկտիվ ՀԱՎԱՏԸ այսուհետ մեզ ուղեկցի մեր միջի թշնամու դեմ պայքարում...»:



 



Նկարիչ Դավիթ Միրզոյանը բանաստեղծությամբ է արտահայտել իր անհանգստությունը.



Ու՞ր ենք գնում՝ իշխանության ու լափելու մոլուցքով,



Տեղ կհասնե՞նք՝ իշխանության ու խաբելու մոլուցքով,



Իրար կուտենք, կպրծնենք՝ իշխանության ու լափելու մոլուցքով,



Մարդ կմնա՞, որ հասկանա՝ էս ի՞նչ արինք իշխանության ու խաբելու մոլուցքով…



 



Այն հատվածը, որը հայրենիքից դուրս է եւ որից այնքան վախենում է իշխանությունը, Հայրենիքի, ժողովրդի հետ է:  Նրա համար գերագույն իշխանությունը հայ ժողովուրդն է, եւ նա տարբեր հիմնադրամներով ու անձնական միջոցներով օգնում է, որպեսզի իր Հայրենիքը դուրս գա թշվառությունից: Հայրենիքը մեկն է, եւ սփյուռքահայության համար նախագահի ընտրությունը համայն հայության նախագահի ընտրություն է, ու նրանք պայքարում են այն բանի համար, որ իրենք էլ ձայն ունենան՝ ընտրելու ՀՀ նախագահին, որովհետեւ, կրկնում եմ, նախագահը լինելու է համայն հայության նախագահ:



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ