Գյումրեցի երեխաները թերսնվածության պատճառով մշտապես հիվանդ են (տեսանյութ)

Գյումրեցի երեխաները թերսնվածության պատճառով մշտապես հիվանդ են (տեսանյութ)
«Շիրակ կենտրոնը» շարունակում է ներկայացնել Գյումրիում ծայրահեղ աղքատ, առանց վարանելու կարելի է ասել` սովամահության գիրկը նետված ու անօգնական ընտանիքներին եւ երեխաներին: Այդպիսի մի ընտանիքի մենք այցելեցինք անցած օրը, եւ այսօր ներկայացվող տեսանյութն այդ ընտանիքի ու յուրաքանչյուր երկուշաբթի գիշերօթիկ հաստատություն լացով մեկնող նրանց փոքրիկի մասին է:



«Անի» թաղամասի ծայրամասում գտնվող շենքերից մեկի առաջին հարկում է բնակվում միայնակ մայր Գայանե Գեւորգյանն իր երկու մանկահասակ երեխաների եւ հիվանդ ու տարեց ծնողների հետ: Մի փոքր առաջ անցնելով ասենք, որ նրանց օրինակով կարելի է ընդհանուր պատկերացում կազմել, թե ինչպես են բնակվում աղքատ ընտանիքները, ովքեր ու ինչպես են խորացնում աղքատությունը Գյումրիում` հոգեբանական ու առողջական խորը եւ անբուժելի վերքեր հասցնելով հատկապես այդ ընտանիքների երեխաներին:



Այս ընտանիքին անհեթեթ պատճառաբանություններով վաղուց զրկել են սոցիալական նպաստից, իսկ երկու տարի առաջ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղի աշխատակիցները 30 000 դրամ պարտքի պատճառով անջատել են նրանց բնակարանի գազը, ավելին` գազահաշվիչը հանել եւ տարել են: Այս ընտանիքի միակ ապրուստի միջոցը երեք ամիսը մեկ 16 000 դրամ սոցիալական աջակցությունն է եւ տատիկի փոքրիկ աշխատավարձը: Նրանց այցելելեիս առաջին իսկ հայացքից կարելի է նկատել ոչ միայն ծայրահեղ աղքատությունը, այլ նաեւ երկու երեխաների` իրենց տարիքից անհամեմատ փոքր երեւալու փաստը: Երեխաների մոր` Գոհարիկի պատմելով, թերսնվածության պատճառով երեխաները  մշտապես հիվանդ են, իսկ 6-ամյա տղան ոսկրային հիվանդություն է ձեռք բերել, սակայն  բուժման համար միջոցներ չունեն: