Վարդան Ղուկասյանի նկատմամբ մեղմացում է նկատվում

Վարդան Ղուկասյանի նկատմամբ մեղմացում է նկատվում
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հրաժեշտ տվեց իր պաշտոնին՝ նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանին թողնելով 1 մլրդ 200 մլն դրամի պարտք: Պարզվում է՝ 2006-2011 թթ. ընթացքում Գյումրիի բնակիչներից եւ կազմակերպություններից աղբահանության դիմաց հավաքագրված գումարների մի մասն էլ համայնքային բյուջե չի մուտքագրվել:



 



ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնից Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին նամակ է եկել, ըստ որի՝ Գյումրիի քաղաքապետարանի բյուջեի եւ եկամուտների հաշվառման բաժնի աշխատակիցները, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, 2006-2011 թվականների ընթացքում Գյումրիի բնակիչների եւ կազմակերպությունների հետ աղբահանության վերաբերյալ կնքված պայմանագրերում կեղծիքներ են կատարել: Աղբահանության դիմաց հավաքագրված գումարները պակաս են ցույց տվել եւ հավաքագրված գումարների տարբերությունը համայնքի բյուջե չեն մուտքագրել, յուրացրել են՝ համայնքին պատճառելով խոշոր չափի նյութական վնաս: Քննչականը խնդրել է քաղաքապետարանից իրեն տրամադրել 2006-2011թթ. ժամանակահատվածում Գյումրիի աղբահանության ծառայության մատուցման պայմանագրերը եւ այլ տվյալներ:



 



Նախապես տեղեկացել էինք, որ Գյումրիի ավագանին ուզում է ֆինանսատնտեսական աուդիտ իրականացնել քաղաքապետարանում 2011-2012 թթ. ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ, եւ այդ հարցը պետք է քննարկվի նոյեմբերի 22-ին կայանալիք ավագանու նիստում: Սակայն երեկ, զարմանալիորեն, հարցը հանվեց օրակարգից: Ավագանու անդամներից միայն Լեւոն Բարսեղյանը դեմ քվեարկեց, որ հարցը հանվի օրակարգից, իսկ ավագանու մյուս անդամները՝ 20 հոգի, կողմ քվեարկեցին: Ընդհանրապես քննարկվող հարցերի շուրջ առաջարկություններ եւ դիտողություններ ներկայացնում էր ավագանու անդամներից միայն Լեւոն Բարսեղյանը, ուստի Ս. Բալասանյանի այն պնդումը, թե ինքն ամեն ինչ կանի ավագանու ինստիտուտը Գյումրիում կայացնելու համար, կարելի է ասել՝ չի համապատասխանում իրականությանը:



 



Չի բացառվում, որ հրահանգը ստացվել է Երեւանից, որտեղ որոշել են, որ հարցն առայժմ չպետք է քննարկվի:  Եվ սա թերեւս պայմանավորված է Վարդան Ղուկասյանի նկատմամբ վերաբերմունքով, քանի որ այդ չարաշահումներն առանց նրա գիտության չէին կարող կատարվել: Ս. Բալասանյանը հարցն օրակարգից հանելը հիմնավորեց նրանով, որ ֆինանսների նախարարության վերահսկողական տեսչությունն արդեն 5 օր է՝ ստուգումներ է անցկացնում իրենց մոտ: Մեկը քաղաքացու դիմումի հիման վրա է, հարուցվել է քրեական գործ, եւ երկրորդը պլանային ստուգում է: «Եթե հիմա աուդիտորական անկախ կազմակերպություն հրավիրենք այստեղ, նույնիսկ տեղ չեն ունենա նստելու»,- ասաց քաղաքապետը:



 



Անահիտ ՍԻՄՈՆՅԱՆ