Սեյրան Օհանյանի հարցազրույցի հետքերով

Սեյրան Օհանյանի հարցազրույցի հետքերով
Կարդացի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հարցազրույցը «Հրապարակ» օրաթերթին եւ, անկեղծ ասած, շատ զարմացա: Ուշադրությունս գրավեց այն, որ, պարոն Օհանյանի կարծիքով, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին  տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը գոմեշի մսի հետ կապված բացահայտումների առնչությամբ արդեն պատժվել է՝ ազատվելով աշխատանքից:



 



Ստացվում է, որ ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյան տարիներ շարունակ խաբել է վերադասին, զինծառայողներին, հարկատուներին, առհասարակ ազգաբնակչությանը եւ, յուրացնելով (այլ կերպ չի կարող լինել) «խոշոր գումարներ», պատժվում է պաշտոնից ազատվելով՝ պահպանելով գեներալական կոչումը, բոլոր պետական եւ կառավարական պարգեւները, պահեստազորի գեներալի անսահմանափակ արտոնությունների ողջ «փաթեթը»: Միգուցե նախարարը թաքուն հույսեր է փայփայում, որ Փայտյանը, խղճի խայթին չդիմանալով եւ հաշվի առնելով  իր ազնիվ գեներալական անունը, 17-18-րդ դարերին բնորոշ ձեւով ինքնասպանությո՞ւն կգործի:



 



Տավարի մսի փոխարեն գոմեշի միս օգտագործելու փաստի մասին «աբսալյուտնը» տեղյակ չլինելու հանգամանքը  ծիծաղելու չափ զարմանալի է: Ի՞նչ է նշանակում՝ պաշտպանության նախարարը տեղյակ չի եղել, իսկ ո՞վ պետք է տեղյակ լիներ՝ Հնդկաստանի  պաշտպանության նախարա՞րը, չնայած բացառված չէ, որ վերջինս էլ կարող էր տեղեկացված լինել: Եթե ոչ պաշտպանության նախարարը, ապա ո՞վ պետք է պատասխանի վերահսկողության բացակայության դեպքում: Սակայն կուզենայի մի փոքր բացել փակագծերը. յուրաքանչյուր զինվորական միավորում, որն իրականացնում է անձնակազմի սննդի կազմակերպման աշխատանքները, ունի սննդի պահեստ եւ թիկունքային ծառայության մի ողջ հաստիքապաշտոնային ցուցակ, մասնավորապես.



 



1. հրամանատարի տեղակալ թիկունքի գծով



 



2. պարենային ծառայության պետ



 



3. սննդի պահեստապետ



 



4. ճաշարանի պետ



 



5. խոհարարներ



 



Այս պաշտոնատար անձինք զբաղեցնում են սպայական, ենթասպայական, պայմանագրային ծառայության հաստիքներ՝ բավականաչափ բարձր վարձատրությամբ եւ, բնականաբար, պետք է ունենան համապատասխան մասնագիտական որակավորում: Նրանք ամեն օր առնչվում են սննդի հետ: Զորամասերում սննդի պահպանման եւ աձնակազմի սնման ամենօրյա գործընթացը վերահսկվում է նվազագույնը 4-5 պաշտոնատար անձանց կողմից, բացի այդ, յուրաքանչյուր ամիս կազմակերպվում են պլանային «ստուգիչ ճաշեփեր», որն ի դեպ վերահսկվում է ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, նաեւ տարաբնույթ հանկարծակի ստուգումներով՝ կազմակերպված շտաբի եւ տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից: Արդյունքում կազմվում են ծավալուն հաշվետվություններ առ այն, որ ստուգման արդյունքները համապատասխանում են սահմանված չափանիշներին:



 



Ի վերջո, այդ սննդի հիմնական բաղկացուցիչ մաս կազմող  էլեմենտը՝ միսը, ուտում են եւ զինվորները, եւ հրամանատարական կազմը: Իհարկե, բոլորն իմացել են, որ տավարի մսի փոխարեն գոմեշի միս են ուտում՝ նույնիսկ հասարակ «խլեբարեզները»: Գոմեշի մսով ինտենսիվորեն բանակը սնվել է՝ սկսած 1998 թվականից: Միայն միամիտը կարող է հավատալ, որ, լինելով ՊԲ հրամանատար, այնուհետեւ ՀՀ ԶՈՒ ԳՇՊ եւ, վերջապես, պաշտպանության նախարար, պարոն Օհանյանն «աբսալյուտնը» տեղյակ չի եղել այդ մասին: Իսկ եթե անգամ մի պահ ենթադրենք, որ այդպես է, ապա դա առնվազն խայտառակություն է: Ուրեմն, նախարարն իր տեղում չէ: Ի դեպ, նորություն չէ նաեւ, որ որոշ պահեստապետներ գոմեշի բրիկետներ են մատակարարել մանր-մունր մսամթերքի «ցեխերին»՝ էժան գներով, իսկ որոշ «գործարար» հրամանատարներ էլ ունեն սեփական արտադրամասեր: Ասում են՝ ի՞նչ է պատահել որ՝ միսը միս է: Բայց «միսը միս» կարող էր լինել, եթե ՊՆ-ին հատկացվող բյուջեում գումարը սահմանվեր հենց գոմեշի միս մթերելու կամ գնելու համար, գումարներն անհամեմատ մեծ են եղել նախատեսված տավարի միս գնելու համար: Մի՞թե բացի Փայտյանից այս ամենի համար ոչ ոք պատասխանատու չէ եւ չպետք է պատժվի:



 



Մինչդեռ բանակում «տույժեր» են տալիս անգամ այն ժամանակ, երբ սպան՝ դասակի հրամանատարը, զորավարժության ժամանակ մի 30-40 լիտր վառելիքի գերածախս է թույլ տալիս: Եվ այդ խեղճ լեյտենանտը կերազեր նկատողությամբ պրծնելու մասին: Ցավոք, պատկերն իրականում այլ է: Հավաստի աղբյուրները տեղեկացնում են, որ Փայտյանին հնարավորություն են տվել ընտրելու պաշտոնանկությունը, եթե նա լռի եւ ուրիշներին «փուռը չտա»: Իսկ ի՞նչ օգուտ քաղեց այս ամենից հենց ինքը՝ պաշտպանության նախարարը: Եթե մտաբերենք, որ ՊՆ - ՀՀ ԶՈՒ ԳՇՊ վաղեմի հակամարտություն կա, այդ ֆոնին վերջին մի քանի ամսվա պաշտոնանկությունները՝ ԶՈՒ ԳՇՊ տեղակալ գեներալ Գրիգորյան, հանրապետական զինկոմ գեներալ Չալյան, ԶՈՒ ԳՇՊ տեղակալ   գեներալ Փայտյան, ապա պարզ կդառնա, որ Խաչատուրովի թիմն էական կորուստներ կրեց, ինչն ամրապնդեց Օհանյանի դիրքերը: Պաշտոնանկ արվածներից բոլորը համապատասխան երաշխիքներ ստանալով լռության դիմաց, իրենց ետեւից քարշ չտվեցին իրենց պետերին եւ ենթականերին: Անձամբ Խաչատուրովը նյութական մեծ վնաս չկրեց, բայց նվազեցրեց իր ակտիվությունը, իսկ Օհանյանը հնարավորություն ստացավ ցույց տալու, թե իրականում ով է տանտերը, իսկ երբ առիթ ստեղծվի՝ հայտարարի, որ նշված պաշտոնյաները Խաչատուրովի  անմիջական ենթակայության տակ են եղել, եւ նա էր անմիջական պատասխանատուն:



 



Բայց ՀՀ նախագահը չի էլ փորձի կտրուկ քայլեր ձեռնարկել կամ շատ խրախուսել Օհանյանին՝ ընդդեմ Խաչատուրովի, քանի որ առջեւում նախագահական ընտրություններ են: Չէ՞ որ հենց Խաչատուրովն էր, որ 2008-ին կազմակերպեց «սահմանադրական կարգի պաշտպանությունը», երբ զբաղեցնում էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը եւ հանդիսանում էր Երեւանի պարետը: Մյուս բարձրաստիճան զինվորականները կամ ի վիճակի չէին այդ խնդիրը լուծել, կամ խուսափում էին պատասխանատվությունից: Դեպքերից կարճ ժամանակ անց նա դարձավ ՀՀ ԶՈՒ ԳՇՊ:



 



Կարծում ենք, հակակոռուպցիոն շոուն կշարունակվի մինիմում 2 ամիս, եւ այդ ընթացքում, օրինակ, կարող են պարզել, որ, ասենք, «Մարտիկ» հիմնադրամը «Սիվիլիթասի» նման գումարներ է փոշիացրել, կամ, ասենք,  հենակետերին հատկացվող ջեռուցման համար նախատեսված դիզելային վառելիքը տեղ չի հասել, իսկ սահման պաշտպանող զինվորները տաքանում են փայտով եւ արդարացիորեն կարող են հարցնել՝ «հիմա ցա՞խ կտրենք, թե՞ սահման պահենք»: Իհարկե ցախ կտրեք, ձեռքի հետ էլ հրամանատարները պետական զինվորական մեքենաներով դա կտեղափոխեն Երեւան եւ կվաճառեն զինվորների ծնողներին. 1 խմ-ն՝ 20 հազար դրամով:



 



Հասմիկ ՕԹԱՐՅԱՆ