Նախախորհրդարանի համակարգող է ընտրվել Գարեգին Չուգասզյանը

Նախախորհրդարանի համակարգող է ընտրվել Գարեգին Չուգասզյանը
Տեղեկացրել ենք, որ մոտ երեք տասնյակ մտավորական նախաձեռնել են ազգային նպատակների եւ խնդիրների առաջադրմանն ու իրականացմանն ունակ կառավարման համակարգ ունեցող պետության հիմնադրման քաղաքական գործընթաց: Այս նոր քաղաքական գործընթացի նախաձեռնող խումբը, որպես Հայաստանի մտահոգ քաղաքացիների ազատ, բաց եւ ընկերային ժողով, իրեն հռչակում է ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆ:



 



Այսօր «Նախախորհրդարան» նախաձեռնությունը նոր հայտարարություն է տարածել:



 



 



«Նախախորհրդարան» նախաձեռնության ստեղծման վերաբերյալ նոյեմբերի 15-ի հայտարարությունից 5 օր անցՙ նոյեմբերի 20-ին, Նախախորհրդարանի հերթական նիստում հաստատվեցին վերջինիս նպատակներն ու խնդիրները սահմանող եւ նրա գործունեությունը կարգավորող «Նախախորհրդարանի ծրագրային հիմնադրույթները եւ Կանոնակարգը»:



 



Համաձայն այդ փաստաթղթիՙ «Նախախորհրդարանի նպատակն է՝ ապահովել ազգային նպատակներ ու խնդիրներ առաջադրելու եւ իրականացնելու ունակ կառավարման համակարգ ունեցող պետության (այսուհետ՝ Կառավարման նոր համակարգով պետություն) ձեւավորման գործընթացի մեկնարկը»: Նշված նպատակին հասնելու համար Նախախորհրդարանը լուծում է հետեւյալ խնդիրները՝



 



1. Կառավարման նոր համակարգով պետության ձեւավորման եւ զարգացման ռազմավարական հայեցակարգի նախագծի մշակում եւ ընդունում (նախագիծը մշակելու են դրա ընդհանուր դրույթների եւ ոլորտային բաժինների պատասխանատուների համակարգմամբ գործող աշխատանքային խմբերը, որոնցում ներգրավվելու են նաեւ համապատասխան փորձագետներ ու խորհրդականներ),



 



2. Կառավարման նոր համակարգով պետության ձեւավորման Հռչակագրի նախագծի մշակում եւ ընդունում,



 



3. Կառավարման նոր համակարգով պետության ձեւավորման նպատակով քաղաքացու հետ կնքվելիք պայմանագրի նախագծի մշակում եւ ընդունում,



 



4. Կառավարման նոր համակարգով պետության ձեւավորման նպատակով կազմավորվելիք Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածուների ընտրազատման չափանիշների, ինչպես նաեւ ընտրության կարգի մշկում եւ հաստատում,



 



5. Հիմնադիր խորհրդարանի Ընտրական հանձնաժողովի ընտրություն,



 



6. Հիմնադիր խորհրդարանի կազմավորում,



 



7. «Այլընտրանքային իշխանության ձեւավորման ինտելեկտուալ ճակատ»-ի ստեղծում, որը բաղկացած կլինի Նախախորհրդարանի անդամներից եւ դրա ոլորտային աշխատանքային խմբերի փորձագետներից ու խորհրդականներից, ինչպես նաեւ վերը նշված նախագծերի հանրային քննարկումների գործուն մասնակիցներից:



 



Նախախորհրդարանի Համակարգող ընտրվեց Գարեգին Չուգասզյանը, Համակարգողի տեղակալ՝ Սյուզան Սիմոնյանը:



 



Նախախորհրդարանը հաստատեց նաեւ Քարտուղարության կազմը եւ ըստ վերը նշված Ռազմավարական հայեցակարգի նախագծի կառուցվածքի (Ընդհանուր դրույթներ ու Անվտանգության,  պաշտպանության եւ ներքին գործերի, Արտաքին հարաբերությունների, Բնապահպանության, Գիտության եւ կրթության, Դատաիրավական, Համազգային հարցերի, Պետական կառավարման, Մշակույթի, Սոցիալական, Ֆինանսատնտեսական եւ Տեղեկատվական (մեդիական) ոլորտային բաժիններ) սահմանեց իր գործունեության ուղղությունները, ընտրեց համապատասխան ոլորտային աշխատանքային խմբերի պատասխանատուներին ու ձեւավորեց դրանց կազմը:



 



Նախախորհրդարանի գործունեության հանրային իրազեկումն իրականացվելու է Համակարգողի, Համակարգողի տեղակալի եւ Քարտուղարության միջոցով:



 



Նախախորհրդարանի Քարտուղարություն