ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին
Բաց նամակով դիմելով Ձեզ՝ աղերսում եմ Ձեր ուշադրությունը ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության քննիչ Մ. Մանասյանի վարույթում քննվող իմ որդու` Արթուր Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործով:



 



2012թ. ապրիլի 28-ին մարմնավաճառ կնոջ զրպարտությունների հիման վրա իմ որդին ձերբակալվել է եւ մինչ օրս անօրինական պահվում է կալանքի տակ` իրականում կատարած չլինելով որեւէ հանցանք: Դուք Ձեր վերջին ելույթների ժամանակ իրավացիորեն բնութագրեցիք ու ներկայացրիք արդարադատության վիճակը, եւ մեզ մոտ հույս արթնացավ, որ Ձեր հանձնարարություններից հետո իրավիճակը կփոխվի, եւ դատախազությունն օրինականությունը կպահպանի, այլ ոչ թե ապօրինությունները կխրախուսի: Ինչպես նաեւ հեռուստատեսությամբ տեսնելով ՀՀ գլխավոր դատախազ պարոն Ա. Հովսեփյանի եւ ՀՀ ոստիկանապետ պարոն Վ. Գասպարյանի ելույթները՝ հույս է արթնանում, որ ի վերջո քննչական ապարատը կսկսի օրինականությունը պահել, սակայն քննչական մարմնի գործողություններն իրականում դրա հակառակ իրավիճակն են ապացուցում, եւ, փաստորեն, ստացվում է, որ հեռուստատեսային ելույթները կապ չունեն իրականության հետ, եւ դրանից հետո որեւէ դրական տեղաշարժ տեսանելի չէ, իսկ դատախազությունն այս ամենը ոչ միայն չի կանխում, այլեւ խրախուսում է, իսկ ոստիկանապետի կարգադրությունն օրինականության վերաբերյալ քննիչները չեն կատարում:



 



Արդեն 7-րդ ամիսն է՝ իմ որդին կալանքի տակ է իբր թրաֆիքինգի մեղադրանքով: Եվ դատախազության ու քննչական մարմնի նպատակը ոչ թե իրական հանգամանքների պարզումն է, այլ ամեն գնով որդուս նկատմամբ շինծու մեղադրանքի հաստատումը: Խնդիրն այն է, որ որդուս ձերբակալել են, կալանավորել, ապա նոր միայն 7 ամիս ապացույցներ են փնտրում ու չեն գտնում: Իմ պատկերացմամբ, պետք է լիներ հակառակը, ապացույցները պետք է բավարար լինեին, որ իրավունք ունենային նման ծանր մեղադրանք առաջադրել, ապա նոր կալանավորեին: Իսկ ես վստահ եւ համոզված ասում եմ, որ իմ որդին որեւէ հանցագործություն չի կատարել, եթե կատարել է, ապա ինչո՞ւ են 7 ամսից ավելի նախաքննություն իրականացնում, այն դեպքում, երբ գործով ոչ փորձաքննություն կա նշանակած եւ ոչ էլ ինչ-որ նոր բանի են սպասում, ուղղակի թե դատախազությունը, թե քննչական մարմինը փորձում են ժամանակ շահելով գոյություն չունեցող ապացույցներ ստեղծել: Եթե կան բավարար ապացույցներ ու համոզված են, որ իմ որդին կատարել է հանցանք, ապա ինչո՞ւ չեն ավարտում գործի քննությունը:



 



Պարոն նախագահ, արդեն 7-րդ ամիսն է, որ իմ որդին կալանքի տակ է, եւ ես առիթ եմ ունենում շփվել կալանավորված այլ անձանց հարազատների հետ եւ մի բան եմ հասկացել, որ այս իրավիճակի գլխավոր մեղավորներից մեկը դատական համակարգն է, քանի որ, անկախ այն բանից՝ կալանքի միջնորդությունը հիմնավոր է, թե ոչ, միեւնույն է, դատարանը բավարարում է, քանի որ հակառակ պարագայում դատավորը կարող է մեծ խնդիրներ ունենալ, իսկ վերաքննիչ դատարանը դարձել է ձեւական օղակ, որտեղ գրեթե ոչինչ չի փոխվում: Իմ որդուն մեղադրանք են առաջադրել, թե իբր նա 2006թ. հունվարին  Գայանե Սարիբեկյանին ուղարկել է Թուրքիա՝ մարմնավաճառությամբ զբաղվելու: Իրականում Գայանե Սարիբեկյանն ինքն է որոշել ու գնացել իր կամքով: Նա իր ցուցմունքներում հայտնել է այդ մասին:



 



Մեծարգո պարոն նախագահ, իմ վերջին հույսը կապելով Ձեզ հետ, թախանձագին խնդրում եմ՝ կարգադրեք համապատասխան մարմիններին` դատախազությանը եւ գործը քննող ոստիկանությանը, որպեսզի կատարեն օրինական քննություն եւ որդուս ազատ արձակեն, այլապես ես եւ իմ նորածին թոռնիկն ապրելու եւ մոտեցող ձմռանը գոյատեւելու որեւէ հույս չունենք:



 



Լիզա ՇԱՔԱՐՅԱՆ



Արթուր Խաչատրյանի  մայրը