«Ժառանգությունից» ստե՞լ են

«Ժառանգությունից» ստե՞լ են
Վերջերս «Ժառանգություն»-«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների պատգամավոր տիկնանց լեզվակռվի արդյունքում հայտնի դարձավ ուշագրավ մի փաստ, որ «Ժառանգություն» կուսակցության պաշտոնական տեսակետը կուսակցությունից ընդամենը չորս անձ կարող է ներկայացնել: Նրանք են՝ կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, իսկ արտաքին քաղաքական հարցերով՝ նաեւ Ստեփան Սաֆարյանը:



 



Սա ուշագրավ է նրանով, որ ցանկից դուրս է մնում խորհրդարանական խմբակցության ղեկավարը՝ Ռուբեն Հակոբյանը: Փաստորեն, երկրի օրենսդիր կառույցում «Ժառանգության» ղեկավարությունը ներկայացրել է առավել «անպատասխանատու» մարդկանց, քան, օրինակ, վերը նշվածներն են, քանի որ անգամ ֆրակցիայի ղեկավարին վերապահված չէ կուսակցության տեսակետը ներկայացնել: Այս պարագայում այլեւս պետք չէ զարմանալ «Ազատ դեմոկրատների» մասով արված հայտարարություններից: Հիշեցնենք, որ «Ժառանգությունը» Խաչատուր Քոքոբելյանի ու Ալիկ Արզումանյանի մասով հայտարարեց, որ նրանք չեն ներկայացնում «Ժառանգություն» կուսակցությունը, եւ փորձում է ետ կանչել ԱԺ հանձնաժողովների կազմից:



 



Ստացվում է, որ «Ժառանգության» ցանկացած անդամ իրավասու է միայն արտահայտել իր անձնական տեսակետը: Մեր տեղեկություններով, այս որոշումն առաջին հերթին ուղղված է Զարուհի Փոստանջյանի եւ Ռուբեն Հակոբյանի դեմ, առիթն էլ այն է եղել, որ ԲՀԿ-«Ժառանգություն» հանդիպումից հետո  «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, թե Գագիկ Ծառուկյանը նույնպես ֆեոդալ է: Նրան հարցրել են, թե այդ դեպքում ինչո՞ւ եք բանակցում ԲՀԿ-ի հետ: «Տիկինը թակել էր մեր դուռը, ինչ է, չբացեի՞նք»,- պատասխանել էր Զարուհի Փոստանջյանը «168 ժամ»-ի հետ զրույցում՝ նկատի ունենալով ԲՀԿ բանագնաց, խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին, քանի որ հենց նա էր գնացել այդ հանդիպմանը: Հավանաբար, կոնսուլտացիաները չտապալելու եւ ԲՀԿ-ի հետ հարաբերությունները վերջնականապես չփչացնելու համար էլ «Ժառանգությունը» ստիպված էր առանձնացնել չորս անձի եւ նրանց վերապահել կուսակցության կարծիքը տարածողի դերակատարումը:



 



Երեկ մենք հետաքրքրվեցինք կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից՝ սա նո՞ր մոտեցում է «Ժառանգությունում»: Փոխնախագահը հայտնեց, որ դա է պահանջում կուսակցության կանոնադրությունը, որը հաստատվել է կուսակցության համագումարի ժամանակ. «Այդպես է եղել, երբ ես էի խորհրդարանի խմբակցության ղեկավար: Իհարկե, բոլորը կարող են իրենց որոշումն ազատ արտահայտել, բայց պաշտոնական տեսակետը, մանավանդ որ կուսակցության վարչության կողմից որոշում չկա կայացրած, եւ շտապ մեկնաբանություն է պետք, ապա միայն այդ մարդիկ կարող են պաշտոնական տեսակետ հայտնել»: Մարտիրոսյանը հավելեց նաեւ, որ «խորհրդարանական խմբակցությունը կարեւորագույն օղակն է կուսակցության, բայց կանոնադրությունը դա է պահանջում»:



 



«Մեր տարածքային կառույցներն էլ են շատ լուրջ կառույցներ, բայց դրանք չեն կարող խորհրդարանական խմբակցության անունից հայտարարություն անել»,- հակադարձեց մեր դիտարկմանը, թե անհասկանալի է, այնուամենայնիվ ինչո՞ւ է խորհրդարանական խմբակցության ղեկավարը դուրս մղվել այդ պատասխանատվության դաշտից: «Մեր կանոնադրությունը դրված է, հունիսի 2-ին ընտրված վարչությունը դրա մասին հայտարարություն է արել»: Սակայն «Ժառանգություն» կուսակցության կանոնադրության մեջ մեզ այդպես էլ չհաջողվեց գտնել այն կետը, որով նման պարտավորություններ եւ սահմանափակումներ են նախատեսվում: Երկար փնտրտուքից հետո նույն Մարտիրոսյանի աջակցությանը դիմեցիք: Վերջինս, մեր երկրորդ զանգից բավականին վրդովված, հայտարարեց, որ իր ասելիքն այլեւս վերջացած է, եւ կարող ենք գրել, որ ինքը հրաժարվել է մեզ օգնել:



 



Օգնություն խնդրեցինք մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանից, ով նույնպես հրաժարվեց, ասաց, որ զբաղված է, իսկ մեր հարցից հետո կրկին վրդովվեց եւ հայտնեց, որ չի ուզում այդ մասին խոսել: Զարուհի Փոստանջյանին հարցրինք՝ Ձեզ նախկինում հայտնի՞ էր, որ այդպիսի իրավունք չունեք, եւ կուսակցության կանոնակարգը նման դրույթ ունի: Փոստանջյանը նույնպես հրաժարվեց զրուցել այդ թեմայով՝ «առաջարկելով հարցերն ուղղել նրանց, ովքեր հայտարարել են այդ մասին»: «Ես միայն օգտվել եմ սահմանադրական իմ իրավունքից եւ կարծիք եմ հայտնել»,- նկատեց Փոստանջյանը: Մնում է պարզել, թե կուսակցությունը քանի կանոնակարգ ունի, եւ նրա չգրված կետերն ուրիշ ինչ անակնկալներ են պարունակում: