Խոսրովի արգելոցի ծրագրերի ֆինանսավորումը կդադարեցվի՞

Խոսրովի արգելոցի ծրագրերի ֆինանսավորումը կդադարեցվի՞
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթի շուրջ աղմուկը մեծանում է նոր մանրամասներով:  Ինչպես հայտնում է «Էկոլուրը»,  նոյեմբերի 20-ին` տնօրենի մրցույթի նախօրեին, Էկոլոգիական հասարակական դաշինքը (մոտ 50 կազմակերպություն) պաշտոնական նամակով դիմեց Բնապահպանության նախարարություն` պահանջելով հրապարակել թեկնածուների կենսագրությունները: Բանն այն է, որ խոսակցություններ կան, որ թեկնածու Գաբրիել Պողոսյանը մասնագիտական համապատասխան կրթություն եւ պատրաստվածություն չունի: Հասարակայնությանը նաեւ անհանգստացնում են այն լուրերը, որ նա կապեր ունի որսագողերի հետ: Ցավոք, Դաշինքի դիմումին նախարարությունը չարձագանքեց, եւ Գաբրիել Պողոսյանի կենսագրությունը մնաց գաղտնիք հասարակայնության համար: Մամուլին հասանելի դարձան միայն որոշ տեղեկություններ, որոնց մասին նոյեմբերի 23-ի մրցույթի ժամանակ հայտնեց հենց Գաբրել Պողոսյանը: «Ես ավարտել եմ Ռոստովի պետական համալսարանի ինստիտուտը»,- ասաց Գ. Պողոսյանը:



«Էկոլուրը» գրում է, որ դաշինքը դիմել է նաեւ բնապահպանական միջազգային հիմնադրամներ CNF-ին եւ WWF-ին, որոնք աջակցություն են ցուցաբերում Խոսրովի արգելոցին: Նրանք նույնպես իրենց անհանգստությունն են հայտնել վերջին իրադարձությունների կապակցությամբ: Հարց է մնում` արդյոք միջազգային կազմակերպությունները կշարունակեն, թե կդադարեցնեն Խոսրովի արգելոցի ծրագրերի ֆինանսավորումը` հաշվի առնելով ստեղծված իրավիճակը: