Սերժ Սարգսյանը կմեկնի Լիբանան

Սերժ Սարգսյանը կմեկնի Լիբանան
Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 26-28-ը պաշտոնական այցով կմեկնի Լիբանան:  Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը մի շարք հանդիպումներ կունենա Լիբանանի բարձրագույն ղեկավարության՝ երկրի նախագահ Միշել Սուլեյմանի, Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բերրիի, ընդլայնված հանդիպում՝ երկրի խորհրդարանականների, վարչապետ Նաջիբ Միկաթիի հետ:

Հայաստանի նախագահը կհանդիպի նաեւ լիբանանահայ համայնքի ներկայացուցիչներին:

Այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը կայցելի Անթիլիաս, հանդիպում կունենա Մեծի Տանն Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսի հետ:

Նախագահը կայցելի Հայկազյան համալսարան, որտեղ կհանդիպի Լիբանանի չորս առաջատար համալսարանների պրոֆեսորադասախոսական անձնակազմի, միջազգայանագետ ուսանողների հետ:

Լիբանանում Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաեւ Մերձավոր Արեւելքի Հայ ավետարանական եկեղեցիների նախագահ Մկրտիչ Կարագյոզյանի հետ, կայցելի Զմմառ, հանդիպում կունենա Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս, պատրիարք Ներսես Պետրոս 19-րդի հետ, կմասնակցի «Ուրբաթագրքի» տպագրության 500-ամյակի առիթով մշակութային կենտրոնի եւ Մատենադարանի նորոգված հարկաբաժնի բացմանը, այնուհետ կայցելի ձեռագրերի եւ հնատիպ գրքերի ցուցահանդես:

Նախագահի պաշտոնական այցի ընթացքում նախատեսված է նաեւ տարբեր ոլորտներում Հայաստանի եւ Լիբանանի միջեւ համագործակցության ամրապնդմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն: