Հայաստան-Լիտվա՝ 4։2

Հայաստան-Լիտվա՝ 4։2
Երեկ, Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան    Հանրապետական մարզադաշտում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ընկերական խաղում ակնհայտ առավելությամբ համոզիչ հաղթանակ տարավ Լիտվայի ազգային ընտրանու նկատմամբ՝ 4։2։  Հանդիպման ողջ ընթացքում Հայաստանի ազգային ընտրանին ուներ լուրջ, շոշափելի առավելություն, ինչն էլ հաջողվեց արտահայտել լուսատախտակին։



 



Արդեն hանդիպման 7-րդ րոպեին մեր տղաները բացեցին խաղի հաշիվը՝ աչքի ընկավ Էդգար Մանուչարյանը, այնուհետեւ դարպասի բոլոր մյուս գրավումներն արձանագրվեցին երկրորդ խաղակեսում, որտեղ արդեն ամբողջությամբ պարալիզվեց լիտվացիների՝ առանց այդ էլ անարդյունավետ պաշտպանությունը։ Երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականից աչքի ընկան Կառլեն Մկրտչյանը, Հենրիխ Մխիթարյանը եւ Արազ Օզբիլիսը։ Ինչ վերաբերում է մրցակցին, ապա մեծ հաշվով կարելի է ասել, որ լիտվացիները ոչնչով աչքի չընկան, բացառությամբ իրենց հատուկ կոպիտ խաղին, ինչն էլ բազմաթիվ վնասվածքների պատճառ հանդիսացավ։ Արդարացիության համար հարկ է նշել, որ  Մերձբալթիկայում՝ հատկապես Լիտվայում, ֆուտբոլն առանձնապես մեծ մասսայականություն չի վայելում, ինչով  էլ պայմանավորված են մերձբալթյան ֆուտբոլային ակումբների եւ ազգային հավաքականների ավելի քան համեստ ցուցանիշները։



 



Այնուամենայնիվ, Լիտվայի գերհամեստ հավաքականին հաջողվեց իրենց այդ դժգույն խաղով հանդերձ 2 գնդակ ուղարկել մեր դարպաս, ինչն իհարկե առանձին մտածելու տեղիք պետք է տա մեր ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին, քանզի անգամ այս հանդիպումից է ակնհայտ երեւում, որ մեր հավաքականի առաջիկա լուծելիք խնդիրները պետք է հիմնականում ուղղված լինեն թիմի պաշտպանության ամրապնդմանը։ Ինչեւէ, այդ ամենը՝ ավելի ուշ, իսկ այժմ մարզչի, ֆուտբոլիստների եւ, անշուշտ, հայ ֆուտբոլասերների համար ողջունելի է մեր թիմի այս  գեղեցիկ հաղթանակը, որն ի դեպ պետք է որ բարելավի մեր հավաքականի ցուցանիշները ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում։



 



Հավելենք, որ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի արդեն նախկին ֆուտբոլիստ եւ  ավագ Սարգիս Հովսեփյանը, որն արդեն պաշտոնապես հեռացավ Մեծ ֆուտբոլից՝  խաղադաշտում ավագի թեւկապը հանձնելով Ռոման Բերեզովսկուն։



 



Կարեն ՍԻՄՈՆՅԱՆ