Սգում ենք եւ ցավում

Սգում ենք եւ ցավում
Սերգեյ Վլադիմիրի Մխիթարյանը ծնվել է 1958 թ. ապրիլի  10-ին, Երեւան քաղաքում, ծառայողի ընտանիքում: 1975 թ. ավարտել է Երեւանի Ադմիրալ Իսակովի անվան թիվ 132 միջնակարգ դպրոցը: 1980 թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետը: 2004 թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1980-1989 թթ. աշխատել է Երեւանի հաշվիչ մեքենաների ինստիտուտում՝ որպես ինժեներ: 1989 թ. դեկտեմբեր ամսից կամավոր մասնակցել է ՀՀ սահմանների պաշտպանությանը: 1991 թ. մայիս ամսին խորհրդային զորքերի կողմից «Օղակ» գործողության ժամանակ ձերբակալվել է եւ տեղափոխվել Շուշի քաղաքի բանտ:



 



Ազատվելուց հետո անցել է ծառայության ՀՀ ներքին գործերի նախարարության կազմում. զբաղեցրել է ՆԳՆ Հատուկ նշանակության ջոկատի հրամանատարի, ՆԳՆ Երեւան քաղաքի պետավտոտեսչության բաժնի պետի, ՆԳՆ  պետավտոտեսչության վարչության պետի, Կոտայքի եւ Գեղարքունիքի ՆԳ մարզային վարչությունների պետի պաշոնները: 2000-2010 թթ. ծառայել է ՀՀ կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների վարչության կազմում: Զբաղեցրել է Երեւան քաղաքի վարչության պետի տեղակալի, օպերատիվ կառավարման վարչության պետի պաշտոնները:



 



Սերգեյ Մխիթարյանի զինվորական կոչումը գնդապետ է: Մարտական գործողությունների ժամանակ ցուցաբերած խիզախության համար, ինչպես նաեւ բարեխիղճ ծառայության համար պարգեւատրվել է «Վազգեն Սարգսյան», «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան», «Փառապանծ մարտիկ» շքանշաններով, «Ոստիկանության զորքերի գերազանց ծառայության համար» առաջին աստիճանի կրծքանշանով, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի եւ ԱՄՆ արտակարգ իրավիճակների ծառայությունների պարգեւներով:



 



Սերգեյ Մխիթարյանը եղել է բարձր մարդկային հատկանիշներով օժտված անձնավորություն: Իր անձնանվեր աշխատանքով պետության ստեղծման եւ կայացման գործում ձեռք է բերել բոլորի սերն ու հարգանքը: Նա միշտ կմնա մեր սրտերում:



 



Մի խումբ ընկերներ