Հիվանդներն իրենց կամքո՞վ էին անասուն պահում

Հիվանդներն իրենց կամքո՞վ էին անասուն պահում
Անցյալ շաբաթ «Հրապարակն» անդրադարձել էր Վարդենիսի տուն-ինտերնատի նախկին տնօրեն Նվեր Հովհաննիսյանի դեմ հարուցված քրեական գործին, որի շուրջ ամիսներ առաջ մեծ աղմուկ բարձրացավ: Նախկին տնօրենին մեղադրանքներ են առաջադրել խոշոր չափերի յուրացման, ինչպես նաեւ ինտերնատի հոգեկան խանգարումներ ունեցող բնակիչներին թրաֆիքինգի ենթարկելու համար. ըստ գործի նյութերի՝ տնօրենը հիվանդներին ստիպել էր անասուններ պահել: Նվեր Հովհաննիսյանին 2 ամսով կալանավորել էին:



 



Մեր աղբյուրը հայտնել էր, որ նախկին տնօրենը հարցաքննությունների ժամանակ սոցապնախարարության բարձրաստիճան պաշտոնյաների անուններ էր տվել, որոնց հետ «կիսել» էր յուրացված գումարները: Ըստ այդ տեղեկատվության, նշել էր նախարարության աշխատակազմի ղեկավար Արտակ Գրիգորյանի, փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանի, հաշմանդամների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանի անունները: Նվեր Հովհաննիսյանն իր քարտուղարուհու միջոցով մեզ հայտնել էր, որ մեզ հետաքրքրող տվյալները կարող ենք ճշտել սոցապնախարարության լրատվականից, իսկ այնտեղից ուղղակի հրաժարվեցին մեկնաբանություններ տալ: Գրել էինք նաեւ, որ նախկին տնօրենի խափանման միջոցը փոխելուն օգնել էր նրա հորաքրոջ որդին՝ ՀՀԿ կազմբաժնի պետ Ռուբեն Թադեւոսյանը: Իսկ ազատման «գինը»  բարձրաստիճան պաշտոնյաների դեմ վկայություններ չտալն է:



 



Երեկ Նվեր Հովհաննիսյանը եկել էր խմբագրություն՝ մեզ հետ զրուցելու եւ հերքելու նշված տեղեկությունները: Նա մի տեքստ էր բերել, որտեղ գրված էր. «Քանի որ քննություն է տարվում հարուցված գործի շրջանակներում, ես ձեռնպահ եմ մնում հոդվածում նշված «փաստերից» մի քանիսի մասին պարզաբանում տալուց, սակայն հարկ եմ համարում նշել, որ իմ անունից նախարարության որոշ պաշտոնյաների մասին լրագրողի գրածը նրա երեւակայության արդյունքն է: Նախարարության աշխատակազմի ղեկավարի հետ իմ հարաբերությունները բացարձակապես աշխատանքային են, որեւէ հովանավորության մասին խոսք լինել չի կարող: Ինչ վերաբերում է պարոն Գրիգորյանին գումարներ տալուն, նախարարի տեղակալ Ջ. Բաղդասարյանի, հաշմանդամների վարչության պետ Արթուր Կեսոյանի մասին իբր նախաքննության ժամանակ իմ տված ցուցմունքներին, ապա դա պարզապես հերյուրանք է: Ես որեւէ պաշտոնյայի մասին նման հայտարարություն կամ ցուցմունք չէի կարող տալ, քանի որ նման բաներ իրականում չեն եղել»:



 



Մեզ հետ զրույցում տնօրենը չհերքեց իր եւ ՀՀԿ կազմբաժնի պետ Ռուբեն Թադեւոսյանի միջեւ ազգակցական կապը, սակայն ասաց, որ  Թադեւոսյանն իրեն չի հովանավորել, ինքն էլ նրան չի խնդրել իրեն կալանքից ազատել: Նաեւ ասաց, որ սրտի հետ կապված խնդիրների պատճառով ազատվել է կալանքից եւ հիվանդանոց պառկել: «Հենց հիմա էլ ստացիոնար բուժման մեջ եմ»: Իսկ հարցին, թե ինչպես եղավ, որ հիվանդներից հովիվներ էր ուզում ստանալ, պատասխանեց, որ նպատակը նրանց աշխատանքով բուժելն էր, եւ դա նրանց կամքին հակառակ չի եղել: