«Մանգասարյաններին պաշտպանում են, քանի որ նրանց կապերը «վերեւներ» են տանում». ամերիկահայ գործարար

«Մանգասարյաններին պաշտպանում են, քանի որ նրանց կապերը «վերեւներ» են տանում». ամերիկահայ գործարար
Ամերիկահայ գործարար Էդմոն Խուդյանը նամակ է հղել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին եւ անդրադարձել օրերս Երեւանում տեղի ունեցած սպանության փորձին



Նա, մասնավորապես, գրել է. «Հարգելի Պրն. Գասպարյան,



Այսօր առավոտյան ինձ հայտնի դարձավ Վլադիսլավ եւ Էդուարդ Մանգասարյանների, Աշխարբեկ Քալանթարի ու Արտաշես Խ. միջադեպի մասին: Ցավում եմ դեպքի համար եւ ուրախ եմ, որ այն ողբերգությամբ չի ավարտվել:



Հարկ եմ համարում ձեզ հայտնելու որ Վլադիսլավ Մանգասարյանը մասնակից է կազմակերպված հանցավոր մի խմբի, ում հաջողվել է իմ հիմնադրած Արին Կապիտալ եւ Ներդրումային ՍՊԸ ընկերությունից 8,5 մլն դոլար թալանել: Այդ խմբի մասնակիցները մի քանիսն են, դրանցից մեկը նաեւ իր որդին է, Էդուարդ Մանգասարյանը: Տվյալ խումբը հանցավոր համաձայնության գալով թալանել են իմ ընկերությունը` «ՎՄԳ գրուպ» ՓԲԸ-ի միջոցով միլիոնավոր դոլարների կեղծ փոխառություններով ծանրաբեռնել իմ ընկերությունը, ապա կեղծ սնանկության տանելով զավթել ընկերության տարածքները: Աշխարբեկ Քալանթարը հանդիսանում է «ՎՄԳ գրուպ» ընկերության 40% բաժնեմասի սեփականատերը:



Դեռեւս անցյալ տարվա մարտին պաշտոնական նամակներով դիմումներ եմ ներկայացրել ՀՀ նախագահին, Գլխավոր դատախազին եւ Ոստիկանապետին այն մասին որ իմ ընկերությունը թալանվում է, սակայն առ այսօր համապատասխան միջոցներ չեռք չի առնվել: Վլադիսլավ Մանգասարյանի եւ նրա եղբայր Ռուբեն Մանգասարյանի կողմից Լուսինե Գյուլխասյանի հանդեպ իրականացված խարդախության փաստով հարուցվել է մեկ այլ քրեական գործ: ԱՄՆ-ից ժամանել եմ Հայաստան եւ այդ գործով ցուցմունք եմ տվել, սակայն այդ գործը կենտրոնի ոստիկանության քննիչ Կամո Ներսիսյանի մոտ քնել է: Իսկ եթե ոստիկանությունը իր աշխատանքը կատարեր ինչպես հարկն է, ապա Մանգասարյանները արդեն պատասխանատվության ենթարկված կլինեին եւ այս դեպքը տեղի չէր ունենա, որը կարծում եմ դեռեւս շարունակվելու է քանի որ Վ. Մանգասարյանը շատերին է խաբել: Նրանց վեճի մանրամասնության ես տեղյակ չեմ, բայց կարծում եմ այն թալանած գումարները բաժանելու անհամաձայնության պատճառն է:



Ցավում եմ որ ոստիկանության բարեփոխումներն այնքան են նկատելի չեն, գոնե իմ գործով: Հովանավորչության ու անպատժելիության պայմաններում ուղղակի իր պաշտպանության տակ են Մանգասարյանները, քանի որ նրանց կապերը «վերեւներն» են տանում»: