Սփենդըր

Սփենդըր
Սփենդըրը սովորել ու քննություններ հանձնել չէր սիրում: Անգլիացի տաղանդավոր բանաստեղծը ծնվել է 1909 թվականին, Կենսինգթոնում: Հայրը լրագրող էր: Սթիվընը, կիսատ թողնելով Օքսֆորդը, տեղափոխվում է Գերմանիա, որտեղ սկսում է ստեղծագործել: Նրա հարազատ ընկերը բանաստեղծ Վ. Հ. Օդենն էր, որի հետ անցնում էին կյանքի լավագույն օրերն ու քննարկվում նոր գրված ստեղծագործությունները: Գերմանիայում Սփենդըրը  սկսում է «Տաճար» վեպը, որը տպագրվում է 1980-ականներին: Վեպը մի պատմություն է երիտասարդ մարդու մասին, ով Անգլիայից մեկնում է Գերմանիա, որպեսզի նոր կյանք սկսի եւ առանց հասարակության գրաքննության ընդգրկվի մշակութային ազատության մեջ:



 



Հիասթափվելով ձախերի վարած քաղաքականությունից, Սփենդըրն էսսեների գրքում պարզաբանում է իր հայացքներն ու պատկերացումները` խոսելով իր հիասթափության գլխավոր պատճառներից: Լիրիզմով պարուրված նրա բանաստեղծությունները վեր էին հանում սոցիալական սուր հարցեր, ֆաշիզմի տարածման ու սպասվող աղետի տագնապ: «Վիեննա» պոեմում նա փառաբանում է սոցիալիստներին, ովքեր ապստամբություն էին բարձրացրել շահագործող կառավարության դեմ:



 



ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը 1984 թվականին, ելույթի ընթացքում, մեջբերում է անում Սփենդըրի «Խոհեր մեծերի մասին» հայտնի բանաստեղծությունից: Սթիվըն Սփենդըրը ոչ միայն տաղանդավոր բանաստեղծ էր, այլեւ քննադատական հրաշալի հոդվածների հեղինակ: Նա գրում էր պիեսներ, մեմուարներ եւ նովելներ: Իոսիֆ Բրոդսկու լավագույն էսսեներից մեկը նվիրված է Սթիվընի կյանքի վերջին ակնթարթներին: